Պետութեան միջամտութիւնը Հայոց եկեղեցու գործերին՝ միջազգային իրաւունքի լոյսի ներքոյ

Պետութեան միջամտութիւնը Հայոց եկեղեցու գործերին՝ միջազգային իրաւունքի լոյսի ներքոյ

Հայոց եկեղեցու պահպանութեան համահայկական խորհուրդը ներկայացրել է հանրութեան ուշադրութեանն իր հրապարակային զեկոյցը՝ «Պետութեան միջամտութիւնը Հայոց եկեղեցու գործերին՝ միջազգային իրաւունքի լոյսի ներքոյ»:

Զեկոյցը վերլուծում է Հայաստանի իշխանութիւնների վերջին գործողութիւնները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ և գնահատում դրանց համապատասխանութիւնը միջազգային և սահմանադրական պարտաւորութիւններին։

Զեկոյցը պարզորոշ ցոյց է տալիս, որ եկեղեցու ներքին գործերին կառավարութեան ցանկացած միջամտութիւն հակասում է ինչպէս ՄԱԿ-ի և Եւրոպայի խորհրդի հիմնարար փաստաթղթերին, այնպէս էլ ՀՀ Սահմանադրութեան 17-րդ և 18-րդ յօդուածներին, ու ստեղծում է վտանգաւոր նախադէպ Հայաստանի պետականութեան համար։

Ներկայացնում ենք զեկոյցն ամբողջութեամբ:

ԶԵԿՈՅՑ

«Պետութեան միջամտութիւնը Հայոց եկեղեցու գործերին՝ միջազգային իրաւունքի լոյսի ներքոյ»

Ներածութիւն

Վերջին շաբաթների ընթացքում Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանի և Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (ՀԱԵ) միջև ծագած բախումը մտահոգիչ նոր սրացում է ապրում։ Վարչապետը ոչ միայն հրապարակաւ մեղադրեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին եկեղեցական կանոնները խախտելու մէջ (մասնաւորապէս՝ պնդելով, թէ վերջինս խախտել է կուսակրօնութեան ուխտը և զաւակ ունի), այլ նաև պահանջեց նրա անյապաղ հրաժարականը։

Փաշինեանը յայտարարել է, որ «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պէտք է ընտրի նոր կաթողիկոս, ում բարոյական վարքագիծը կհաստատուի ու կվերահաստատուի նախքան ընտրութիւնը»՝ աւելացնելով, որ «վերադարձրել ենք կառավարութիւնը ժողովրդին, այժմ պէտք է եկեղեցին ևս վերադարձնենք ժողովրդին»։

Այս յայտարարութիւններին զուգահեռ վարչապետը նախաձեռնել է քայլեր նոր կաթողիկոսի «ընտրութեան» կազմակերպման համար. մասնաւորապէս, նա սոցիալական ցանցերում ազդարարել է, որ ստեղծում է յատուկ «համակարգող խումբ»՝ կաթողիկոսարանի «ազատագրման» և կաթողիկոսի նոր ընտրութեան գործընթացն կազմակերպելու համար։ Փաշինեանը նոյնիսկ հրապարակել է այդ խմբի անդամների համար սեփական չափանիշները (Աստծուն անշեղ հաւատ, Աստուածաշունչն ամբողջութեամբ կարդացած լինել, վերջին հինգ տարուայ ընթացքում առնուազն մէկ անգամ պահք պահել, ամենօրեայ աղօթք, իսկ եթէ անդամը հոգևորական է՝ անպայման պահած լինի կուսակրօնութեան ուխտը) և յայտարարել, որ անձամբ կնշանակի խմբի առաջին 10 անդամներին։

Յիշեցնենք, որ ըստ Հայաստանի Սահմանադրութեան 17-րդ յօդուածի՝ կրօնական կազմակերպութիւնները պետութիւնից անջատ են և պետութիւնն իրաւունք չունի միջամտելու եկեղեցու ներքին գործերին կամ ղեկավարութեան ընտրութեան կարգին։

Այնուհանդերձ, բարձրաստիճան պաշտօնեաների ուղղակի ներգրաւմամբ տեղի ունեցող այս գործընթացը կոպտօրէն անտեսում է սահմանադրական կարգը՝ ստեղծելով վտանգաւոր նախադէպ, երբ աշխարհիկ իշխանութիւնը փորձում է թելադրել կրօնական կառոյցի բարձրագոյն առաջնորդի ընտրութիւնը։ Հարց է առաջանում՝ ինչպէ՞ս են նման զարգացումները դիտարկուում միջազգային իրաւունքի տեսանկիւնից և համատեղելի՞ են արդեօք Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտաւորութիւնների հետ։ Հայոց եկեղեցու պահպանութեան համահայկական խորհուրդը ներկայացնում է իր քաղաքական-իրաւական զեկոյցը այդ թեմայի շուրջ՝ հենուելով միջազգային չափանիշների, նախադէպերի և հեղինակաւոր աղբիւրների վրայ։

