«Վերադարձ Արցախ. խնդիրներ, մարտահրաւէրներ, հնարաւորութիւններ». դեկտեմբերի 10-ին այս թեմայով լսումներ անցկացրեց Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը։ Լսումներն անցկացուեցին Արցախի Սահմանադրութեան ընդունման օրուայ առթիւ, մասնակցում էին արցախեան եւ հայաստանեան գործիչներ, ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամաւորներ։
Օրակարգում Արցախի ինստիտուտների պահպանման, Արցախ վերադարձի իրաւունքի իրացման, Բաքուի բանտերում ապօրինաբար գտնուող հայ գերիների հարցերն են։
Լսումները մեկնարկեցին տէրունական աղօթքով: Ներկաները մէկ րոպէ լռութեամբ յարգեցին արցախեան պատերազմների զոհերի յիշատակը, հնչեցին Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների օրհներգները։
«Այս լսումներով բացում ենք պայքարի նոր էջ»,- յայտարարեց Արցախի նախագահի պարտականութիւնները կատարող, Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելեանը։ «Արցախի բռնի զաւթումն Ադրբեջանի կողմից բոլորովին չի նշանակում, որ դադարել է Արցախի Հանրապետութեան գոյութիւնը։ Մեր իրաւունքների համար պայքարը, մեր յիշողութիւնները շարունակում են մէզ համոզել, որ վերադարձից բացի՝ այլ ելք չի կարող գոյութիւն ունենալ»,- ասաց Աշոտ Դանիելեանը։
Արցախում մնացել է աւելի քան 5000 պատմամշակութային կոթող, որոնք հետեւողականօրէն աւերւում, ոչնչացւում են. յայտարարեց Արցախի մշակոյթի, երիտասարդութեան հարցերի եւ զբօսաշրջութեան նախկին նախարար Սերգեյ Շահուերդեանը։
«Արցախի մշակութային ժառանգութեան վնասուած կոթողների թուեր սովորաբար չեմ ներկայացնում, որովհետեւ այդ թուերն ամէն վայրկեան փոխւում են: Մշակութային ժառանգութիւնը միայն պատմամշակութային կոթողները չէն. Ստեփանակերտում, օրինակ, մոնումենտալ արուեստի ոչ մի յուշարձան գրեթէ չի պահպանուել։ Ադրբեջանը հետեւողականօրէն բնաջնջում է մեր հայկական հետքը»,- ասաց Շահուերդեանը։
Նրա խօսքով՝ Ադրբեջանի քաղաքականութիւնը հայկական մշակութային ժառանգութեան հանդէպ երեք ճիւղաւորում ունի։ Առաջինը՝ ոչնչացում ընդհանրապէս․ երեք եկեղեցի արդէն ամբողջութեամբ ոչնչացուել են։ Երկրորդը՝ պատմութեան այլափոխում, երրորդը՝ սեփականաշնորհում, այսինքն ՝ազգային պատկանելութեան փոփոխութիւն։ Այդ երեք ուղղութեամբ Արցախի Հանրապետութեան ամբողջ մշակութային ժառանգութիւնը վտանգուած է։ Ստեփանակերտում ոչնչացուել են մոնումենտալ արուեստի բոլոր արձանները ու կոթողները։ Նոյն վիճակը տիրում է Արցախի ամբողջ տարածքում։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը իր խօսքում ասաց,- «Արցախի վերադարձի գաղափարը նիւթականացնելու ամենամեծ վտանգը մեր ներքին թշնամին է, որը կոչւում է Հայաստանի իշխանութիւն»։
Նա շեշտեց, որ վերադարձի իրաւունքը միջազգային հանրութեան կողմից արձանագրելի չի դառնայ, եթէ առաջին հերթին վերադարձի համոզմունք չունենան բոլոր արցախահայերը։
«Չի լինի վերադարձ, եթէ դա չլինի ապրելակերպ։ Այս առումով շատ շատ կարեւոր է Արցախի պետական ինստիտուտների պահպանումը։ Արցախի պետական ինստիտուտների պահպանումը պէտք է լինի բոլորի արժանապատուութեան հարցը, ոչ միայն արցախահայերի, այլեւ մեր բոլոր հայրենակիցների՝ Հայաստանում ու Հայաստանից դուրս»,- ասաց Գեղամ Մանուկեանը:
ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրոյ Մանոյեանը կարծում է, որ Արցախի իշխանութեան լեգիտիմութիւնը պահպանելու համար պէտք է կազմակերպել առցանց ընտրութիւններ եւ ապահովել Արցախի իշխանութիւնների անխոցելիութիւնը: Սակայն Հայաստանի այս իշխանութիւններով ոչինչ հնարաւոր չէ անել: Ըստ Կիրոյ Մանոյեանի ՀՀ իշխանութիւնները ոչ միայն չէն ցանկանում դա, այլեւ հակառակն են անում՝ եթէ խօսեցիր Արցախի վերադարձի իրաւունքի մասին, ուրեմն Հայաստանի ազգային անվտանգութեան սպառնալիք ես:
Մեկ ճանապարհ կայ այս նպատակին հասնելու համար՝ դա այս իշխանութիւնը փոխելն է, ասել է Կիրոյ Մանոյեանը եւ յաւելել՝, ով էլ գայ իշխանութեան, այս իշխանութիւններից լաւն է լինելու:
