Հայաստանի արեւմտականացման գինը

Հայաստանի արեւմտականացման գինը

Ներկայացնում ենք Սուրբ Պատրիկի ճեմարանի եւ համալսարանի դոգմատիկայի պրոֆէսոր Մեթիւ Ջ. Դալ Սանտոյի The Price of Westernization in Armenia յօդուածի հայերէն թարգմանութիւնը՝ որոշ կրճատումներով, որը հրապարակուել է Մեդիամաքս կայքում:

Մեթիւ Ջ. Դալ Սանտո

Ի՞նչ է կատարւում Հայաստանում։ Սա այն հարցն է, որը հայերը սկսեցին տալ անցեալ տարի, երբ Նիկոլ Փաշինեանի կառավարութիւնը ձերբակալեց Հայ Առաքելական Եկեղեցու երկու եպիսկոպոսների եւ մեղադրեց կաթողիկոսին անբարոյականութեան մէջ՝ փորձելով նրան տապալել։ Առաւել նշանակալից է այն, որ օգոստոսի 8-ին Հայաստանը ստորագրեց նախնական «խաղաղութեան համաձայնագիր» ոխերիմ թշնամի Ադրբեջանի հետ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահութեամբ անցկացուած արարողութեան ժամանակ։

Արեւմտեան լրատուամիջոցներից շատերը ողջունեցին համաձայնագիրը։ Հայաստանում մարդիկ այդքան էլ վստահ չէն։ Անցած տարիներին «Ի՞նչ եք մտածում Փաշինեանի մասին» հարցին պատասխանում էին մի տեսակ հանդուրժողականութեամբ։ Այդպէս էր նոյնիսկ 2023 թուականին, երբ 120,000 հայ վտարուեց Լեռնային Ղարաբաղից, որը նախկինում ինքնաւար, մեծ մասամբ հայերով բնակեցուած տարածաշրջան էր հարեւան Ադրբեջանում: «Էլ ի՞նչ կարող էր անել: Անում է այն, ինչ պէտք է արուի», — սա էր Փաշինեանի գործողութիւնների ընդհանուր գնահատականը՝ կապուած Ղարաբաղի անկման հետ։

Այժմ տրամադրութիւնն այլ է: 2025թ. յունիսի 20-ին Փաշինեանը մեկնեց Ստամբուլ, որտեղ ձեռք սեղմեց Հայաստանի հսկայ հարեւանի եւ (շատ հայերի տեսակէտից) մահացու թշնամու՝ Թուրքիայի նախագահի հետ: Հայ Առաքելական Եկեղեցին սրբադասել է 1915-18 թուականներին Օսմանեան իշխանութիւնների կողմից սպանուած հարիւր հազարաւոր զոհերին որպէս նահատակներ եւ սրբեր, բայց Էրդողանը Ստամբուլում լսարան տրամադրեց Փաշինեանին այն գնով, որ Հայաստանը դադարեցնի այդ իրադարձութիւնները միջազգայնօրէն որպէս ցեղասպանութիւն ճանաչելու տասնամեակներ տեւած արշաւը: Փաշինեանը ձգտում է «կարգաւորել յարաբերութիւնները» Թուրքիայի եւ նրա դաշնակից Ադրբեջանի հետ:

2018 թուականի Հայաստանի «թաւշեայ յեղափոխութեան» ժամանակ իշխանութեան եկած ազատական եւ նախկին լրագրող Փաշինեանը աշխարհին ներկայացաւ որպէս պետական գործիչ եւ խաղաղարար: Սակայն, երբ խօսքը վերաբերում է իր ներքին քննադատներին, նա ոչ մի դիմադրութիւն չի հանդուրժում: Նրա զայրոյթի կենտրոնում Հայ Առաքելական Եկեղեցու հիերարխիան է, մասնաւորապէս՝ նրա ղեկավարը՝ Գարեգին Բ կաթողիկոսը։

Եկեղեցու յանցանքն էր հակադրուել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ՝ Փաշինեանի դիւանագիտութեան պայմաններին: Փաշինեանի Ստամբուլ այցից տասը օր առաջ Գարեգինը Շուեյցարիայում կոչ էր անում պաշտպանել հայերի վտանգուած մշակութային ժառանգութիւնը Ղարաբաղում: Նա մասնակցում էր Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից Բեռնում կազմակերպուած միջազգային համաժողովին՝ նուիրուած Հայաստանի մշակութային ժառանգութեան պաշտպանութեանը:

Փաշինեանը համաձայնուեց, որ Հայաստանը հրաժարուի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իր պահանջներից, սակայն կաթողիկոսը պնդում էր, որ տարածքը պէտք է հայկական համարուի: Ի վերջոյ, Ղարաբաղում են բազմաթիւ դարաւոր հայկական եկեղեցիներ եւ վանքեր, օրինակ՝ 13-րդ դարի ապշեցուցիչ Գանձասար վանքը, սրբերի մասունքներն ու գերեզմանատները: Ղարաբաղը անբաժանելի է հայկական քրիստոնէութիւնից նաեւ այլ առումներով: Հայկական այբուբենը, որը յօրինուել է Սուրբ Գիրքը հայերէն թարգմանելու համար, ստեղծուել է Ղարաբաղում:

Երբ Փաշինեանը փորձեց խաղաղեցնել Բաքուին՝ 2024 թուականին Ադրբեջանին յանձնելով Ղարաբաղից դուրս գտնուող եւս չորս հայկական գիւղ, եկեղեցին յայտնուեց բողոքի ցոյցերի առաջնագծում։ Տաւուշի արքեպիսկոպոս Բագրատ Գալստանեանը դարձաւ ցոյցերի առաջնորդը, եւ կաթողիկոսն իր աջակցութիւնը յայտնեց՝ ժամանակաւորապէս ազատելով Գալստանեանին իր հոգեւոր պարտականութիւններից, որպէսզի նա կենտրոնանայ բողոքի ցոյցերը ղեկավարելու վրայ։

Ամէն ինչ տանում էր եկեղեցու եւ պետութեան միջեւ դիմակայութեան։ Ի դժբախտութիւն Փաշինեանի՝ եկեղեցին հայերի ամենավստահելի հաստատութիւնն է. 2024-ի հարցման համաձայն՝ հայերի 62.5 տոկոսը նշել էր, որ «լիովին վստահում է եկեղեցուն»։

Յունիսի 9-ին՝ կիրակի օրը, Փաշինեանը հրապարակաւ յայտարարեց, որ կաթողիկոսի ընտրութիւնը, որը ղեկավարում է Հայ եկեղեցին 1999 թուականից, անուաւեր է եւ մեղադրեց նրան ապօրինի երեխայ ունենալու մէջ։

Ես հետեւում էի անգլերեն լեզուով լուրերին եւ յաջորդ օրերին զրուցեցի հայերի հետ, որպէսզի իմանամ իրադարձութիւնների վերաբերեալ նրանց տեսակէտը: Նրանց մեծ մասն արտայայտեց ջերմեռանդ հաւատարմութիւնը եկեղեցուն եւ կաթողիկոսին, ինչպէս նաեւ անվստահութիւնը Փաշինեանի ձեռնարկած յարձակման նկատմամբ։ Շատէրը Փաշինեանի՝ Արեւմուտքում որպէս խաղաղարար գովաբանուելու ցանկութիւնը կապեցին եկեղեցու վրայ նրա յարձակումների հետ։

Մեծ մասը նաեւ համաձայն չէր, որ կաթողիկոսի ենթադրեալ «անզգուշութիւնները», եթէ այդպիսիք եղել են, որեւէ ազդեցութիւն են ունեցել Գարեգինի՝ որպէս ազգի հոգեւոր առաջնորդի, դիրքի վրայ։

«Եթէ նա մեղք է գործել, դա իր գործն է», — ասաց հայ ընկերներիցս մէկը՝ համալսարանական կրթութիւն ստացած կին, արտայայտելով գերագոյն հոգեւոր իշխանութեան հանդէպ հայկական մօտեցումը, որը ժամանակին բնորոշ էր կաթոլիկների վերաբերմունքին Հռոմի պապի նկատմամբ. «Դրա համար կայ խոստովանութիւն։ Սա չի վերաբերում ինձ կամ Գարեգին Բ-ի հանդէպ իմ հաւատարմութեանը. նա կաթողիկոս է»։

Մեղադրելով վարչապետին Հայաստանի «հոգեւոր միասնութիւնը» խաթարելու մէջ՝ Գարեգինը հրաժարական չտուեց։ Մինչ օրս Փաշինեանը չի փորձել ուժ կիրառել նրան պաշտօնանկ անելու համար։ Բայց ամռան վերջին երկու արքեպիսկոպոսներ յայտնուեցին բանտում. արքեպիսկոպոսը, որին Էջմիածնում պաշտպանեց ամբոխը, յետագայում յանձնուեց այն հիմքով, որ իր դէմ մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ ի վերջոյ կը հանուէն։ Այդ ժամանակից ի վեր ձերբակալուեցին եւս երկուսը, իսկ վերջին բախումները տեղի ունեցան Էջմիածնում դեկտեմբերի 18-ին եւ 19-ին։

Փաշինեանի եւ եկեղեցու հակամարտութեան հիմքում այն հարցն է, թէ ինչպիսի երկիր կը դառնայ Հայաստանը Ղարաբաղը կորցնելուց յետոյ։ Եթէ նախկինում հնարաւոր չէր նոյնիսկ չնչին տարբերութիւն գտնել հայերի հոգեւոր եւ քաղաքական ինքնութեան միջեւ (դարեր շարունակ հայ լինելու միակ սահմանումը Հայ Առաքելական Եկեղեցու մկրտուած անդամ լինելն էր), այսօր պետութեան խրախուսանքով դրանց միջեւ ճեղք է բացւում՝ առայժմ փոքր։ Այն մարդկանց շրջանում, որոնց համար ազգը դարեր շարունակ եղել է եկեղեցին, անցեալ ամառուայ բախման ամենակարեւոր հայեցակէտն այն էր, որ հայկական ինքնութիւնը հնարաւոր է պատկերացնել միայն որպէս քաղաքական. եկեղեցու եւ պետութեան ներքին բաժանում հայերի սրտէրում եւ մտքերում, որտեղ մի ժամանակ միայն ոչ ակնյայտ եւ չուերլուծուած միասնութիւն էր։

Դեռ վաղ է ասել՝ արդեօ՞ք քաղաքական եւ հոգեւոր Հայաստանը առանձնացնելու փորձը կը յաջողուի։ Նրանք, ում հետ ես զրուցեցի, յամառօրէն կրկնում էին աւանդական հայկական եկեղեցի-ազգ կլիշէները։ Ես չեմ կասկածում այս զգացմունքների անկեղծութեանը կամ ուժին։ Բայց հետաքրքիր է, թէ որքան ժամանակ նրանք կը կարողանան դիմակայել կառավարութեան յարձակմանը հոգեւոր Հայաստանի դէմ։

Փաշինեանի օրօք պետութիւնը կարող է առաջարկել մի բան, որը եկեղեցին չունի. զուտ աշխարհիկ հայկական ինքնութիւն, որը թոյլ կը տայ հայրենիքում ապրող հայերին (եւ ԱՄՆ սփիւռքում գտնուողներից շատերին) կողմնորոշուել դէպի արդիականութիւն եւ Արեւմուտքի հեղինակաւոր մշակոյթը։ Մեկ սերունդ առաջ հայերը, ինչպէս իրենց վրացի հարեւանները, իրենց նախնիների քրիստոնեական հաւատքը համարում էին որպէս Մերձաւոր Արեւելքում յայտնուած եւրոպացի լինելու ապացոյց։ Փաշինեանը հասկացաւ, որ սա այլեւս չի գործի։ Ոչ թէ հայերի նախնիների քրիստոնէութիւնն է ապահովելու Հայաստանի մուտքը Արեւմուտք, այլ նրանց պատրաստակամութիւնը դրանից հրաժարուելու։ Փաշինեանը յոյս ունի Հայաստանը վերածել «նորմալ» երկրի, որտեղ խաղաղութեան եւ բարգաւաճման պահանջները առաջնային են, իսկ պատմութեան, կրօնի եւ աւանդոյթի պահանջները՝ առասպել։

Այս իմաստով Ղարաբաղի կորուստը Աստծոյ պարգեւ էր Փաշինեանի եւ աշխարհիկ Հայաստան երազողների համար: Յենց այն պատճառով, որ Հայաստանի հոգեւոր պատմութիւնը սերտօրէն կապուած է Ղարաբաղի հետ, հարկադրելով եկեղեցուն ընդունել այդ տարածքի կորուստը՝ Փաշինեանը հնարաւորութիւն է ստացել վերստեղծելու Հայաստանը որպէս քրիստոնեական անցեալով, բայց հնարաւոր հետքրիստոնեական ապագայով երկիր:

Փաշինեանի իշխանութեան գալուց ի վեր այս հետքրիստոնեական եւ յետազգային ապագայի նշանները անընդհատ շատանում են: Հայաստանը միշտ էլ եղել է Կովկասի բոլոր խորհրդային հանրապետութիւններից էթնիկապէս ամենամիատարրը: Թեեւ բնակչութեան աւելի քան 90 տոկոսը էթնիկ հայ է, միգրացիայի ալիքը, որը վերափոխում է Արեւմուտքը, երրորդ աշխարհից հասել է նաեւ Հայաստան. հնդիկ ուսանողները, բուժքոյրերն ու առաքիչիները սկսել են բնակեցնել Երեւանի առեւտրային փողոցների ծայրամասէրը: Ամէն տարի հազարաւոր աշխատունակ տարիքի հայ տղամարդիկ մեկնում են Ռուսաստան՝ սէզոնային շինարարական աշխատանքների (2024 թուականին այդ թիւը կազմել է 138,000, հիւսիսային Հայաստանի որոշ գիւղերում՝ իւրաքանչիւր երկրորդ աշխատունակ տարիքի տղամարդ): Սակայն այսօր Հայաստանում բնակւում է մօտ 30,000 հնդիկ, իսկ հնդիկներին տրամադրուող վիզաները 2021-2023 թուականների միջեւ աճել են 580 տոկոսով։

Այս ամէնը մէզ վերադարձնում է Սպիտակ տանը Թրամփի կողմից միջնորդաւորուած գործարքին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Հնարաւոր է՝ Փաշինեանը հասել է այնպիսի յաջողութեան, որին ոչ մի հայ առաջնորդ իրենից առաջ չի հասել։ Ամերիկայի կողմից Զանգեզուրի միջանցքի վարձակալութիւնը Կովկասեան տարածաշրջանում ամերիկեան ամենանշանակալի պարտաւորութիւնն է այն ժամանակուանից, երբ 1919 թուականին Վուդրոյ Վիլսոնը չկարողացաւ ստանալ Կոնգրեսի համաձայնութիւնը՝ ստեղծելու պրոտեկտորատ շատ աւելի մեծ հայկական ազգային տարածքի վրայ։ Սակայն գործարքը լրջօրէն քայքայում է Հայաստանի պաշտպանական դիրքը եւ թոյլ տալիս Ադրբեջանին շրջափակել այն։

Բացի այդ, TRIPP-ը կամրապնդի նեոօսմանեան գերիշխանութիւնը, որը Էրդողանի գլխաւորած Թուրքիան ստեղծում է Կովկասում։ Ամերիկայի կողմից հովանաւորուող տրանսպորտային միջանցքի շնորհիւ Թուրքիան կը կարողանայ Արեւելեան Անատոլիայից ցամաքով ապրանքներ, մարդկանց եւ ռազմական տեխնիկայ տեղափոխել Կասպից ծով։ Թուրքիայի եւ Ադրբեջանի ինտեգրացիան՝ տնտեսական, ռազմավարական, քաղաքական, Հայաստանը կը դարձնի անուիճելի թուրքական ազդեցութեան մէջ մի կղզի։ Թուրքիան եւ Ադրբեջանը ամրապնդեցին իրենց «աւելին, քան դաշնակիցներ» յարաբերութիւնները 2021 թուականի Շուշիի հռչակագրով, եւ այժմ, կարծես, պատրաստ են իրականացնելու վաղուց ցանկալի պանթուրքական միութեան առաջին փուլը: Ինչո՞ւ թոյլ տալ, որ անյարմար դիրք գրաւած 3 միլիոն հայերը խոչընդոտէն նման վեհ նպատակին:

Ամերիկայի միջնորդութեամբ Սպիտակ տանը կնքուած պայմանագրի մեծ ռազմավարական յաղթողը Թուրքիան է. ամենամեծ պարտուողը Մերձաւոր Արեւելքում քրիստոնեութեան գոյատեւումն է: Հայերը կ’ընդունեն Հայաստանի եւ հարեւանների յարաբերութիւնների կարգաւորումը միայն այն դէպքում, եթէ Հայաստանի ազգային ինքնութիւնը աշխարհիկ դառնայ: Զարմանալի չէ, որ Ամերիկայի ազատական արտաքին քաղաքականութեան ինստիտուտը ողջունում է այդպիսի արդիւնքը: Աշխարհի ամենահին եւ Մերձաւոր Արեւելքի վերջին քրիստոնեական ազգի գոյատեւմամբ հետաքրքրուած ամերիկացիները, սակայն, չպէտք է ողջունեն:

Թարգմանութիւնը՝ Մարիա Սադոյեանի


Share