ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակի նախաձեռնութեամբ՝ նոյեմբերի 29-ին եւ 30-ին Ալմելոյում գումարուել է Հայ դատի Եւրոպայի յանձնախմբերի խորհրդաժողով, որը, սովորաբար, գումարւում է երկու տարին մէկ։Աւելի քան երկու տասնեակ մասնակիցներ, որոնք ներկայացնում էին Հայ դատի Եւրոպայի ամենաակտիւ եւ քաղաքականապէս ներգրաւուած յանձնախմբերը, վերագնահատել են նախընթաց ժամանակահատուածի գործունէութիւնը, վերահաստատել հաւաքական պատասխանատուութիւնը՝ ապահովելու համապատասխան միջազգային աջակցութիւն՝ Հայաստանի Հանրապետութեանը ներկայիս մարտահրաւէրները յաղթահարելու գործում։
կայացել է ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի յանձնախմբերի խորհրդաժողովը
Խորհրդաժողովի օրակարգը ներառում էր Բաքւում պահուող հայ պատանդների ազատման ուղղութեամբ իրականացուող շարունակական ջանքերը, էթնիկ զտման ենթարկուած Արցախի հայերի պաշտպանութիւնը եւ Հայրենիք հաւաքական վերադարձի արցախահայութեան անօտարելի իրաւունքը, Արցախի հայկական մշակութային ժառանգութեան պաշտպանութիւնը։ Շեշտուել է համայնքներում Հայ դատի ծաւալած ոլորտներում երիտասարդների ներգրաւուածութիւնը բարձրացնելու անհրաժեշտութիւնը։
Քննարկուել եւ դատապարտուել է Հայաստանում ժողովրդավարական գործընթացների հետընթացը, ինչն էապէս թուլացնում է ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակի ընթացիկ աշխատանքների արդիւնաւետութիւնը Հայաստանի նկատմամբ միջազգային աջակցութիւն ապահովելու տեսանկիւնից։
Այս առիթով ՀՅԴ Հայ դատի միջազգային յանձնախմբի նախագահ Յակոբ Տեր-Խաչատուրեանը նշել է․«Եւրոպան շատ կարեւոր եւ իւրայատուկ տեղ ունի Հայ դատի ցանցում։ Շատ կարեւոր է ցանկացած գնով աւելի ամրապնդել Բրիւսելում գտնուող կենտրոնական գրասենեակի եւ տարբեր երկրներում գտնուող տարածաշրջանային յանձնախմբերի արդէն իսկ ակտիւ աշխատանքը եւ ապահովել, որ նրանք ստանան մեր համահայկական ցանցի աջակցութիւնը եւ հոգածութիւնը։ Հայաստանի պետականութեան ուժեղացմանը, Արցախի իրաւունքների պաշտպանութեանը, Հաեօց ցեղասպանութեան ճանաչմանն ու դրանից բխող պահանջների առաջմղմանը, սփիւռքում ապրող հայերի իրաւունքների պաշտպանութեանը, ինչպէս նաեւ հայ երիտասարդութեան միասնութիւնն ու քաղաքական ներգրաւուածութեան խթանմանը միտուած ձեռնարկների իրականացման գործում բոլորս կրում ենք այս խորհրդաժողւում ընդունուած որոշումների իրականացման պատասխանատուութիւնը»։
Յատուկ ուշադրութիւն է դարձուել օտարալեզու լրատուամիջոցների հետ աշխատանքի բարելաւմանը, քննարկուել տարբերակներ՝ լրացնելու տեղեկատուական այն բացը, որ առկայ է հայ ժողովրդի, Հաեօց եկեղեցու եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի առջեւ ծառացած իրականութիւնների եւ մարտահրաւէրների ու եւրոպական կառոյցների միջեւ։
Խորհրդաժողովի աւարտին ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանը, շնորհակալութիւն յայտնելով մասնակիցներին նրանց անխոնջ աշխատանքի համար, նշել է․ «Հայ ազգն անցնում է իր պատմութեան ամենավտանգաւոր շրջաններից մէկով, երբ հիմնարար կարեւոր ինստիտուտները մշտական սպառնալիքի տակ են։ Այնուամենանիւ, մեր այս հաւաքը եւ այն հաւաքական պատասխանատուութեան զգացումը, որն այն ներկայացնում է, կրկին ընդգծում եւ վերահաստատում է մեր անսասան յանձնառութիւնը՝ մարտահրաւէրներին դիմակայելու եւ դրանք յաղթահարելու ուղղութեամբ։ ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակի եւ առանձին երկրների յանձնախմբերի գործողութիւնների միջոցով կարեւոր քայլեր են ձեռնարկուել արցախահայութեան վերադարձի իրաւունքի առաջմղման եւ Բաքւում պատանդառուած հայ գերիների ազատման գործում»։
ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենեակ
01 դեկտեմբեր 2025 թ.
