Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրապարակաւ իր դժգոհութիւնն է յայտնել COP29-ի հետ կապւած՝ ասելով. «Մեր այս մէկ տարւայ նախապատրաստական աշխատանքների ընթացքում բազմիցս զղջացել եմ, որ մտանք այդ արկածախնդրութեան մէջ, որովհետեւ իրականում քննադատութիւնը եւ որոշ լրատւամիջոցներում ագրեսիայի մակարդակն այնքան բարձր էր, որ գրեթէ յուսահատեցրեց մեզ»։
Ալիեւի այս խոստովանութեանն անդրադարձել է Հայ Դատի ԱՄՆ գրասենեակի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը՝ վերահաստատելով Հայ Դատի յանձնախմբերի ու գրասենեակների յաջողւած արշաւն ընդդէմ Բաքւում կայացած «COP29 բնապահպանական գագաթնաժողովին»։
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրապարակաւ դժգոհում է Հայ Դատի ազգային կոմիտէների կողմից իրականացւած ու յաջողւած համաշխարհային արշաւից՝ Ադրբեջանի կողմից էթնիկ զտումները, օդի ախտոտւածութիւնը, իրաւունքների խախտումներն ու կրօնական ազատութեան վրայ յարձակումները լուսաբանելու համար»,-գրել է Արամ Համբարեանը։
Յիշեցնենք, որ 2024 թւականին Ադրբեջանում կայացել էր COP29-ը` ՄԱԿ-ի կլիմայական փոփոխութիւների շրջանակային կոնւենցիայի 29-րդ համաժողովը, որին նախորդած շրջանում Հայ Դատի գրասենեակներն ու ազգային յանձնախմբերն ակտիւ հակաքարոզչական աշխատանքներ են իրականացրել աշխարհի բոլոր երկրներում։ Արդիւնքում՝ մեծ թւով երկրներ հրաժարւել են նախագահական մակարդակով ներկայութիւն ապահովել Բաքւում։ Այս մասին յայտնում է Yerkir.am-ը:
