Բաքուի զինուորական դատարանում ընթանում է Արցախի ղեկավարների ու տարբեր պաշտօնեաների՝ ընդհանուր 15 անձի նկատմամբ յարուցուած շինծու գործերով դատական հերթական նիստը:
Նախորդ նիստը տեղի էր ունեցել յունիսի 21-ին, որի ընթացքում Արցախի նախկին նախագահ Բակոյ Սահակեանը պատասխանել էր պետական մեղադրողների հարցերին։ Նա նշել էր, որ մի ժամանակ ինքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի անդամներից մէկն է եղել՝ յայտարարելով որ ՀՀ կառավարութեան ներկայացուցիչները, ինչպէս նաեւ Արցախի ղեկավարները հիմնադրամի անդամներ են եղել:
Սահակեանը ասել էր, որ հիմնադրամի կողմից հաւաքագրուած միջոցների մի մասն ուղղուել է Հայաստանում տարբեր նախագծերի իրականացմանը, իսկ միւս մասը՝ Արցախում աշխատանքների իրականացմանը։ Դատական նիստին ուսումնասիրուել էին նաեւ Արցախի տարածքներում, իբրեւ թէ, «անօրինական բնակեցման վերաբերեալ մի շարք փաստաթղթեր»։
Ըստ ադրբեջանական լրատուամիջոցների՝ Բակոյ Սահակեանն էլ ասել էր, որ «հիմնականում Սիրիայի եւ Լիբանանի քաղաքացիներ, ինչպէս նաեւ այլ երկրների որոշ բնակիչներ բերուել եւ վերաբնակեցուել են» Արցախի տարածքներում։
Յաւելենք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանի գործն առանձին է քննւում։ Նրա գործով յաջորդ նիստը նշանակուած է յունիսի 24-ին։
