Տեղեկացնում ենք, որ այսօր՝ յուլիսի 13-ին, ՁՊՎ-ից ազատ են արձակուել նախորդ օրերին ապօրինի կերպով ձերբակալուած անձանցից հինգը։
Նրանցից որևէ մէկի նկատմամբ մինչ այս պահը որևէ մեղադրանք չի առաջադրուել՝ իրաւական հիմքերի բացակայութեան պատճառով։
Աւելի վաղ երկու ամսով կալանաւորուել է տասնութամեայ Անդրանիկ Չամիչեանը, ում մօտ յայտնաբերուել էին բացառապէս օրինական և սթրայքբոլ խաղի համար նախատեսուած պարագաներ։
Ձերբակալուածներից մէկ այլ քաղաքացու նկատմամբ, որի բնակարանում աւելի ուշ յայտնաբերուել էր մէկ նռնակ, նոյնպէս կիրառուել է երկամսեայ կալանք։ Ուշագրաւ է, որ այս դէպքում մեղադրող կողմը հրաժարուել է ահաբեկչութեան կազմակերպման մեղադրանքից, և քաղաքացին կալանաւորուել է միայն ապօրինի զինամթերք պահելու մեղադրանքով։
Այսպիսով, կրկին փաստում ենք, որ, ինչպէս արձանագրել էինք մեր նախորդ յայտարարութիւններում, ահաբեկչութեան կազմակերպման մասին պնդումներն ի սկզբանէ եղել են անհիմն։ Կրելով բացայայտ քաղաքական ենթատեքստ ու նպատակադրում՝ դրանք նպատակ էին հետապնդում մոլորեցնել և ահաբեկել հանրութեանը։
Շինծու այս քրէական գործերի բոլոր մանրամասները հանրութեանը ներկայացնելու նպատակով, երկուշաբթի՝ յուլիսի 14-ին, ժամը 14:00-ին ՀՅԴ «Սիմոն Վրացեան» կենտրոնում (Հանրապետութեան 30) կկազմակերպուի մամուլի ասուլիս՝ գործով ներգրաւուած փաստաբանների մասնակցութեամբ։
ԶԼՄ բոլոր ներկայացուցիչներին սիրով հրաւիրում ենք լուսաբանելու ասուլիսը։