Երկու տարուայ ազատազրկման դատապարտուած Միքայել արքեպիսկոպոս Աջապահեանը վիրահատութեան կարիք ունի, նրան հետազօտելուց յետոյ եզրակացրել են Առողջապահութեան նախարարութեան ենթակայութեամբ գործող «Քրեակատարողական բժշկութեան կենտրոն»-ի բժիշկները: Սա պարզ դարձաւ երէկ, երբ Միքայել սրբազանի փաստաբան Արայ Զոհրաբեանը հրապարակեց կենտրոնին ուղղուած իրենց դիմումների պատասխանը:
«Խորհուրդ է տրուել պլանային վիրահատութիւն, բացատրուել վիրայատական միջամտութեան կազմակերպման կարգը, առաջարկուել է վիրահատութիւնը կազմակերպել պետութեան կողմից երաշխաւորուած անվճար եւ արտօնեալ պայմաններով, որից Աջապահեանը հրաժարուել է», — ասուած է հրապարակուած պատասխանում:
Որ իշխանութեան զաւթման կոչի մեղադրանքով դատապարտուած սրբազանին վիրահատութիւն է անհրաժեշտ, երէկ բարձրաձայնել էր ընդդիմադիր պատգամաւոր Գառնիկ Դանիելեանը: Դրան յաջորդել էր Արդարադատութեան նախարարի պնդումը, թէ համապատասխան դիմում չէն ստացել, ստանան որեւէ խոչընդոտ չի լինի, որ Միքայել սրբազանին տրամադրուի անհրաժեշտ բուժօգնութիւնը:
«Այն դիմումը, որ պէտք է ներկայացուի, չի ներկայացուել: Ես յանձնարարել եմ, որպէսզի, եթէ իր փաստաբանները տեղեակ չէն, թէ ինչպէս պէտք է ներկայացուի համապատասխան դիմումը, մեր իրաւաբանը այսօր տեղում կմօտենայ իրեն, դիմումը կուերցնի եւ կը ներկայացնի ՊՈԱԿ-ին», — երէկ յայտարարել էր նախարար Սրբուհի Գալեանը:
Միքայել սրբազանի փաստաբան Արայ Զոհրաբեանի հրապարակած փաստաթղթից, սակայն, պարզ է դառնում՝ պաշտպաններն առնուազն երեք դիմում ներկայացրել են «Քրեակատարողական բժշկութեան կենտրոն», ընդ որում՝ առաջին դիմումն ուղարկել են հոկտեմբերի 29-ին, յետոյ նոյեմբերի 6-ին եւ 10-ին: Արդէն նոյեմբերի 28-ին ստացել են պատասխան, որով սրբազանին առաջարկում են վիրահատուել պետութեան միջոցներով:
Փաստաբան Արայ Զոհրաբեանի խօսքով. — «Այդ ՊՈԱԿ-ի տնօրէնը պատասխանել է մէզ, ընդ որում, միայն գրելով, որ Միքայել սրբազանը հրաժարուել է անվճար բժշկական օգնութիւնից: Մինչդեռ, մենք եւ՛ մեր դիմումներով, եւ՛ ամենասկզբնական դիմումով խնդրել էինք, որ Միքայել սրբազանի հաշուին վիրահատութիւնը կազմակերպուի հէնց «Իզմիրլեան» ԲԿ-ում: Իմ տեղեկութիւններով՝ Միքայլէ սրբազանին այդ ՊՈԱԿ-ից եկել են, տեսել են, նրան առաջարկել են որեւէ այլ հիւանդանոցում վիրահատութիւնը կազմակերպուի, միայն «Իզմիրլեան» ԲԿ-ում չէն ցանկացել, մինչդեռ, Միքայել սրբազանն այնտեղ ունի բժիշկ, ախտորոշումն անցել է հէնց այդ կենտրոնում եւ իր բուժման գործընթացը կազմակերպուել է հէնց այդ կենտրոնում»:
Արայ Զոհրաբեանի խօսքով՝ երկրորդ ամիսն է սրբազանի այս խնդրանքն անտեսուած է: Զոհրաբեանի համար հասկանալի չէ, թէ նախարարն ինչ նկատի ունի, երբ ասում է՝ ըստ սահմանուած ընթացակարգի դիմում չի ներկայացուել:
«Մեզ, օրինակ, չէն ասել, որ մերժում ենք Ձեզ, որովհետեւ այս պայմանը չի ապահւուել կամ այլ պայման պէտք է լինէր, այլ փաստաթուղթ: Ըստ էութեան, մեր հիմնական խնդրանքից իրենք խուսափել են պատասխանել կամ բաւարարել՝ ուղղակի նշելով, որ անվճար բժշկական օգնութիւն են առաջարկել, ինչից Միքայել սրբազանը հրաժարուել է», — ասում է Արայ Զոհրաբեանը:
Իշխանութեան սուր քննադատ բարձրաստիճան հոգեւորականի պաշտպանական թիմը բանտարկուածների առողջութեամբ զբաղուող պետական կառոյցի կեցուածքը մտահոգիչ է որակում: Արայ Զոհրաբեանն այսօր պնդեց՝ Միքայել սրբազանի նկատմամբ խտրական վերաբերմունք են դրսեւորում, այլապէս հարցին լուծում տալու իրենց ջանքերը արդէն երկրորդ ամիսն է ապարդիւն չէին մնա:
«Վերջին նամակագրութիւնը եթէ նայենք, իրենք մէկ ամիս յետոյ են դրան պատասխանում եւ յստակ պատասխան էլ չէն տալիս: Ասում են՝ անվճար բժշկական օգնութիւնից հրաժարուել է, բայց մենք անվճար օգնութեան համար չենք էլ դիմել, ինչ կապ ունի դա: Սա էլ է խօսում յստակ խտրական վերաբերմունք Միքայել սրբազանի նկատմամբ», — շեշտում է փաստաբանը:
Արդարադատութեան նախարարութիւնից «Ազատութեանը» փոխանցեցին՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահեանին այցելել են քրէակատարողական հիմնարկի աշխատողներ եւ ներկայացրել, թէ անհրաժեշտ բուժօգնութիւն ստանալու համար ինչ ընթացակարգ է գործում եւ ինչպէս պէտք է դիմել: Դրանից յետոյ «Քրեակատարողական բժշկութեան կենտրոն» արդյօք նոր դիմում ներկայացուե՞լ է, այս ՊՈԱԿ-ից ճշտել չյաջողուեց: Սրբազանի պաշտպաններն այժ քննարկում են իրենց յետագայ քայլերը:
Իրաւապաշտպանի խօսքով՝ բանտերում կալանաւորներն առհասարակ պատշաճ բուժօգնութիւն չէն ստանում
Իրաւապաշտպան Ժաննայ Ալեքսանեանը պաշտպանների, Արդարադատութեան նախարարի եւ միւս պաշտօնեաների յայտարարութիւնները համադրելով՝ կարծում է՝ սրբազանին բուժօգնութեան տրամադրումը պետական մարմինները միտումնաւոր են ձգձգում, Ալեքսանեանի խօսքով. — «Նոյնիսկ իր փաստաբանը չէր ասել առողջական վիճակի մասին, նա ասաց, որ պէտք է բժիշկը ասի, բայց Արդարադատութեան նախարարը առանց բժշկի որեւէ գնահատականի ասում էր, որ նա ծայրահեղ վիճակում չէ: Եւ, ի վերջոյ, նա ստում էր՝ ասելով, որ դիմում չէն ստացել, ցանկութիւն չունեն բուժօգնութիւն ցոյց տալու կամ իրենց քմահաճոյքով է, նախարարի կամ իրեն թելադրողի քմահաճոյքով է այս ամէն ինչը լինելու, եթէ ընթացք տան բուժման»:
2025 թուականին քրէակատարողական հիմնարկներում մահուան 23 դէպք է գրանցուել, իրաւապաշտպանի գնահատմամբ՝ բանտերում կալանաւորներն առհասարակ պատշաճ բուժօգնութիւն չէն ստանում:
«Պատկերացրեք, որ այսպիսի վիճակ է ցանկացած կալանաւորի հետ: Այս աղմկահարոյց գործով, հանրութեան ուշադրութեան կենտրոնում գտնուող գործով, եթէ իրենք բացայայտ ստում են եւ բացայայտօրէն ձգձգում են տարբեր պատճառաբանութիւններով, պատկերացրեք՝ միւս կալանաւորների հետ ինչ է կատարւում», — ասում է իրաւապաշտպան Ժաննայ Անդրէասեանը:
Արդարադատութեան նախարարը երէկ չէր հերքել՝ բանտերում մահուան դէպքերով մտահոգուած են, բայց հարկ էր համարել ընդգծել՝ դրանք առաւել շատ էին 2014-ից 2016 թուականներին:
azatutyun.am
