Վարդան Օսկանեան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾՈՑ ՆԱԽԱՐԱՐ (1998-2008)
Այսօր, Արցախի՝ 1991 թուականին Ադրբեջանի կազմից անկախանալու մասին հռչակագրի օրն է, որը տասնամեակներ շարունակ նշուել է նոյնիսկ միջազգային ճանաչման բացակայութեան պայմաններում։ Յաջորդական հայկական կառավարութիւնները կանխամտածուած խուսափել են պաշտօնապէս ճանաչել Արցախը՝ բանակցութիւնների եւ խաղաղ կարգաւորման հնարաւորութիւնը պահպանելու նպատակով։ Սակայն Փաշինեանի «Արցախը Հայաստան է, եւ վերջ» յայտարարութիւնը հրահրեց պատերազմ՝ իր բոլոր յայտնի հետեւանքներով։ Այժմ, սեփական քաղաքական գոյութիւնը պահպանելու համար, նա յայտարարում է, թէ հարցը «փակուած է» եւ պնդում է, որ Արցախը երբեք իրականում հայկական չի եղել։ Մենք չենք կարող թոյլ տալ, որ մէկ անձ եւ նրա նեղ շրջապատը մէզ ստիպեն հրաժարուել մեր իրաւունքներից։ Պատմութեան խեղաթիւրումը պէտք է մերժուի եւ դատապարտուի։ Ոչ մի լուրջ ազգ չի ջնջում իր սեփական պատմութիւնը։ Եթէ իւրաքանչիւր ազգ պատմութեան ընթացքում համակերպուեր իր կորուստների հետ, աշխարհի քարտէզն այսօր բոլորովին այլ տեսք կ’ունենար, իսկ երկրների թիւը՝ շատ աւելի քիչ։
Կայ խաղաղութիւն որոնելու եւ արդարութիւնը զոհաբերելու միջեւ հիմնարար տարբերութիւն։ Աւելի քան 120 000 հայերի հարկադիր տեղահանումը Արցախից 2023 թուականին էթնիկ զտում էր, ոչ թէ հարցի լուծում կամ պատմութեան աւարտ։ Միջազգային իրաւունքը երաշխաւորում է տեղահանուածների վերադարձի իրաւունքը, իսկ Արդարադատութեան միջազգային դատարանը յստակ պարտադրել է Ադրբեջանին ապահովել նրանց անվտանգ վերադարձը։ Եւրոպական խորհրդարանը, Շուեյցարիայի, Ֆրանսիայի, Բերլգիայի խորհրդարաները եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները նոյնպէս հանդէս են եկել նոյն պահանջով։ Այս հարցը շարունակում է մնալ իրաւական, քաղաքական եւ բարոյական օրակարգում։
Փաշինեանի փորձերը՝ թաղելու Արցախի ժառանգութիւնը, ոտնահարում են թէ՛ Հայաստանի արժանապատուութիւնը, թէ՛ խարխլում դիւանագիտական դիրքերը։ Մինսկի խմբի լուծարումը չպէտք է խոչընդոտի Հայաստանի պայքարը։ Հետփաշինեանական ղեկավարութիւնը պարտաւոր է վերականգնել պատմական ճշմարտութիւնը, ձեւակերպել սկզբունքային արտաքին քաղաքականութիւն եւ ապահովել միջազգային աջակցութեան լայն շրջանակ՝ արդարութեան համար։ Մենք պարտաւոր ենք շարունակել ջանքերը՝ հասնելու հայ պատանդների ազատմանը, ադրբեջանական զօրքերի դուրսբերմանը Հայաստանի տարածքից եւ Արցախի ժողովրդի իրաւունքների վերականգնմանը։