ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ
__________
Վարչապետ Նիկոլ Փաշինեանը յուլիսի 20-ին հրապարակայնօրէն յայտարարել է իր հետևորդների հետ Վաղարշապատ քաղաքի կենտրոնական հրապարակում հաւաք կազմակերպելու և Մայր Աթոռի նկատմամբ հերթական ոտնձգութիւնը նախաձեռնելու մասին։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է յարձակում ու բռնութիւն հրահրելու այս փորձը, որը բացայայտ միջամտութիւն է Հայոց Եկեղեցու կեանքին և նրա ինքնակառավարմանը։
Յորդորում ենք իշխող քաղաքական ուժին դադարեցնել հակաեկեղեցական, անօրինական արշաւը և լծուել երկրի առջև ծառացած լրջագոյն հիմնախնդիրների յաղթահարմանը։ Միաժամանակ դիմում ենք պետութեան իրաւասու մարմիններին և պաշտօնեաներին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և օրինական միջոցները՝ կանխարգելելու հակաօրինական այս միջոցառումը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը բարձրօրէն գնահատում է բարեպաշտ մեր ժողովրդի սերն ու հաւատարմութիւնը հանդէպ Մայր Եկեղեցին և նախանձախնդրութիւնը՝ պաշտպանելու համայն հայութեան հոգևոր կենտրոնն ու մեր նուիրական սրբութիւնները։ Կոչ ենք անում մեր ժողովրդի զաւակներին չտրուել իշխանութիւնների սադրանքներին, պահպանել զգօնութիւնն ու ողջախոհութիւնը և հաւատով ու աղօթական ոգով համախմբուել առկայ փորձութիւնների դիմագրաւման համար։
