Սոցիալիստական ինտերնացիոնալն իր վրդովմունքն ու խոր մտահոգութիւնն է արտայայտում փետրուարի 5-ին Բաքուի ռազմական դատարանի կողմից յայտարարուած որոշման կապակցութեամբ՝ Ադրբեջանի տարածքում դեռեւս պահուող եւ նախկին Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան համատեքստում ձերբակալուած 19 հայ կալանաւորներից 15 -ի նկատմամբ երկարատեւ ազատազրկման պատիժների նշանակման վերաբերեալ։
Այս վճիռը, որը ներառում է հինգ ցմահ ազատազրկման դատաւճիռ, հակասում է խաղաղութեան եւ հաշտեցմանն ուղղուած ջանքերի ոգուն։
Մենք արձանագրում ենք այն փաստը, որ ադրբեջանական ղեկավարութիւնը, ստորագրելով Վաշինգտօնի հռչակագիրը, կատարել է կարեւոր քայլ՝ առաջին անգամ տասնամեակների ընթացքում թոյլ տալով բեռների տարանցումը իր տարածքից դէպի Հայաստան։ 2026 թուականի յունուարին ազատ են արձակուել չորս հայեր, որոնք Ադրբեջանում կրում էին ազատազրկման պատիժներ՝ 2020 եւ 2023 թուականներին ձերբակալուելուց յետոյ։
Այս ոգով, միացնելով մեր ձայնը միջազգային այլ կառոյցների ձայնին՝ մենք դիմում ենք ադրբեջանական իշխանութիւններին՝ առաջիկայում զարգացնելու ներկայիս դրական դինամիկան եւ ազատ արձակելու Ադրբեջանի հսկողութեան տակ գտնուող բոլոր հայ կալանաւորներին։ Նման քայլը կը հանդիսանայ բարի կամքի նշանակալի դրսեւորում եւ էապէս կնպաստի կայունութեանը Հարաւային Կովկասում։
Սոցիալիստական ինտերնացիոնալը միջազգային կազմակերպութիւն է, որը միաւորում է սոցիալ-դէմոկրատական, սոցիալիստական եւ աշխատաւորական կուսակցութիւններ։ Այն միաւորում է 132 քաղաքական կուսակցութիւններ եւ կազմակերպութիւններ աւելի քան 100 երկրներից՝ բոլոր մայրցամաքներից։ ՀՅ Դաշնակցութեան համապատասխան կառոյցները լիիրաւ անդամներ են Սոցիալիստ ինտերնացիոնալ կանանց (SIW) եւ Սոցիալիստ երիտասարդութեան համաշխարհային միութեան (IUSY) մէջ։
