ՀՀԿ փոխնախագահ Արմէն Աշոտեանը ֆէյսբուքեան իր էջում անդրադարձել է վերջին օրերին ՀՅԴ-ի դէմ բռնաճնշումներին:
«Անկախ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հետ իմ ունեցած բնական եւ անբնական, հիմնաւոր եւ անհիմն, հատւածական եւ ընթացիկ տարաձայնութիւններից, իմ լիակատար աջակցութիւնն ու զօրակցութիւնն եմ յայտնում պայքարի եւ կեանքի, կալանքի եւ ազատութեան, որպէս կանոն՝ նեղ օրերին զինակից, լայն օրերին՝ իմ ընդդիմախօս ընկերներին եւ գործընկերներին։
Երազում եմ այն օրւայ մասին, որ կրկին շռայլութիւն ունենանք վիճելու պահպանողականութեան եւ սոցիալիզմի մասին՝ մշտապէս հաւատարիմ մնալով ազգային նկարագրին։
Իսկ նկարը գուցէ նորից ոմանց մօտ տարակուսանք առաջացնի։
Այն կրկին տեղադրում եմ ոչ միայն հիմա էլ ՀՅԴ-ի հանդէպ անթաքոյց բռնաճնշումների առիթով։
Ոչ միայն այն յիշողութեամբ, որ հեռաւոր անցեալում լուսահոգի Եփրեմ պապս բակի թթենիները էտելիս դաշնակցական երգեր էր երգում:
Ոչ միայն այն պատճառով, որ Հանրապետականից յետոյ ամենաշատ ընկերներ Դաշնակցութիւնում ունեմ։
Ոչ միայն այն յիշողութեամբ, որ սոյն գլխարկը ինձ նւիրել է ՀՀԿ գրասենեակ արտերկրից ժամանած մի դաշնակցական կարգին տղայ։
Ոչ միայն յայտնի ճշմարտութեամբ, որ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն բացառիկ ինստիտուցիոնալ ազգային ուժեր են։
Ոչ միայն այն վստահութեամբ, որ կուսակցութիւնս ու ես այդ աստիճան լայնախոհ եւ կայացած ենք, որ վաղուց նեղ կուսակցական քարոզից անդին ենք։
Տեղադրում եմ, որովհետեւ ձեռքը ձեռք է լւանում, իսկ երկու ձեռքը՝ երես։
Որովհետեւ մեզ միաւորող ցաւը աւելին է, քան մեզ բաժանող տարիները, ամբիցիաները եւ մուննաթը։
Որովհետեւ մեր ժողովրդի շահը մէկն է, եւ մենք միասին անելիք ունենք, պարտք ունենք, առաքելութիւն ունենք, Հայրենիք ունենք։
Պահանջատէրի արմատներով՝ հայրենատէր ձեր բախտակից»,- գրել է նա: