«Թեհրանում ձեւաւորւում է մի պատկերացում, որ Հայաստանը դառնում է Իրանի դէմ թշնամաբար տրամադրուած ուժերի համար կենտրոն»․ յայտարարել է Հայաստանում Իրանի դեսպանը յունուարի 14-ին տուած ասուլիսի ընթացքում։
Իրանի դեսպանատան դիմաց տեղի ունեցած այս ցոյցերին ի պատասխան է դեսպան Շիրղոլամին յայտարարութիւնն արել՝ նշելով, որ մի խումբ մարդկանց կանաչ լոյս է տրուել՝ Իրանի դեսպանատան դիմաց հնչեցնելու անյարգալից արտայայտութիւններ։
«Արդէն վեց օր շարունակ՝ ժամը 18:00-ից մինչեւ 21:00-ն, Իրանի դեսպանատան շէնքի առջեւ հանդէս են գալիս անյարգալից ու վիրաւորական յայտարարութիւններով եւ հակառակ նրան, որ մենք յայտնում ենք մեր բողոքը, այդ գործընթացը շարունակւում է։ Մենք բազմաթիւ անգամներ փոխանցել ենք մեր բողոքը Հայաստանի համապատասխան մարմիններին։ Մենք ամենածանր պահերին կանգնած ենք եղել Հայաստանի կառավարութեան կողքին, օրինակները շատ են։ Մենք այսօր գտնւում ենք ծանր իրավիճակում եւ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում Իրանի դեսպանատան շէնքի մօտ, կը մնա իրանցի ժողովրդի պատմական յիշողութեան մէջ։ Կարծում եմ՝ ես ամէն ինչ յստակ ասացի»,- նշել է դեսպանը։
Դեսպանը պնդել է նաեւ․ «շատերը սպասում են, որ Իրանում անկայունութիւն կը լինի եւ կակտիւանան անջատողական ուժերը՝ նպատակ ունենալով մասնատել երկիրը։ Յենց դա էլ ի սկզբանէ ծրագրուած է եղել Իսրայելի կողմից։ Նրանց դա չի յաջողուի, բայց եթէ նրանք կարողանան յաջողութեան հասնել այդ գործում, ապա Հայաստանը կը յայտնուի պարտուողների թւում։ Կարծում եմ՝ այս միտքը լրացուցիչ պարզաբանումների կարիք չունի»։
