«Երեկ իսկապէս ծանր գիշեր էր․ երկու կողմն էլ օգտագործում էին իրենց ծանր զինանոցը՝ կարծես միմեանց ապտակ տալու խնդիր կար», – Փաստինֆոյին յայտնեց Իրանում հրատարակուող «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանը։

Նրա խօսքով՝ պայթիւն է տեղի ունեցել իր տան մօտ, սակայն, բարեբախտաբար, իրենք չէն տուժել։ «Համայնքում մեծ վնասներ չկան։ Պայթիւն եղաւ Հայկական «Արարատ» մարզաւանի մօտակայքում․ պայթիւնի ալիքից՝ ինչպէս «Ալիք»-ի խմբագրութիւնում, այնպէս էլ մարզաւանում, պատուհանների ապակիները փշրուեցին եւ երկու դուռ վնասուեց։ Դա է ամբողջ վնասը։ Այժմ յարաբերական անդորր է՝ պաշտօնապէս դեռ ոչինչ չի յայտարարուել, բայց դէ ֆակտոյ հրադադար է։ Սպասում ենք՝ ինչ զարգացում կը լինի։ Օրուայ ընթացքը ցոյց կը տայ՝ հրադադարը կը պահպանուի, թէ ոչ։ Ամէն դէպքում, Իրանը յայտարարել է, որ եթէ միւս կողմն անգամ խախտի, ինքը՝ չի խախտելու», – ընդգծեց Շահնազարեանը։
Նա նաեւ տեղեկացրեց, որ պատերազմի առաջին օրերին Իրանում սահմանուել էր վառելիքի վաճառքի սահմանափակում՝ իւրաքանչիւր վարորդ կարող էր գնել առաւելագոյնը 25 լիտր․ «Դա արուել էր ռեսուրսների կարգաւորման նպատակով։ Խուճապ չկար, սակայն հոգեբանական լարուածութիւն առկայ էր, եւ բենզալցակայանների մօտ հերթեր գոյացել էին։ Որպէսզի քաղաքացիները կարողանան անհրաժեշտութեան դէպքում արագ տեղափոխուել, փորձում էին բաքերը լիքը պահել։ Սակայն վառելիքի մատակարարումը երբեք չի դադարել։ Պետութիւնը կարողացել է ապահովել բենզալցակայանների գործունէութիւնը, անգամ քաղաքից դուրս շրջիկ տանկերներ էին տեղակայուած՝ ճանապարհներին բենզին մատակարարելու համար»։
Շահնազարեանի խօսքով՝ Թեհրանի բնակչութեան մի մասը, յատկապէս ամառանոց ունեցողները, նախընտրել է քաղաքից դուրս գնալ՝ աւելի ապահով վայրեր։ «Քաղաքը ռմբակոծւում էր, այդ պատճառով էլ մարդիկ հեռանում էին։ Սակայն վերջին երեք օրերին քաղաքը աստիճանաբար վերադառնում է բնականոն կեանքին։ Ոմանք ծովափ են մեկնել, յատկապէս Գիլանի ու Մազանդարանի ուղղութեամբ, իսկ այժմ՝ երբ միջոցները սպառւում են, մարդիկ վերադառնում են։ Կարծում եմ՝ վաղը Թեհրանը ամբողջութեամբ կուերադառնայ իր բնական ռիթմին»։Պատասխանելով հարցին, թէ ինչու դէպի Հայաստան մեծ հոսք տեղի չունեցաւ, նա նշեց՝ «Օդային երթեւեկութիւնը դադարեցուած էր, իսկ աւտօբուսների տոմսեր դժուար էր ձեռք բերել։ Առաջիկայ 10 օրուայ բոլոր տոմսերն արդէն սպառուած էին։ Իսկ անձնական մեքենայով մեկնելու դէպքում մարդիկ նախ ծախսէրն էին հաշւում։ Իրանցիները նախընտրում են երկրի ներսում աւելի ապահով վայրեր տեղափոխուել, քան դուրս գալ։ Ի վերջոյ, եթէ դուրս գաս, ո՞ւր պիտի գնաս, ու ինչքա՞ն մնաս՝ մի ամիս, երկու ամիս… սա յայտնի չէ, որովհետեւ պարզ չէ՝ որքան կը շարունակուի պատերազմը»։
Նա յաւելեց, որ համացանցը պատերազմի սկզբում դանդաղել է, ապա ամբողջութեամբ արգելափակուել՝ անվտանգութեան նկատառումներով։ «Երրորդ օրուանից համացանցը ամբողջութեամբ փակուեց։ Դա արուել է, քանի որ գործակալական մեծ ցանց էր ակտիւ Իրանում, եւ Իսրայելը այդ ցանցերի միջոցով էր հիմնականում հարուածներ հասցնում։ Համացանցի սահմանափակմամբ նաեւ դադարեցին ինտերնետի միջոցով վերահսկուող քուադրոկոպտորների պայթիւնները»։