Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արայ Զոհրաբեանը մեկնաբանել է Գեւորգ եպիսկոպոս Սարոյեանի հայցը, որով նա վիճարկում է Մասեացոտնի թեմի թեմակալ առաջնորդի պաշտօնից ազատելու վերաբերեալ Գարեգին Բ-ի տնօրինութիւնը:
Զոհրաբեանի խօսքով՝ Հայրապետի տնօրինութիւնը չի կարող դատական վերահսկողութեան առարկայ դառնալ:

«Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրութեան 61-րդ յօդուածի համաձայն՝ Թեմակալ Առաջնորդը նշանակւում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից եւ հանդիսանում է նրա ներկայացուցիչը: Անհրաժեշտութեան պարագային Վեհափառ Հայրապետը կարող է պաշտօնից ետ կանչել Թեմակալ Առաջնորդին:
Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան 18-րդ յօդուածի, «Հայաստանի Հանրապետութեան եւ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու յարաբերութիւնների մասին» օրէնքի 2-րդ յօդուածի, «Խղճի ազատութեան եւ կրօնական կազմակերպութիւնների մասին» օրէնքի 17-րդ յօդուածի կանոնակարգումներից հետեւում է, որ՝
– Հայաստանի Հանրապետութիւնը ճանաչում է Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նուիրապետութեան սահմաններում․
– պետութիւնը չի կարող միջամտել եկեղեցու օրէնքին համապատասխանող գործունէութեանը եւ ներքին կեանքին:
Եկեղեցու ինքնակառավարման հարցերով Մարդու իրաւունքների եւրոպական դատարանն (ՄԻԵԴ) էլ է ձեւաւորել դիրքորոշում:
ՄԻԵԴ գործերից մէկով կաթոլիկ քահանան բողոքել է կաթոլիկ կրօնի եւ բարոյագիտութեան ուսուցչի իր պայմանագիրը երկարաձգելու մերժման դէմ՝ յղում անելով Կոնուենցիայի 8-րդ յօդուածին: Չերկարաձգումը հիմնուած էր եպիսկոպոսի կողմից պաշտօնից ժամանակաւորապէս հեռացման վրայ: Այս դէպքում ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Եկեղեցու ինքնաւարութեան օգտին եւ չի յայտնաբերել Կոնուենցիայի խախտում, այդ թւում՝ Կոնուենցիայի 6-րդ յօդուածի խախտում:
Նմանապէս, ՄԻԵԴ-ը պաշտպանել է հունգարական դատարանների որոշումը, որոնք որոշել են, որ իրենք իրաւասութիւն չունեն քննելու հւուի բողոքը Եկեղեցու կողմից պաշտօնից անօրինական կերպով ժամանակաւորապէս հեռացման վերաբերեալ: Քանի որ, ներպետական օրէնսդրութեան համաձայն, հովիւը չէր կարող որեւէ «իրաւունք» վկայակոչել, եթէ Դատարանը յայտնաբերեր Կոնուենցիայի 6-րդ յօդուածի խախտում, այն կստեղծեր նոր իրաւունք՝ հակասելով իր սեփական հաստատուած նախադէպային իրաւունքին: Հետեւաբար, Դատարանը բողոքը յայտարարել է անընդունելի:
Այս պայմաններում, դատաւորը պարտաւոր է հայցադիմումն ընդունելը մերժելու մասին որոշում կայացնել, քանի որ գործը ենթակայ չէ քննութեան քաղաքացիական դատաւարութեան կարգով: Հակառակ դէպքում, կխախտուի Եկեղեցու ինքնակառավարման իրաւունքը», – գրել է նա Facebook-ի իր էջում:
