Այս բռնաճնշումներով մեզ չեն կարող ստիպել դադարեցնել յանուն մեր երկրի, մեր սերունդների, մեր հաւատքի, մեր իրաւունքների պայքարը. Իգոր Սարգսեան

Այս բռնաճնշումներով մեզ չեն կարող ստիպել դադարեցնել յանուն մեր երկրի, մեր սերունդների, մեր հաւատքի, մեր իրաւունքների պայքարը. Իգոր Սարգսեան

Անազատութեան մէջ գտնւող ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, ազատամարտիկ Իգոր Սարգսեանի նամակը՝ Երեւան քրէակատարողական հիմնարկից.

Սիրելի՛ հայեր,

ցանկանում էի երկար, հանգամանալից, փաստարկւած ներկայացնել օրւայ իշխանութիւնների «Սրբազան պայքարի» ակտիւիստների, Բագրատ եւ Միքայէլ Սրբազանների եւ առհասարակ ազգային ուժերի ներկայացուցիչների, նւիրեալ հայերի ձերբակալութիւնները, սակայն որոշեցի գրել հակիրճ երկարը թողնելով ուրիշ առիթների:

Ձերբակալութիւնների նպատակն է թշնամու նոր կամ ընթացիկ զիջումներին ընդառաջ ճնշել հայի պայքարի ոգին, ազատ ապրելու իրաւունքը, անկախ հայրենիք ունենալու բաղձանքը, պղծելու մեր հաւատքի տաճարը Սուրբ Էջմիածինը:

Քրէական գործը ամբողջովին սուտ է, կեղծ, անօրինական, անհիմն, սարքած:

Պետական իշխանութեան համակարգը թշնամիների թելադրանքով եւ ծրագրով ծանր մեղադրանքներ է (ահաբեկչութիւն, իշխանութեան զաւթում) կիրառում, ձերբակալում «Սրբազան պայքար» շարժման մասնակիցներին, ազգային քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, նւիրեալ հայերին:

Ես կը սպասեմ արդարադատութեանը, սրանով մեզ չեն վախեցնի։

Հայեր ջան, այս բռնաճնշումներով մեզ չեն կարող ստիպել դադարեցնել յանուն մեր երկրի, մեր սերունդների, մեր հաւատքի, մեր իրաւունքների պայքարը:

Կեղծ խաղաղութեան անւան տակ թշնամին փորձում է խլել մեր երկիրը ամբողջութեամբ, ամէն օր, իսկ մեր տգէտներն ու դաւաճանները հաւատում եւ համագործակցում են նրանց հետ:

Մենք պէտք է պայքարենք առանց յուսահատւելու, վճռականօրէն ընթանանք մեր ճշմարտութեան ճանապարհներով: ԱՍՏԾՈւՆ մեր հոգիներում ապրեցնելով, Նրա առաջնորդութեամբ, հաւատքով, զէնքը, բահը, գրիչը մեր ձեռքերում պաշտպանենք մեր հայրենիքը, ապրելու մեր իրաւունքը քրտնաջան աշխատելով եւ ստեղծագործելով:

Սիրելի՛ հայեր, վտանգը շատ մեծ է: Թշնամին ատամները սրած յօշոտում է մեր սահմանները: Պէտք է լինենք զգօն, համախմբւած, պայքարենք թէ բանտերից, թէ ազատութեան մէջ, թէ սահմանի վրայ պաշտպանելով հայրենիքը, թէ փողոցներում, թէ խորհրդարանում։ Պայքարը պէտք է լինի ամենուր։

Իմ սիրելի դաշնակցական ընտանիք, «Սրբազան պայքարի» ընկերներ մենք ստեղծման օրւանից պայքարել ենք հայկական պետութիւնը վերականգնելու – փափագով եւ մեծ կորուստների գնով, զոհողութիւններով ու զոհաբերութիւններով հասել ենք նպատակին, այնուհետեւ պայքարել ենք հայրենիքի մասունքները յետ բերելու համար: Այդ ճանապարհին շատ հզօր, նւիրեալ ընկերներ ենք կորցրել։ Բանտերում ու զնդաններում տասնեակ տարիներով տառապել են մեր ընկերները: Այսօր էլ Բաքւի բանտերում են գտնւում մեր հայրենակիցները։ Իմ հայաստանեան բանտում գտնւելը չնչին զոհողութիւն է տասնեակ հազարաւոր զոհւածների եւ վիրաւորների կեանքի համեմատ:

Մի մտածէք մեր մասին, յատկապէս ասեմ, որ այստեղ էլ լաւ հայեր կան՝ թէ՛ բանտապահների, թէ՛ կալանաւորների մէջ:

Մենք անկեղծ զինւոր ենք…

Փառքը ԱՍՏԾՈՒՆ, կեանք Նրա ժառանգներին՝ հայերին եւ յաւերժութիւն Նրա ժառանգութեանը Հայաստանին։

Share