«Հայ Յեղափոխական Դաշնակցութեան դէմ Նիկոլ Փաշինեանի մղած պայքարը տեղաւորւում է թշնամու թելադրած օրակարգում. սա հէնց իրական եւ պատմական Հայաստանների կեղծ խօսոյթների շարունակութիւնն է, որով փորձում է արդարացնել այն աղէտը, որը բերել է մեր հայրենիքի գլխին»,- 168TV-ի «Ռեւյու» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը՝ անդրադառնալով Փաշինեանի եւ նրա ղեկավարած ուժի կողմից ՀՅԴ-ի գործունէութիւնն օրէնքով արգելելու մասին յայտարարութիւններին։
«Դաշնակցութիւնը կանգնել է իրենց կոկորդին։ Գլուխներդ պատի՛ն կտաք. Դաշնակցութիւնը փակել հնարաւոր չէ՛. չէ՛ն կարողացել, չէ՛ն կարողանալու։ Դա իրենց եւ թուրքերի երազանքն է։ Ցանկութիւնը մէկ բան է, դա անելը՝ այլ։ Կրկնում եմ՝ չէ՛ն կարողանալու։ Մենք ցանկացած սցենարի պատրաստ ենք, ում էլ ձերբակալէն, յաջորդն է գալու։ Բայց ուզում եմ հարցնել՝ լաւ, եթէ ձեր համար այդքան ձեռնտու ընդդիմութիւն ենք, ինչո՞ւ եք լոյսը բացուելուն ու մթնելուն զուգահեռ՝ խօսում մէզանից, ինչո՞ւ եք մեր ընկերներին ձերբակալում։ Խոսում եք, որովհետեւ վտանգ եք զգում Դաշնակցութիւնից։ Ուզում եմ նշել, որ անգամ Խորհրդային Միութեան ժամանակ Դաշնակցութեան դէմ այսքան աշխատանք չի տարուել։ Կրկնում եմ՝ մենք պատրաստ ենք ամէն սցենարի։ Իրենք են փակուելու եւ հեռանալու»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։
ՔՊ-ական իշխանութեանը հեռացնելու համատեքստում Սաղաթելեանը խօսեց Փաշինեանին անվստահութիւն յայտնելու վերաբերեալ մեկնարկած գործընթացի մասին՝ ընդգծելով ՝ իրենց խմբակցութեան 28 պատգամաւորների ստորագրութիւնները դրուած են համապատասխան ձեւաթղթի տակ, սակայն, իրենք վստահ են՝ քանի դեռ չկայ փողոցային պայքար, հնարաւոր չի լինելու ՔՊ-ականներին համոզել միանալ այդ գործընթացին։
Ըստ Իշխան Սաղաթելեանի՝ կայ գործընթացի քաղաքական պատասխանատուութիւնը ստանձնած քաղաքական ուժ, ուստի իրենք նրանց կողմից ներկայացուած քայլերի հերթականութիւնն են ուզում տեսնել՝ հասկանալու համար՝ գործընթացի շարունակականութիւնն ի՞նչ տեսք է ունենալու, միաժամանակ աջակցելով այդ գործըթացին։
«Կայ պրոցեսի քաղաքական պատասխանատուութիւնը ստանձնած ուժ, հետեւապէս՝ պէտք է իրենց հրաւիրել ու հարցնել՝ փողոցային պայքարը ե՞րբ եք գեներացնում։ Գիտեք, եթէ ես վաղը դուրս գամ փողոց, մինչեւ դուրս գալս մարդիկ, որոնք մինչեւ հիմա իրենց ֆեյսբուքեան էջերից դուրս չէն եկել, ասելու են՝ նորից դո՞ւ։
Կրկնում եմ՝ ձեռքներս չենք ծալում եւ սպասենք, պարզապէս պէտք է տեսնենք՝ ի՞նչ են անում մեր գործընկերները։ Չի կարող լինել գործընթաց, ու մենք դրանից ձեռնպահ մնանք»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։