Ադրբեջանն առաջ է քաշում Ռուսաստանի հնարաւոր ներգրաւուածութեան վերաբերեալ տեսութիւններ, որոնք մատնանշում են Վրաստանում կործանուած թուրքական ռազմական բեռնատար ինքնաթիռի կործանումը։
Ադրբեջանցի ռազմական փորձագէտ Աբուզեր Աբիլովը սոցիալական ցանցերում գրել է. «Կրկին թռչունների երա՞մ»։
Նա ակնարկել է Ղազախստանի Ակտաու քաղաքի մօտակայքում AZAL ինքնաթիռի վթարի հետ կապուած նմանատիպ միջադէպը, որի դէպքում ռուսական կողմը սկզբում միջադէպը վերագրել էր թռչունների հետ բախմանը։
«Անձամբ ես կարծում եմ, որ դա կամ հրթիռ է, կամ անօդաչու թռչող սարք։ 102-րդ բազան մօտակայքում է»,- գրել է փորձագէտը։

Ցանցային հետազօտութիւնների ինստիտուտի տնօրէն, քաղաքագէտ Գագիկ Յարութիւնեանի խօսքով՝ եթէ հարցը դիտարկում ենք Հայաստանի անվտանգութեան տեսանկիւնից, ապա 102-րդ ռազմաբազան շարունակում է մնալ անվտանգութեան միակ երաշխաւորը՝ հայ-թուրքական սահմանին, որպէսզի Հայաստանը գոնէ այս տեսքով ու սահմաններով մնա։
«Կարծում եմ՝ Թուրքիայում ու Ադրբեջանում լաւ գիտէն, որ որեւէ իմաստ չկար 102-րդ ռազմաբազայից հարուածել Վրաստանի տարածքով անցնող ինքնաթիռին։ Այնպէս որ, սա ակնյայտ հերթական տեղեկատուական յարձակումն է հայկական տարածքի ու Հայաստանի վրայ։ Ես յոյս ունեմ, որ այս ամենն առաջ չի քաշի ռուսական ռազմաբազան հանելու պահանջ, եւ դրա մասին որեւէ խօսք լինել չի կարող»,- 168.am-ի հետ զրոյցում նշեց Գագիկ Յարութիւնեանը։
Հարցին՝ Թուրքիան ու Ադրբեջանը՝ իրենց հետ յարաբերութիւնների կարգաւորման համատեքստում, հնարաւո՞ր է Հայաստանին ներկայացնեն հերթական պահանջը՝ 102-րդ ռազմաբազան հեռացնելու մասին, եւ այս յայտարարութիւններով հէնց դրան են պատրաստւում, Գագիկ Յարութիւնեանը պատասխանեց՝ Ադրբեջանն ու Թուրքիան դիմում են տեղեկատուական պրովոկացիաների, քանի որ բաւականաչափ խորամանկ են։
«Այսօրուայ թուրք-ադրբեջանական ծրագրերը Հայաստանի դէմ շատ աւելի վտանգաւոր բնոյթ են կրում, քան ուղղակի ռազմական գործողութիւնները։ Յիշեցնեմ՝ Ալիեւը յայտարարում էր, որ Երեւան կմտնէն ոչ թէ տանկերով, այլ մեքենաներով։ Հիմա Ալիեւն ամէն ինչ անում է այնպէս, ինչպէս Արցախում՝ աստիճանաբար, որպէսզի իր վրայ շատ չսեւեռի աշխարհին։ Նրանք ուղղակի օղակը սեղմելու են այնքան, որ Հայաստանում հայ չմնայ, սա է վտանգաւորը, իսկ այդ ամէնին հասնելու առաջին փորձը Սիւնիքն է։ Սա մեծ ռազմավարական ծրագիր է այդ երկրների համար, ինչը «Թուրանի» մաս է կազմում եւ ձեռնտու է Թուրքիային։ Թւում է, թէ այս երկրները լաւ յարաբերութիւններ ունեն Ռուսաստանի, Ղազախստանի եւ այլ երկրների հետ, բայց այդպէս չէ՝ այդ երկու երկիրը պայքարում են նաեւ Ռուսաստանի դէմ»,- յաւելեց Գագիկ Յարութիւնեանը։
Նրա կարծիքով՝ Ադրբեջանից հնչող յայտարարութիւնների վերաբերեալ ռուսական կողմը եւս պէտք է դիրքորոշում յայտնի, սակայն հաշուի առնելով Ռուսաստանի հարցերն Ուկրաինայի հետ պատերազմում, պէտք է սպասել։
«Յուսամ՝ Ռուսաստանի ձեռքերը կը բացուէն, եւ նա իր խօսքը կասի։ Ռուսները մեր դուրը գալիս են, թէ ոչ, նրանք կարող են լինել Հայաստանի դաշնակիցը։ Յիշէ՛ք, իդէալական երկրներ չկան, հետեւաբար՝ պէտք է այս դժուարին իրավիճակում հասկանալ՝ ո՞ր երկրի հետ կը կարողանայ Հայաստանը դուրս գալ այս վիճակից։ Կարծում եմ՝ այդ երկիրը Ռուսաստանն է»,- ընդգծեց Գագիկ Յարութիւնեանը։
Յիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին վրաց-ադրբեջանական սահմանի մօտակայքում վթարուել է ռազմական ինքնաթիռ, յայտնաբերուել է 20 զոհերից 18-ի դին: Թուրքիայի պաշտպանութեան նախարարութիւնը հրապարակել էր զինծառայողների անունները, որոնք, ըստ ադրբեջանական APA գործակալութեան, նոյեմբերի 8-ին Բաքւում անցկացուած ռազմական շքերթին մասնակցած թուրքական F-16 կործանիչները սպասարկող մասնագէտներ էին:
168.am
