Փաստաբանի խօսքով Վիգէն Էուլջեքչեանի ընտանիքը Ադրբեջանի նախագահի վերջին յայտարարութիւններն ընկալում է որպէս հայ բանտարկեալների տառապանքների ծաղր։
Բաքուի բանտում պահուող Վիգէն Էուլջեքչեանի վիճակը կտրուկ վատացել է։ Այս մասին յայտնել են նրա կինը՝ Լինդայ Էուլջեքչեանը, եւ փաստաբան Լուսիանայ Մինասեանը։ Փաստաբանը յայտարարութիւն է հրապարակել X սոցիալական ցանցում՝ նշելով, որ 45–օրեայ ընդմիջումից յետոյ Վիգէն Էուլջեքչեանը նոյեմբերի 16-ին զանգահարել է իր ընտանիքին եւ կարճ զրոյց ունեցել։ Զրոյցի ընթացքում Վիգենը յայտնել է, որ իր ֆիզիկական վիճակը կտրուկ վատացել է. չի կարողանում քայլել եւ կարիք ունի անուասայլակի, որը չի տրամադրուել։ «Նրան տարել են բժշկի մօտ, բայց նա դեղորայք չի ստանում։ Չնայած իր վիճակին նրան որեւէ բուժում կամ իրաւական պաշտպանութեան միջոցներ չէն նշանակուել։ Նա մնում է առանց բժշկական օգնութեան՝ մարդասիրական տարրական նորմերի խախտմամբ», – նշել է փաստաբանը։
Փաստաբանի փոխանցմամբՎիգենը նաեւ յայտնել է, որ բաւարար սնունդ չի ստանում. Իրէն տալիս են միայն հաց եւ թէյ։ «Սա անմարդկային եւ նուաստացնող վերաբերմունք է։ Նման վերաբերմունքը յատկապէս անհանգստացնող է՝ հաշուի առնելով նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հրապարակային յայտարարութիւնները», – նշել է փաստաբանը։ Նա ասել է, որ ընտանիքը այս յայտարարութիւնները ընկալում է որպէս հայ բանտարկեալների տառապանքների ծաղր։ Մինասեանը նշել է, որ Էուլջեքչեանի կալանքի պայմանները խախտում են միջազգային մարդասիրական իրաւունքը, բանտարկեալների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի իրաւունքը եւ ՄԱԿ-ի բանտարկեալների հետ վարուելակերպի նուազագոյն ստանդարտները (Մանդելայի կանոնները)։
«Բժշկական օգնութիւնից զրկելը, սննդից զրկելը, դեղորայքից հրաժարուելը եւ անուասայլակից հրաժարուելը լուրջ սպառնալիք են ներկայացնում Վիգենի առողջութեան եւ կեանքի համար», – նշել է փաստաբանը։
Փաստաբանն ահազանգել է, որ այս ամէնը լուրջ սպառնալիք է ներկայացնում Վիգէն Էուլջեքչեանի կեանքի համար եւ միջազգային կառոյցներին կոչ է արել անյապաղ միջամտել, որ Էուլջեքչեանի համար անյապաղ ապահւուի անկախ բժշկական զննում, միջազգային կազմակերպութիւնների կողմից մարդասիրական հասանելիութիւն, անուասայլակի տրամադրում, բաւարար սնունդ եւ անհրաժեշտ դեղորայք։
Յիշեցնենք, որ 46–ամեայ Էուլջեքչեանը Հայաստանի եւ Լիբանանի քաղաքացի է: Նրան առեւանգել են ադրբեջանական զինուած ուժերը Լեռնային Ղարաբաղում 2020 թուականի նոյեմբերի 10-ին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի համաձայնագրից մէկ օր անց, որը վերջ դրեց Արցախեան 44–օրեայ պատերազմին։
Բաքուի ռազմական դատարանը 2021 թուականի յունիսին Էուլջեքչեանին 20 տարուայ ազատազրկման դատապարտեց «վարձկանութիւն», «ահաբեկչութիւն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» յօդուածներով։
2023 թուականի դեկտեմբերին հայ գերիների ազատ արձակման ժամանակ Էուլջեքչեանի անունն ընդգրկուած էր ադրբեջանական կողմի հրապարակած նախնական ցուցակում, սակայն նրան չուերադարձրին։
