Լռութեան գինը

Լռութեան գինը

Փետրուարի 5-ին հրապարակուեցին Բաքուի կողմից պատանդառուած Արցախի ռազմական եւ քաղաքական ղեկավարների, հայ գերիների դէմ շինծու մեղադրանքների գործով «դատաւճիռները»։

Անշուշտ, նման վճիռները բոլորովին անսպասել չէին, սակայն պէտք է արձանագրենք, որ Բաքուի «դատարանների» որոշումները ոչ միայն իրաւական որեւէ արժէք չունեն, այլեւ հերթական անգամ հաստատում են, որ գործ ունենք քաղաքական հաշուեյարդարի եւ վրէժխնդրութեան համակարգուած քաղաքականութեան հետ։

Բոլորովին պատահական չէ, որ հէնց այս օրերին, արդէն 5 տարի ժողովրդի խաղաղութիւնը խլած Փաշինեանն՝ արժանանում է խաղաղութեան մրցանակի, թուացեալ խաղաղութեան համար։ Ժամանակային այս համընկնումը պարզապէս զուգադիպութիւն չէ․ այլ խորդանշական եւ ցաւալի։

Մի կողմում Արցախի ընտրուած ղեկավարներն են, որոնք տարիներ շարունակ պաշտպանել են իրենց ժողովրդի անվտանգութիւնն ու ինքնորոշման իրաւունքը եւ այսօր կանգնած են շինծու մեղադրանքների առաջ՝ ադրբեջանական բանտերում։

Միւս կողմում՝ Հայաստանի իշխանութեան ղեկավարը, ով պարգեւատրւում է այն քաղաքականութեան համար, որի հետեւանքով Արցախը դատարկուեց, իսկ նրա ղեկավարները դարձան պատանդներ։

«Զայեդ» մրցանակը ներկայացւում է որպէս խաղաղարար ջանքերի գնահատում։ Սակայն ի՞նչ խաղաղութեան մասին է խօսքը, երբ այդ «խաղաղութեան» գինը Արցախի կորուստն է, հազարաւոր զոհերը, ժողովրդի տեղահանութիւնը եւ ազգային արժանապատուութեան ոտնահարումը։ Առանց արդարութեան իրաւունքների վերականգման՝ խաղաղութիւնը չի կարող լինել իրական։

Բաքուի շինծու դատավարութիւնները պէտք է դառնան ոչ թէ յուսահատութեան, այլ պայքարի ազդակ։ Որքան էլ փորձեն լռեցնել՝ մինչ մեր հայրենակիցները կանգնած են թշնամու դատարանների առաջ եւ Արցախի ժողովուրդը զրկուած է իր Հայրենիքից, եւ խաթարուած է մեր ազգային կեանքը՝ մենք լռելու իրաւունք չունենք։

Պայքարը հայ պատանդների ազատութեան, Արցախ վերադարձի եւ ազգային արժանապատուութեան համար պէտք է լինի՝ հաստատակամ եւ անդադար։

«Ապառաժ»-ի խմբագրական

Share