Եղիսաբեթ Չուլջեանի հարցազրոյցը «Փաստինֆո»-ին

Եղիսաբեթ Չուլջեանի հարցազրոյցը «Փաստինֆո»-ին


Սփիւռքն առաջ է մղում ազգային նշանակութեան հարցերը

Հայ դատը շարունակում է աջակցել ԱՄՆ-ի իշխանութիւնների կողմից այնպիսի բանաձեւերի ընդունմանը, որոնք ուղղուած են Հայաստանի անվտանգութեան պաշտպանութեանը եւ Ադրբեջանից հաշուետուութիւն պահանջելուն՝ իրականացուած ցեղասպանական գործողութիւնների համար։

«Հայաստանում խաղաղութիւնը կարող է լինել միայն արդարութեան վրայ։ Եթէ դիմացդ երկիր է, որը շարունակում է ցեղասպանական գործողութիւնները, շարունակում է Երեւանը ադրբեջանական յայտարարել, շարունակում է զօրք պահել Հայաստանի տարածքներում, ապա երկարատեւ խաղաղութիւնն անկարելի է»,- «Փաստինֆո»-ի հետ զրոյցում նշել է ԱՄՆ Հայ դատի յանձնախմբի մամուլի խօսնակ Եղիսաբեթ Չուլջեանը։

Նրա փոխանցմամբ՝ մեծ աշխատանք է տարւում ռազմագերիների ազատ արձակման ուղղութեամբ, ինչպէս նաեւ Արցախի ժողովրդի վերադարձի իրաւունքի պաշտպանութեան համար։

ԱՄՆ-ի իշխանութիւնների քննարկմանը ներկայացուող բանաձեւերը նպատակ ունեն՝ կանխել ամերիկեան ռազմական օժանդակութիւնը Ադրբեջանին, կենտրոնանալ ռազմագերիների վերադարձի վրայ, պաշտպանել Արցախի ժողովրդի վերադարձի իրաւունքը, բարձրացնել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների հարցը։

«Այս բանաձեւերը զօրակցութիւն ունեն թէ՛ դէմոկրատ, թէ՛ հանրապետական կոնգրէսականների կողմից»,- ասել է խօսնակը։

Մասնաւորապէս՝ անցեալ տարուայ օգոստոսին աւելի քան 80 կոնգրէսականներ նամակ են յղել Սպիտակ տանը՝ նշելով, որ ռազմագերիների հարցը պէտք է առանցքային դեր խաղայ ԱՄՆ-Ադրբեջան յարաբերութիւններում։

«Սպիտակ տունը պատասխան նամակով հանմաձայնել է, որ հայ ռազմագերիների ազատման հարցը առաջնահերթութիւն է, ինչպէս նաեւ Արցախի ժողովրդի վերադարձի հարցը շարունակուող բանակցութիւնների շրջանակում իրենք անհրաժեշտաբար առաջ են մղելու։ Մենք դա համարում ենք դրական քայլ, բայց աշխատանքը շարունակւում է»,- ընդգծել է Չուլջեանը։

Նրա խօսքով՝ այս պահին Կոնգրեսում շրջանառութեան մէջ գտնուող հիմնական աշխատանքը կենտրոնացած է երեք բանաձեւերի շուրջ՝ Հայաստանի անվտանգութեան ապահւում եւ Ադրբեջանի ագրեսիայի կանխում Արցախի ժողովրդի վերադարձի իրաւունքի պաշտպանութիւն 907-րդ բանաձեւի ուժեղացում՝ Ադրբեջանին ռազմական օգնութիւնը սահմանափակելու համար:

Բացի այդ, քննարկւում է նաեւ մէկ այլ նախաձեռնութիւն՝ կապուած Հայոց ցեղասպանութեան թեմայի դասաւանդման հետ։

«Յաջորդ շաբաթների ընթացքում մեր աշխատանքը էլ աւելի կընդլայնուի»,- եզրափակել է Հայ դատի յանձնախմբի մամուլի խօսնակը։

«Փաստինֆո»-ի հարցին, թէ որքանով է բարդացել վերջին տարիներին Հայ դատի հաձնախմբի աշխատանքը եւ արդյօք ճիշտ է, որ կայ ծաւալուած արշաւ Հայ դատի յանձնախմբի դէմ, Չոուլջեանն ասաց, որ արշաւ միշտ էլ եղել է, վերջին տարիներին առաւել շատ ՝ ընդգծելով, որ առաջիկայ ամիսներին սպասւում է Հայ դատի դէմ յարձակումների եւ քարոզչական արշաւների ակտիւացում։

«Հայաստանում ընտրութիւնները մօտենում են, կը փորձեն հարուածել Դաշնակցութեանը, եւ դրա հետ մէկտեղ՝ Հայ դատի յանձնախմբի դէմ արշաւը կուժեղանայ։ Բայց մենք շատ յստակ բացատրում ենք, թէ ինչ խնդիրներ ենք տեսնում Հայաստանի ու Ադրբեջանի շուրջ ծաւալուած այդ խաղաղութեան օրակարգի շուրջ եւ, թէ ինչու ենք մտահոգուած ու որքան էլ դժուարացած լինի գործելն աշխատանքները շարունակւում են »,- նշել է նա։

Share