Միջազգային իրաւունքի տեսակէտը՝ միջամտութիւն կրօնական ազատութեանը

Միջազգային իրաւունքի համաձայն՝ կառավարութեան ներկայացուցիչների կողմից եկեղեցու ներքին գործերին որևէ ձևով խառնուելը միանշանակ համարուում է կրօնական ազատութեան խախտում և միջամտութիւն։ ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագրի 18-րդ յօդուածը, ինչպէս նաև 1966 թ. Քաղաքացիական և քաղաքական իրաւունքների միջազգային դաշնագրի (ՔՔԻՄԴ) 18-րդ յօդուածը երաշխաւորում են իւրաքանչիւր անձի խղճի, մտածողութեան և կրօնի ազատութիւնը։

Այս հիմնարար իրաւունքը ներառում է ոչ միայն անձի ազատութիւնն ընտրելու կամ փոխելու իր հաւատքը, այլև կրօնական հաւատացեալների՝ համայնքով իրենց հաւատքն ապրելու և կրօնական կազմակերպութիւններում ինքնավար գործելու իրաւունքը։ Ուստի, պետութեան ցանկացած միջամտութիւն, որը խաթարում է եկեղեցական համայնքի ինքնուրոյնութիւնը, դիտուում է որպէս կրօնի ազատութեան սահմանափակում։

Այս տեսակէտը ամրապնդուած է նաև Եւրոպայի խորհրդի Մարդու իրաւունքների եւրոպական կոնուենցիայի (ՄԻԵԿ) 9-րդ յօդուածով և այդ յօդուածի շուրջ ձևաւորուած հարուստ նախադէպային իրաւունքով։ Մասնաւորապէս, Եւրոպական դատարանը բազմիցս ընդգծել է, որ կրօնական համայնքների ինքնավար գոյութիւնն անկիւնաքարային նշանակութիւն ունի ժողովրդավարական բազմակարծիք հասարակութեան համար։

Դեռևս 2000 թ. ՄԻԵԴ գերագոյն պալատի կայացրած որոշումներից մէկում (Հասանն ու Չաուշն ընդդէմ Բուլղարիայի գործը) արձանագրուել է. «Կրօնական համայնքների ինքնավար գոյութիւնն անփոխարինելի է ժողովրդավարական հասարակութեան մէջ բազմակարծութեան ապահովման համար և գտնուում է Կոնուենցիայի 9-րդ յօդուածով պաշտպանուող արժէքների էութեան կենտրոնում»։

Այլ կերպ ասած, հաւատացեալների իրաւունքները ներառում են սպասումը, որ իրենց կրօնական համայնքը կկարողանայ գործել խաղաղութեամբ՝ զերծ պետութեան կամայական միջամտութիւններից։ Նոյն որոշման մէջ դատարանը յստակեցրել է, որ պետութիւնը որևէ դիսկրետութիւն չունի որոշելու, թէ որ կրօնական համոզմունքներն են «ճիշտ» կամ ինչ ձևով պէտք է դրսևորուի հաւատքը. «Կոնուենցիայով պաշտպանուած կրօնի ազատութիւնը, բացառութեամբ իսպառ արտակարգ դէպքերի, բացառում է պետութեան կողմից որևէ հայեցողութիւն՝ որոշելու, թէ կրօնական հաւատալիքները կամ դրանց արտայայտման միջոցները օրինական են, թէ ոչ»։

Հետևաբար, իշխանութեան գործողութիւնները, որոնց նպատակն է կրօնական բաժանուած համայնքում որևէ առաջնորդի աջակցել կամ համայնքին պարտադրել մէկ միասնական առաջնորդ իրենց կամքին հակառակ, Կոնուենցիայի 9-րդ յօդուածի խախտմամբ միջամտութիւն են համարուում հաւատքի ազատութեան մէջ։

Այսպիսով, երբ երկրի վարչապետը կամ այլ պաշտօնեաներ նախաձեռնութիւն են ցուցաբերում փոխելու եկեղեցու առաջնորդին, «ազատագրելու» կաթողիկոսարանը կամ այլ կերպ կառավարելու եկեղեցու ներքին գործընթացները, սա դիտուում է որպէս մարդու հիմնարար իրաւունքների կոպտագոյն ոտնահարում՝ հակասելով ինչպէս ազգային սահմանադրական նորմերին, այնպէս էլ միջազգային մարդու իրաւունքների չափանիշներին։ Միջազգային իրաւական ընդհանուր մօտեցումն է, որ կրօնական կազմակերպութիւնների ներքին ինքնակառավարումը պէտք է յարգուի պետութեան կողմից, և ցանկացած միջամտութիւն՝ առանց խիստ արդարացման, անընդունելի է։

Այդ տեսակէտը կիսում են նաև իրաւունքների պաշտպանութեան առաջատար կազմակերպութիւնները։ Օրինակ՝ ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների խորհրդի յատուկ բանաձևերում պետութիւններին յորդորուում է ապահովել կրօնի և հաւատքի ազատութեան լիարժէք իրականացումը բոլորի համար և զերծ մնալ ցանկացած գործողութիւնից, որը կարող է խոչընդոտել կրօնական համայնքների ինքնավարութիւնը։

Հայաստանեան վերջին իրադարձութիւնների համատեքստում կառավարութեան քայլերը հենց նման արգելուած միջամտութեան օրինակ են հանդիսանում։ Վարչապետի կողմից հրապարակուած ուղերձները, որտեղ նա կոչ է անում «ազատագրել» Հայ Եկեղեցու առաջնորդարանի նստավայրը «հակաքրիստոնէական ու անբարոյական խմբից» և յայտարարում է, թէ անձամբ կղեկավարի այդ գործընթացը, ինչպէս նաև իրաւապահների ներխուժումը սրբավայրեր և հոգևորականների բռնի կալանումը յունիսի 27-ին, ըստ միջազգային չափանիշների, հաւասարեցուում են կրօնական գործունէութեան ազատութեան հանդէպ անթոյլատրելի ճնշման։

Կրօնի ազատութեան խախտման այս գնահատականը հաստատուում է նաև իրաւական փորձագէտների և դիտորդների կողմից։ Եւրոպական մարդու իրաւունքների դատարանի նախադէպերը (Hasan and Chaush, Holy Synod of BOC v. Bulgaria, Metropolitan Church of Bessarabia v. Moldova և այլն) միանշանակ մատնանշում են, որ պետութիւնը պարտաւոր է խստիւ պահպանել չէզոքութիւնը և չի կարող կառավարել կամ վերահսկել, թէ ով պէտք է լինի որևէ եկեղեցու առաջնորդը։

Նման միջամտութիւնները ոչ միայն իրաւական առումով են անթոյլատրելի, այլև խարխլում են հասարակութեան բազմակարծութիւնն ու խաղաղ համակեցութիւնը։ Ինչպէս նշում է մեկնաբան Ռիչարդ Գիրագոսեանը, ներկայ կոնֆլիկտը վտանգաւոր է նրանով, որ կարող է ընկալուել ոչ թէ պարզապէս իշխանութեան և հոգևոր առաջնորդի «անձնական բախում», այլ որպէս պետական իշխանութեան հակամարտութիւն ամբողջ եկեղեցու դէմ, ինչը խորապէս պառակտում է հասարակութեանը։ Շատ հաւատացեալների համար «եկեղեցու վրայ յարձակուելը նոյնն է, ինչ յարձակուել իւրաքանչիւր հայի վրայ», և հենց այս տեսանկիւնից էլ միջազգային իրաւունքն աներկբայ կանգնած է կրօնական կազմակերպութիւնների կողքին՝ դատապարտելով դրանց հանդէպ ճնշման բոլոր ձևերը։

Պետութեան կողմից ոչ լեգիտիմ միջամտութիւն եկեղեցու գործերին

Նկատի ունենալով վերոյիշեալ նորմերը՝ Հայաստանի իշխանութիւնների գործողութիւնները կարելի է բնութագրել որպէս ոչ լեգիտիմ միջամտութիւն ՀԱԵ-ի ներքին գործերին՝ հակասահամանադրական և հակամիջազգային իրաւական բնոյթի։

Հայաստանն ունի աշխարհիկ պետութեան կարգավիճակ՝ ամրագրուած Սահմանադրութեամբ, և դա նշանակում է, որ հանրային իշխանութիւնը չպէտք է որևէ միջամտութիւն ցուցաբերի Առաքելական Եկեղեցու գործերին։ Հայաստանի Սահմանադրութեան 17-րդ յօդուածը յստակ սահմանում է եկեղեցու և պետութեան տարանջատուածութիւնը, իսկ 18-րդ յօդուածով ճանաչուում է Հայ Առաքելական Եկեղեցու` որպէս ազգային եկեղեցու, բացառիկ առաքելութիւնը Հայ ժողովրդի հոգևոր կեանքում ու ազգային ինքնութեան պահպանման գործում։

Հետևաբար, պետութեան բարձրագոյն պաշտօնեաների գործողութիւնները, որոնք ուղեկցուում են կաթողիկոսի դէմ արշաւով, նոր ընտրութեան նախաձեռնութիւններով և ուժային միջամտութիւններով, հակասում են ոչ միայն միջազգային պարտաւորութիւններին, այլև հենց երկրի Սահմանադրութեան տառին և ոգուն։ Հենց այս մասին է ահազանգում Եկեղեցու գերագոյն ղեկավարութիւնը. Գերագոյն հոգևոր խորհուրդը պաշտօնական յայտարարութեամբ արձագանքել է, որ վարչապետի գործողութիւնները «անցնում են օրինականութեան և բարոյականութեան կարմիր գծերը» և բացայայտ քաղաքական շարժառիթներ ունեն։

Հայոց եկեղեցին իր բոլոր թեմերով (ներառեալ Սփիւռքի թեմերը) հանդէս է եկել գրաւոր յայտարարութիւններով՝ դատապարտելով վարչապետի միջամտութիւնն իր ներքին գործերին։

Միջազգային իրաւունքը ճանաչում է, որ պետութիւնը պարտաւոր է պահպանել չէզոքութիւն ու հաւասարութիւն կրօնական հարցերում։ Սա նշանակում է, որ պետական որևէ մարմին կամ պաշտօնեայ չի կարող իրաւաչափ նպատակի բացակայութեան պայմաններում ներգործել եկեղեցու կառավարման վրայ։ Օրինակ՝ 1992 թ. ԵԱՀԿ Հելսինկեան եզրափակիչ ակտից ի վեր, ինչպէս նաև Վիեննայի 1989 թ. հանդիպման փաստաթղթով, մասնակից պետութիւնները պարտաւորուել են յարգել կրօնական կազմակերպութիւնների իրաւունքը կազմակերպուել իրենց սեփական հաստատական կառուցուածքին համապատասխան և ընտրել, նշանակել կամ փոխարինել իրենց ծառայողական անձնակազմին իրենց իսկ չափանիշներով։

Պաշտօնատար անձանց կողմից կատարուող այս քայլերն ակնյայտօրէն չեն բխում որևէ վաւեր իրաւաչափ նպատակից, ինչը հնարաւորութիւն չէր էլ տա դրանք արդարացնելու կրօնական ազատութեան սահմանափակման չափանիշներով։

Միջազգային իրաւունքով ճանաչուած միակ թոյլատրելի սահմանափակումները կրօնի արտայայտման ազատութեան վրայ կարող են լինել, օրինակ, հասարակական անվտանգութեան, կարգի, առողջութեան, բարքերի կամ այլոց իրաւունքների պաշտպանութեան անհրաժեշտութեամբ պայմանաւորուած դէպքերը (տես ՔՔԻՄԴ 18-րդ յոդուած. 3-րդ մաս)։ Ներկայ պարագայում, սակայն, նման ոչ մի հանգամանք չկայ. հակառակը, իշխանութեան գործողութիւնները դրսևորուում են պետական ռեսուրսների չարաշահմամբ քաղաքական հաշուեյարդար տեսնելու նպատակով։

Վարչապետի ու նրա մերձաւորների բառապաշարը՝ լի վիրաւորական արտայայտութիւններով (երբ եկեղեցականներին անուանում են «սևազգեստ մոլագարներ», «հայրենիքի դաւաճաններ», «կեղծաւորներ» և աւելի գռեհիկ արտայայտութիւններով), ինչպէս նաև ուժի կիրառման սպառնալիքները, խաթարում են հասարակութեան հանդարտութիւնը և բորբոքում ատելութիւն հաւատացեալների նկատմամբ։ Նման վարքագիծը յիշեցնում է պատմական մութ էջեր. ինչպէս նշել են մի շարք վերլուծաբաններ, Հայաստանի ներկայիս ղեկավարութեան հակաեկեղեցական հռետորաբանութիւնն ու քայլերը աննախադէպ են վերջին հարիւրամեակում՝ համեմատելի լինելով միայն բոլշևիկեան իշխանութեան վաղ տարիների հակակղերական հալածանքների հետ։

Հայրենական և արտասահմանեան փորձագէտները նախազգուշացնում են, որ սա ճգնաժամ է, որտեղ իշխանութիւնը վտանգաւոր կերպով հեղեղում է եկեղեցու տարածքը՝ սպառնալով վերջինիս գոյութիւնը առանց պետական միջամտութեան։ Չարաբաստիկ կերպով, այս իրավիճակում «հայկական պետութիւնը ինքն է դարձել յարձակուող կողմը իր իսկ ազգային եկեղեցու նկատմամբ»։

Իրաւական մասնագիտական տեսանկիւնից նաև կարևոր է ընդգծել, որ եկեղեցական կանոնակարգերի հարցերը, օրինակ՝ կաթողիկոսի ընտրման կանոնները կամ նրա կողմից պահուող ուխտերը, համարուում են եկեղեցու ներքին գործ։ Կաթողիկոսի կուսակրօն լինելու պահանջը, նրա վարքագծի գնահատականը և ընդհանրապէս եկեղեցու առաջնորդի նկատմամբ կարգապահական միջոցների կիրառումը պէտք է որոշուի եկեղեցու ներսում, ոչ թէ կառավարութեան կողմից։ Ինչպէս նկատում է լրագրող-վերլուծաբան Յարութ Սասունեանը, «կաթողիկոսի կուսակրօնութեան հարցը եկեղեցու ներքին խնդիրն է, որը վարչապետի գործը չէ»։

Աւելին, Փաշինեանի նախաձեռնած «Համակարգող խումբը» որևէ իրաւական լեգիտիմութիւն չունի. ոչ ազգայնօրէն և ոչ միջազգային իրաւունքի որևիցէ ակտիւ չի նախատեսուում, որ երկրի գործադիր ղեկավարը կարող է ստեղծել մի մարմին՝ ղեկավարուող անձամբ իր կողմից, որն զբաղուի եկեղեցու առաջնորդի ընտրութեան «կազմակերպմամբ»։ Նման քայլը կանխորոշուած է ձախողման և դատապարտման, քանզի բացայայտ ոտնահարում է ինչպէս իրաւունքի գերակայութեան, այնպէս էլ ժողովրդավարական բաժանարարութեան սկզբունքները։

Այդպիսի «գրաւումը» (ինչպէս որակուեց որոշ մեկնաբանների կողմից՝ «եկեղեցու ռեյդերեան զաւթում»), վտանգում է նաև պետականութեանը, որովհետև խաթարում է հասարակութեան կարևոր ինստիտուտներից մէկի հանդէպ վստահութիւնը և կարող է առաջացնել զանգուածային հակազդեցութիւն։

Ամփոփելով, կարելի է ասել, որ Հայաստանի կառավարութեան՝ կաթողիկոսին հեռացնելու, եկեղեցու կառոյցը «վերակազմակերպելու» ծրագիրը օրինաչափութեան որևէ չափանիշի մէջ չտեղաւորուող, ոչ լեգիտիմ և դատապարտելի միջամտութիւն է կրօնական կազմակերպութեան գործերին։ Միջազգային և ներքին իրաւական չափանիշներով, պետութիւն-եկեղեցի յարաբերութիւններում պետութիւնը չպէտք է գերազանցի իր լիազօրութիւնները և բռնակիրը դառնայ. պետական ինստիտուտների դերը կրօնական ազատութիւնը պաշտպանելն է, այլ ոչ թէ՝ ճնշելը։ Եւ յատկապէս ժողովրդավարական պետութիւնում ոչ ոք կանգնած չէ օրէնքից վեր, այդ թուում՝ վարչապետը. պետական պաշտօնեայի անձնական քաղաքական նպատակները չեն կարող արդարացնել եկեղեցու դէմ կիրառուող ճնշումները, որոնք ոտնահարում են հազարաւոր հաւատացեալների խղճի և դաւանանքի իրաւունքը։

Միջազգային արձագանքը և Հայաստանի պարտաւորութիւնները

Իրաւունքի նորմերի նման կոպիտ խախտումները պարտաւորեցնում են միջազգային հանրութեանը արձագանքել։ Ըստ 1993 թ. Վիեննայի հռչակագրի, ցանկացած երկրի մէջ մարդու հիմնարար իրաւունքների զանգուածային խախտումները այլ երկրների ու միջազգային կազմակերպութիւնների իրաւազօր մտահոգութեան առարկան են (միջազգային հանրութիւնը պարտաւոր է չանտեսել դրանք)։ Մասնաւորապէս, Վիեննայի հռչակագրի 1-ին մասի 4-րդ կէտով ամրագրուած է, որ մարդու իրաւունքների պաշտպանութիւնն ու առաջմղումը համաշխարհային համայնքի օրինաւոր մտահոգութիւնների շրջանակում է, այլ ոչ միայն տուեալ երկրի ներքին գործը։

Հետևաբար, երբ Հայաստանում ի յայտ են գալիս խղճի, կրօնի և դաւանանքի ազատութեան զանգուածային խախտումներ, միջազգային գործընկերները ստանձնած են արձագանքել և անուղղակի ձևերով նպաստել իրավիճակի շտկմանը։

Արդէն կան նման արձագանքներ։ Հայաստանը, հանդիսանալով ՄԱԿ-ի, Եւրոպայի խորհրդի և ԵԱՀԿ-ի անդամ, կրում է պարտաւորութիւններ պաշտպանելու կրօնական ազատութիւնները և չթուլացնելու ժողովրդավարական ինստիտուտները։ Վերջին զարգացումների կապակցութեամբ մի խումբ հայաստանեան հասարակական կազմակերպութիւններ, իրաւապաշտպաններ ու ընդդիմադիր քաղաքական ուժեր համատեղ նամակ-դիմում են յղել միջազգային կազմակերպութիւններին (ՄԱԿ-ի մարդու իրաւունքների խորհուրդ, Եւրոպայի խորհրդի մարդու իրաւունքների յանձնակատար և այլք)՝ ահազանգելով «կրօնական ազատութեան համակարգուած խախտման» մասին Հայաստանում։

Նամակում մանրամասն ներկայացուել է, թէ ինչպէս է կառավարութեան վարքագիծը խախտում ոչ միայն ՀՀ Սահմանադրութիւնը, այլև երկրի կողմից ստորագրուած կարևորագոյն միջազգային փաստաթղթերը՝ ՄԻԵԿ 9-րդ յօդուած, ՔՔԻՄԴ 18-րդ յօդուած և մի շարք այլ պարտաւորութիւններ։ Նամակի հեղինակները պահանջել են միջազգային գործընկերներից տալ սկզբունքային գնահատականներ և դատապարտել գործադիր իշխանութեան կողմից եկեղեցու գործերին միջամտելու ու հաւատացեալների իրաւունքները ոտնահարելու այս երևոյթը։ Կոչ է արուել օգտագործել բոլոր մատչելի դիւանագիտական և իրաւապաշտպան լծակները՝ օգնելու կանգնեցնել Հայաստանում բռնաճնշումները եկեղեցու նկատմամբ և վերականգնել սահմանադրական կարգը։

Միջազգային ճանաչուած կազմակերպութիւններն արդէն արձագանքում են տեղի ունեցող իրադարձութիւններին։ Յատկապէս, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (World Council of Churches — WCC), որը ներկայացնում է աւելի քան 500 միլիոն քրիստոնեաներ աշխարհում, յատուկ յայտարարութիւն է տարածել՝ խորին մտահոգութիւն յայտնելով Հայաստանի կառավարութեան գործողութիւնների վերաբերեալ։ ԵՀԽ-ն դատապարտել է իշխանութիւնների կողմից ուժի կիրառմամբ միջամտութիւնը Էջմիածնի Մայր Աթոռում և բարձրագոյն հոգևորականների կալանաւորումը՝ շեշտելով, որ նման քայլերը վտանգում են աշխարհի հնագոյն քրիստոնէական եկեղեցիներից մէկի կրօնական ազատութիւնն ու հոգևոր ամբողջականութիւնը։ ԵՀԽ-ի գլխաւոր քարտուղար Ջերի Փիլեյը յորդորել է Հայաստանի կառավարութեանը անյապաղ դադարեցնել ցանկացած ճնշում կամ ագրեսիա կրօնական հաստատութիւնների նկատմամբ, ինչպէս նաև զգուշացրել է խիստ ձեռնպահ մնալ հանրային խօսքում թշնամանքի ու բաժանարար հռետորաբանութեան կիրառումից:

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի յայտարարութեանը համահունչ, միջազգային մամուլն ու իրաւապաշտպան շրջանակները ևս քննարկում են ստեղծուած իրավիճակը որպէս լուրջ հետընթաց Հայաստանի համար։ Օրինակ՝ Jamestown Foundation վերլուծական կենտրոնը նշում է, որ վարչապետ Փաշինեանի գործողութիւնները խորացնում են պետութեան և եկեղեցու միջև առկայ վէճը և վտանգում սահմանադրական սահմանազատումները իշխանութիւնների և հոգևոր ոլորտի միջև։

Ի պատասխան այսպիսի քննադատութիւնների՝ Հայաստանի իշխանութիւնները պաշտօնապէս հերքում են, թէ ներքին գործերին միջամտում են՝ պնդելով, որ պարզապէս «արձագանքում են հասարակութեան պահանջներին» հոգևորականի վերաբերող մեղադրանքների առնչութեամբ։ Սակայն նման բացատրութիւնները թերահաւատօրէն են ընդունուում ինչպէս երկրի ներսում, այնպէս էլ դրսում։ ԱՄՆ Պետդեպարտամենտի 2022 թ. կրօնական ազատութեան զեկոյցում արդէն նշուած էր, որ Հայաստանում որոշ խմբեր մտահոգուած են եկեղեցու և պետական պաշտօնեաների միջև աճող լարուածութեամբ և հոգևոր անձանց նկատմամբ հնչող սպառնալիքներով։

Եթէ իրավիճակը շարունակուի սրուել, չի բացառուում, որ ԱՄՆ Միջազգային կրօնական ազատութեան յանձնաժողովը (USCIRF) կամ Եւրախորհրդարանի համապատասխան ստորաբաժանումները լսումներ անցկացնեն Հայաստանում կրօնական ազատութիւնների հարցով՝ որի ելքում կառավարութեանը կարող են տրուել խիստ գնահատականներ։ Բացի այդ, Հայաստանը որպէս Եւրոպայի խորհրդի անդամ կոտնահարի իր պարտաւորութիւնները, եթէ այս հակամարտութիւնը չլուծուի իրաւական դաշտում։ Հաշուի առնելով, որ արդէն կան թիրախաւորուած հոգևորականներ (օրինակ՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանը կալանաւորուել է ամիսներ անց, չնայած նախկինում դատախազութիւնը եզրակացրել էր, որ նրա խօսքում յանցակազմ չկայ) և այլոք, լիովին հնարաւոր է, որ առաջիկայում ՄԻԵԴ-ում Հայաստանի դէմ գործեր սկսուեն կրօնի ազատութեան խախտումների հիմքով։

Ուրուագծուող այս պատկերը փաստում է, որ միջազգային հանրութիւնը չի պատրաստուում աչք փակել Հայաստանում տեղի ունեցող պետութիւն-եկեղեցի պայքարի վրայ։ Ընդհակառակը, միջազգային դերակատարները պարտաւորուում են բարձրաձայնել և միջամտութեան կոչեր անել, քանի որ վտանգուած են ժողովրդավարութեան ու իրաւունքի գերակայութեան հիմնասիւներից մէկը՝ կրօնական ազատութիւնը։ Դա նշանակում է, որ Հայաստանի իշխանութիւնները կարող են կանգնել լուրջ դիւանագիտական ճնշման առջև, եթէ շարունակեն այս գիծը։

Եւրոպական միութեան բարձրաստիճան պաշտօնեաները, օրինակ, կարող են բարձրացնել հարցը Հայաստան-ԵՄ յարաբերութիւնների շրջանակներում՝ յիշեցնելով, որ ՀՀ-ն եւրոպական արժէքների շրջանակում ստանձնել է հաւատարիմ մնալ խղճի և դաւանանքի ազատութեան հիմնարար իրաւունքին։ Նմանատիպ ձևակերպումներ ներառուած են ԵՄ-ի հետ կնքուած Համապարփակ և ընդլայնուած գործընկերութեան համաձայնագրում, և դրանց խախտումը կարող է ազդել երկկողմ յարաբերութիւնների վրայ։

Դրական առումով, միջազգային արձագանքները միտուած են ոչ թէ Հայաստանի պատժման, այլ իրավիճակի կարգաւորմանը իրաւական դաշտում։ ԵՀԽ-ի յայտարարուած պատրաստակամութիւնը՝ աջակցելու պետութիւն-եկեղեցի երկխօսութեանը, խօսում է այն մասին, որ միջազգային համայնքը ցանկութիւն ունի օգնելու յաղթահարել այս ճգնաժամը խաղաղ և կառուցողական ճանապարհով։ Դա, սակայն, նախ և առաջ պահանջում է, որ Հայաստանի կառավարութեան ղեկավարութիւնը դադարի իր ներկայ ոչ իրաւաչափ ոճը։ Մինչդեռ հակառակ դէպքում, եթէ ճնշումները շարունակուեն կամ վատթարանան (օրինակ՝ եթէ փորձ կատարուի ֆիզիկապէս հեռացնել Գարեգին Բ-ին Մայր աթոռ ՍԲ. Էջմիածնից), ապա կարելի է կանխատեսել կոշտ պատժամիջոցների և համաժողովրդական ընդվզման սցենարներ։

Եզրակացութիւն

Այս վերլուծութիւնից բխում է միանշանակ հետևութիւն. միջազգային իրաւունքի տեսանկիւնից Հայաստանի բարձրաստիճան իշխանութեան ներկայացուցիչների յարձակումները Հայ Առաքելական Եկեղեցու վրայ ոչ միայն անհանդուրժելի են, այլ նաև որակուում են որպէս մարդու իրաւունքների կոպիտ խախտումներ։ Կրօնի ազատութիւնը պաշտպանուում է թէ՛ համաշխարհային, թէ՛ տարածաշրջանային փաստաթղթերով, և այդ պաշտպանութեան առանցքում դրուած է կրօնական կազմակերպութիւնների ինքնավարութեան իրաւունքը։

Պետութիւն-եկեղեցի բաժանման ու չմիջամտման սկզբունքը ժամանակակից իրաւական պետութեան հիմնաքարերից է, որը չի կարելի ոտնահարել որևէ քաղաքական նպատակայարմարութիւնից ելնելով։ Հայաստանի Հանրապետութիւնն, ունենալով և՛ սահմանադրական, և՛ միջազգային մակարդակով ստանձնած պարտաւորութիւններ, պիտի հաւատարիմ մնա դրանց, այլապէս վտանգում է սեփական ժողովրդավարական զարգացման հեռանկարը։

Ամփոփելով՝ կարելի է ձևակերպել հետևեալ կէտերը.

Միջազգային չափանիշները միանշանակօրէն դատապարտում են պետութեան կողմից կրօնական կազմակերպութիւնների գործերին ցանկացած անհարկի միջամտութիւն։ UDHR 18-րդ յօդուածից մինչև ԵԱՀԿ յանձնառութիւններ, ամենուր հռչակուած է, որ կրօնական հանրոյթները պէտք է կարողանան կազմակերպուել, ընտրել իրենց առաջնորդներին և գործել առանց արտաքին թելադրանքի։ Հայաստանի ներկայիս իրավիճակը ցոյց է տալիս պետութեան ուղղակի ներխուժում այդ ինքնավար տիրոյթ, ինչը հակասում է թէ՛ ՄԻԵԴ նախադէպերին, և թէ՛ ժողովրդավարական հասարակութիւնների ընդունած արժէքներին։

Հայաստանի կառավարութեան գործողութիւններն ուղիղ հակասում են երկրի Սահմանադրութեան պահանջներին և երկրի միջազգային պարտաւորութիւններին։ Կաթողիկոսի հրաժարականի պահանջը, «նոր ընտրութեան» կազմակերպման փորձերը պետական լծակներով, հոգևորականների դէմ քրէական հետապնդումները և սրբավայրերի պաշարումը ոչ մի կերպ չեն համապատասխանուում իրաւաչափ սահմանափակումների չափորոշիչներին։ Դրանք կրում են պատժիչ ու քաղաքական հաշուեյարդարի բնոյթ, այսինքն՝ լեգիտիմ հիմք չունեն և խստիւ խախտում են խղճի ու կրօնի ազատութեան իրաւունքը։

Արդէն իսկ հեղինակաւոր կազմակերպութիւնները (ինչպիսիք են Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը) դատապարտել են Հայաստանի կառավարութեան քայլերը՝ որպէս կրօնական ազատութեան դէմ ոտնձգութիւն։ Եթէ իրավիճակը չշտկուի, հաւանական է, որ կուժեղանայ ճնշումը նաև այլ հարթակներից՝ ՄԱԿ, ԵՄ, Եւրոպայի խորհուրդ, ԱՄՆ և այլն։ Դա ընդգծում է, որ Հայաստանի հարցում միջազգային վերահսկողութիւնը և աջակցութիւնը կարևորուում են, և երկիրը գտնուելու է ուշադրութեան կենտրոնում մինչև ազատութիւնների լիարժէք վերականգնումը։

Խաղաղ լուծման և երկխօսութեան կարևորութիւնը։ Չնայած իրավիճակի լրջութեանը, և՛ տեղական, և՛ միջազգային դերակատարները մատնանշում են երկխօսութեան կարևորութիւնը։ Միայն ներքին համախմբուածութեան և օրէնքի դաշտ վերադառնալու պարագայում է հնարաւոր խուսափել խորացող ճգնաժամից։ Եկեղեցու հաւատացեալների և պետութեան բախումը ոչ մէկի շահերից չի բխում, ուստի փոխադարձ յարգանքի և սահմանադրականութեան վերականգնման ուղղութեամբ քայլերը կենսական անհրաժեշտութիւն են։

Վերջում, հարկ է կարևորել, որ կրօնական կազմակերպութեան գործերին միջամտելը պէտք է դատապարտուի ամենուր և ամէն դէպքում։ Սա միայն հայաստանեան խնդիր չէ, այլ համամարդկային սկզբունք. պետութիւնը չպէտք է դառնայ ոչ դատաւոր, ոչ գործադիր եկեղեցու ներքին կեանքում։ Այդ ճշմարտութիւնը հաստատուած է բազմիցս պատմութեամբ ու միջազգային իրաւունքով։ Հայաստանի օրինակը պէտք է լինի զգուշացում բոլորի համար, որ ժողովրդավարութիւնը և մարդու իրաւունքները մշտական պաշտպանութիւն և ուշադրութիւն են պահանջում։

Աշխարհի առաջին քրիստոնեայ ազգի համար յատկապէս ցաւալի ու վտանգաւոր է տեսնել պետութեան և եկեղեցու միջև նման ընդհարում։ Հաւատում ենք, որ ինչպէս պատմութեան ընթացքում բազմիցս, հայ ժողովուրդը և նրա բազմադարեայ եկեղեցին կյաղթահարեն այս փորձութիւնը՝ պահպանելով իրաւունքի գերակայութիւնն ու կրօնի ազատութիւնը՝ ի փառս Հայաստան պետութեան ու հասարակութեան համերաշխութեան։

azg.am

Share