Վահէ Հովհաննիսեան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Ընտրութիւններին ընդառաջ արտաքին կոպիտ, անթոյլատրելի ազդեցութիւնը նուազեցնելու եւ երկիրը սահուն փոփոխութիւնների տանելու համար անհրաժեշտ է պատկերացումների, քայլերի, պայմանների եւ շեշտադրումների մի ամբողջութիւն.
- Ժողւուրդը քուէարկութեան մատէրիալ չէ։ Ժողովրդին պէտք է ընտրութիւն առաջարկել։ Կայ խնդիր. հաւաքական ընտրողն այս պահին չի ընկալում, թէ ինչերի միջեւ է իրեն ընտրութիւնսպասւում։
- Յաջողութիւնը մեծապէս կախուած է ոչ այնքան նրանից, թէ ովքեր կառաջադրուեն, այլ՝ թէ ովքեր ԿԸՆՏՐԵՆ։ Նախքան քուէարկութեան օրը պէտք է ձեւաւորել մօտիւացուած հասարակութիւն։
- Առաջիկայ ԱԺ ընտրութիւնները բացառապէս ներհայաստանեան ընտրութիւններ են։ Սա լինելու է ընտրութիւն՝ Հայաստանի ներքին կեանքի մասին. ապրել այսօրուայ այլանդակ իրականութեան մե՞ջ, թե՞ ընտրել նորմալ, մարդավայել բարքեր։ Սա պէտք է հասկանալ ու բացատրել։
- Ներքին համերաշխութիւնն այլընտրանք չունի։ Ներհայաստանեան համերաշխութիւն, ներհայկական համերաշխութիւն Սա հէնց այն է, ինչի դէմ ամբողջ թափով պայքարում են գործող իշխանութիւնները։ Նրանք լաւ գիտէն, որ միայն պառակտուած հանրութեան պարագայում իրենք կարող են յաջողել։
- Նոր էլիտան «հակապարտութիւն» էլիտան է, այն պէտք է այդպէս դիրքաւորուի եւ ձեւաւորի ՉՊԱՐՏՈՒԹՅԱՆ մթնոլորտ՝ հետպատերազմեան վերականգնման առաքելութեամբ։
- Մինչեւ ընտրութեան օրը կարելի է քննարկել յաջորդ իշխանութեան միայն առաքելութիւնը, եւ ոչ երբեք՝ կազմը։ Հակառակ պարագայում լինելու է սովորական, ծանօթ գզվռտոցը եւ հանրային հիասթափութիւնների շքերթ, որից որեւէ դրական արդիւնք ծնուել չի կարող։
- Հակաիշխանական համակարգերում պէտք է վերջապէս վեր կանգնել մերկանտիլ շահերից ու պատկերացումներից՝ բամբասանք, ինտրիգներ, ի սկզբանէ սխալ հաշուարկներ։
- Հաշուի առնել բոլոր սոցիալական խաւերին՝ իրենց խնդիրներով։ Հայաստանում կան ոչ ստանդարտ «սոցիալական խաւեր» որոնց հետ աշխատանքը պահանջում է ճիշտ, գրագէտ բանաձեւեր։
- Հաշուի առնել բոլոր սերունդների առանձնայատկութիւնները։
- Չանել կոպիտ բովանդակային սխալներ։ Գրագէտ բանաձեւերի դէպքում եւ´ ներսում կը լինի ընկալում, եւ´ տարածաշրջանում։
- Եկեղեցու պաշտպանութիւնը միայն եկեղեցու խնդիրը չէ։ Եկեղեցու վրայ գործադիր իշխանութեան յարձակման պայմաններում աշխարհիկ կառոյցները եւ լայն հասարակութիւնը պէտք է աւելի ակտիւ ու յստակ ներգրաւուէն եկեղեցու պաշտպանութեան գործին։
- Չկարծել, թէ հնարաւոր է սեպարատ պայմանաւորուել իշխանութեան հետ։ Որեւէ պայմանաւորուածութիւն չի պահուելու, եւ հաշուարկները պէտք չէ դրա վրայ կառուցել։
- Հայաստանի ապագան որոշւում է Հայաստանում։ Ոչ մի այլ երկրի մայրաքաղաքում մեր փոխարէն ընտրութիւն չէն անելու։
- Սա ընտրութիւն չէ՝ խաղաղութեան եւ պատերազմի միջեւ։ Սա ընտրութիւն է՝ այսօրուայ «չպատերազմ» վիճակի յետագայ ճիշտ մենեջմենթի, կառավարման մասին։
- Առաջիկայ ընտրութիւնը Հայաստանում ապրելու մեր հնարաւորութեան մասին է։
- Մինչեւ 2018-ի մասին անկեղծ խօսելը, սխալները ընդունելը մեծացնում է 2018-ից յետոյ բացուած այլանդակ էջը փակելու հնարաւորութիւնը։
- Կազմել ճիշտ թիմեր, միաւորումներ, դաշինքներ։ «Ցուցակ կազմողները» պարտաւոր են վեր կանգնել կլանային կամ շքախմբային տրամաբանութիւնից։ Հանրային սկզբունքային պայքարող շերտը պարտաւոր է մի կողմ չքաշուել ընտրական պրոցեսից։ Պետք է ընտրել առաւել հոգեհարազատ միաւորները եւ մտնել ընտրական պրոցեսի մէջ։
- Կտրականապէս խուսափել արհեստական նախըտրական լուծումներից, որոնք առաջին հայեացքից շահեկան են թւում, սակայն խորքային առումով սխալ են (նման գայթակղութիւն ծագում է մէկի տապալած գործը միւսի յաջողութեամբ քօղարկելու մօտիւացիայից)։
- Ապագայ իշխանութեան առաջնահերթ անելիքների մասին պէտք է լինի առաւելագոյն յստակութիւն։ Այդ քայլերը պէտք է հասկանալի լինէն ընտրողին։
