«Մենք ենք մեր սարերը» («Տատիկ-պապիկ») արձանն Ադրբեջանի կողմից վանդալիզմի է ենթարկուել։ Այս մասին յայտնում են «Գեղարդ» գիտաւերլուծական հիմնադրամից՝ ներկայացնելով սոցցանցերում տարածուած փաստող տեսանիւթեր։Մասնաւորապէս՝ ազգութեամբ թալիշ ադրբեջանցի լրագրող Ռահիմ Շալիեւն այս մասին գրառում է կատարել «X»-ի իր միկրոբլոգում՝ արձանի տեսանիւթը հրապարակելով։
«Ադրբեջանցիների կողմից վանդալիզմի է ենթարկուել «Մենք ենք մեր սարերը» պատմական յուշարձանը, որը համարւում է Արցախի խորհրդանիշ»,- տեսանիւթին կից գրել է Շալիեւը։
Նրա ներկայացրած տեսանիւթում արձանի վրայ՝ առջեւի հատուածում, երեւում են ադրբեջաներէնով արուած տարբեր գրառումներ։
Լրագրողի հրապարակման մեկնաբանութիւններում մէկ ուրիշ օգտատէր այլ տեսանիւթ է հրապարակել, որում յուշարձանի տարբեր մասում եւս երեւում են ադրբեջաներէնով արուած փորագրումներ ու գրառումներ։
«Գեղարդ» գիտաւերլուծական հիմնադրամը յիշեցնում է, որ 2023 թուականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական ագրեսիայից, դրան յաջորդած էթնիկ զտումից ու հայաթափումից յետոյ է յատկապէս «Մենք ենք մեր սարերը» արձանը գտնւում ադրբեջանցիների թիրախում։ Այս ընթացքում համացանցում պարբերաբար տարածուել են տարբեր լուսանկարներ ու տեսանիւթեր՝ արձանը վանդալիզմի ենթարկելու, Ադրբեջանի դրօշով կոթողի մօտ լուսանկարուելու, հայերի հասցէին վիրաւորական արտայայտութիւններ անելու եւ գրառելու հետ կապուած։
«Ժամանակ առ ժամանակ Ադրբեջանում նոյնիսկ յայտարարութիւններ են հնչում հայկական այս յուշարձանը քանդելու վերաբերեալ։
Մասնաւորապէս՝ այս տարուայ օգոստոսին, Ադրբեջանի Միլլի մէջլիսի պատգամաւոր, «Արդարութիւն, իրաւունք, ժողովրդավարութիւն» կուսակցութեան նախագահ Գուդրատ Հասանգուլիեւն արձանը քանդելու առաջարկ էր արել։ԼՂ–ում հայկական հետքի վերացման յայտարարութիւններին աջակցել է նաեւ Մեջլիսի մէկ այլ պատգամաւոր Ֆազաիլ Իբրահիմլին»,– մանրամասնում են հիմնադրամից։
«Մենք ենք մեր սարերը» յուշարձանը տեղադրուել է 1967 թուականին: Հեղինակը քանդակագործ Սարգիս Բաղդասարեանն է, ճարտարապետը՝ Յուրի Յակոբեանը: Բլրի գագաթին գտնուող քանդակը պատրաստուած է կարմիր տուֆից: Այն խորհրդանշում է ԼՂ հողի եւ ժողովրդի արմատների միջեւ կապը։ Յուշարձանն իրենից ներկայացնում է աւանդական տարազով տարէց արցախցի ամուսինների՝ ուս ուսի, հպարտ ու անյողդողդ կեցուածքով ու սեւեռուն հայեացքով։
Յատկանշական է, որ Ադրբեջանին նոյնիսկ Արդարադատութեան միջազգային դատարանի՝ դեռեւս 2021 թուականի դեկտեմբերի 7-ի որոշումը հետ չի պահում ԼՂ հայկական կրօնական ու մշակութային ժառանգութեան ոչնչացման քայլերից։ Դատարանն Ադրբեջանին պարտաւորեցրել է «ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ կանխելու եւ պատժելու վանդալիզմի եւ պղծման այն գործողութիւնները, որոնք ազդում են հայկական մշակութային ժառանգութեան վրայ․․․»։
Հիմնադրամն ընդգծում է, որ չնայած ԼՂ–ում իր վարած մշակութային վանդալիզմի քաղաքականութեանը՝ 2025 թուականի նոյեմբերի 24–ին Ադրբեջանը նորից ընտրուեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգութեան կոմիտէի անդամ՝ պարտաւորուելով պահպանել մշակութային յուշարձանները։
«Ակնյայտ է, որ ԼՂ հայկական կրօնական, պատմական ու մշակութային ժառանգութիւնը շարունակում է վտանգուած լինել։ Բաքուն չի հրաժարուել ու չի հրաժարուելու ԼՂ բնակավայրերից հայկական հետքը վերացնելու, դրանց հայկականութեան դիմագիծը փոխելու եւ ադրբեջանականացնելու գործընթացից»,– եզրափակւում է «Գեղարդ» գիտաւերլուծական հիմնադրամի յօդուածը։
