Անուշ Կարապետեանը ծնուել է 1938 թուականի յունիսի 28 ին Իրանի Թաւրիզ քաղաքում, նա Արփենիկ և Արտուշ Յարութիւնեան ընտանիքի առաջին զաւակն էր։ Իր նախնական կրթութիւնը ստացել է Թաւրիզի հայոց դպրոցում։ Տասը տարեկան հասակում նա կորցնում է հօրը, նրա և իր մնացած հինգ քոյրերի և եղբայրների խնամքը մնալով մօր և մեծ մօր ուսերին։ Հոր մահից շատ չանցած ընտանիքը ստիպուած տեղափոխուում է մայրաքաղաք Թեհրան։
Իր դպրոցական տարիները նա անց է կացնում Թեհրանի հանրայայտ հայոց Քուշեշ դպրոցում։ Լինելով աշխատասէր և խելացի նա իր տարիքից շուտ գերազանց աւարտում է դպրոցը։ 16 տարեկանում Անուշը հանդիպում է իր կեանքի ամենակարևորագոյն խորհրդատուին/մենթորին Բերսաբէ Յովսէփեանին, որը հիմնադիրն էր իր տեսակի մէջ առաջինը Թեհրանում որպէս մանկապարտէզ, միջնակարգ և աւագ դպրոց մէկ հարկի տակ։ Նա անմիջապէս նկատում է Անուշի աշխատասիրութիւնը, նրա բնածին սերը դէպի հայոց լեզուն և հայրենասիրութեան խորը արմատներն ու նուիրուածութիւնը։ Երիտասարդ Անուշին նա անմիջապէս աշխատանքի է ընդունում իր դպրոցում և նրան հնարաւորութիւն տալիս աշխատելու և միևնոյն ժամանակ բարձրագոյն ուսումը շարունակելու։ 4 տարի անց նա արդէն մանկապարտէզի վարիչ ուսուցիչ էր Թեհրանի Բերսաբէ հայկական դպրոցում։ Հայերէն գիր ու գրականութեան հանդէպ ունեցած իր սերը նա փոխանցում էր հայ մանուկներին և այստեղ էլ հենց ձևաւորուեց իր ուղին նուիրուել հայ մատաղ սերնդի հայեցի դաստիարակման սուրբ գործին։
1958 Թուականին Անուշը հանդիպում է իր կեանքի ընկերոջը Արշամին, որի հետ նա ստեղծեց բարեկեցիկ կեանք ու գեղեցիկ ընտանիք։ Մէկը միւսի հետևից ծնուեցին նրա սիրասուն դուստրերը Գայանէն և Արմինէն և ապա մի քանի տարի անց նաև որդին՝ Վահէն։ Երջանիկ էր նա և գոհ իրեն բաժին ընկած բախտից։ Սակայն հայրենիքը միշտ էլ ձգում էր նրան և ամուսնուն։ Այդ տարիներին հայրենադարձման մեծ ալիք կար միջին արևելքից հայը նորից ներգաղթում էր հայրենիք։ Նրա երիտասարդ ընտանիքն էլ բռնեց հայրենադարձութեան ճամբան և 1969 թուականին նրանք տեղափոխուեցին Հայաստան և բնակութիւն հաստատեցին Աբովեան քաղաքում։ նրան չէր տխրեցնում իր հարազատներից հեռու լինելու փաստը քանի որ հայրենի հողի վրայ նա իրեն զգում էր հաստատուն ու ապահով։ 11 տարի շարունակ նա դարձեալ լծուեց հայ մանուկների դաստիարակման աշխատանքին։ Սակայն եկաւ մի պահ երբ աղջիկները արդէն մեծացել էին, Գայանէն ամուսնացել և Անուշը արժանացել էր մեծ մայր դառնալու բերկրանքին։ Ծնուել էր Զարեհը, որը մինչև Անուշի կեանքի աւարտը մնաց որպէս նրա հպարտութիւն։ 1980 թուին հնարաւորութիւն ընձեռնուեց նորից բռնել ճակատագրի մի նոր ուղղի այս անգամ դէպի միացեալ նահանգներ։ Միջին Արևելքի խառնաշփոթ վիճակը ստիպել Էր Անուշի հարազատներին հաստատուել միացեալ նահանգներում։ Նա ուրախ էր որ միացել է իր հարազատներին։
Անուշը այստեղ էլ անմիջապէս գտաւ իր տեղը հայ համայնքում և իր սկզբւնքներին համապատասխան գործը նորից շարունակեց այս անգամ համադրելվ աշխատանքը հայ համայնքի տարբեր կազմակերպութիւններում ստանձնելով պատասխանատու մի շարք պաշտօններ։
11 տարիների ընթացքում նրա ընտանիքը էլ աւելի ընդլայնուեց։ Սկզբում լոյս աշխարհ եկաւ Անուշի սիրասուն թոռնիկ Արուսը, մի քանի տարի յետոյ ամուսնացաւ Արմինէն և նա էլ իր հերթին Անուշին պարգևեց երկու անուշիկ աղջիկներ՝ Սևանան և Արփին։ Հենց այս ժամանակներն էին երբ Անուշը լծուեց իր սիրած աշխատանքին։ Նա առաջիններից էր ով ստեղծեց իր անձնական մանկապարտէզը որի կրկնօրինակումներն այսօր ամենուր են։ Իր աշխատանքի վարպետն էր Անուշը, հայեցի դաստիարակութիւն տալը մատաղ սերնդին իր միակ կամքն ու կեանքի իմաստն էր։ Մի քանի տարի ևս ամուսնացաւ նաև որդին՝Վահէն, ծնուեցին ևս երկու թոռներ՝ Անուշիկը և Արշամը։ Անուշի ուրախութեանը չափ չկար երբ իր թոռները սկսեցին յաճախել հայ ազգային վարժարաններ։ Նա ոչ մի ջանք չխնայեց յատկապէս Վահէի զաւակներին մինչև աւագ դպրոց հասցնելը հայոց վարժարանից ներս։
Աւելի քան 45 տարի Անուշը իր ակտիւ գործունէութիւնն էր ծավալում հայ գաղութի մի շարք հասարակական կազմակերպութիւններից ներս որոնք էին Հայ օգնութեան միութիւնը, վասպուրականի հայրենակցական միութիւնը և իհարկէ նուիրեալ պայքարողն էր Հայ Յեղափոխական Դաշնակցութեան։
45 տարի նա հաւատարիմ մնաց իր սկզբունքներին և կամքին։ 1999 թուին իր մահկանացուն կնքեց նրա ամուսինը Արշամը։ Անուշը էլ աւելի լծուեց ազգանուէր իր աշխատանքներին։ Ինչպէս ամէն մի նուիրեալ հայ Անուշը ևս տառապում էր հայոց ցեղասպանութեան արհաւիրքներով անցած իր ժողովրդի ճակատագրով։ Նա ուխտագնացութեան ելաւ դէպի Տէր Զօր, ոտքով քայլեց իր ազգի մօտ մէկ դար առաջ անցած արհաւիրքի միջով։ Դա նրա կեանքի ամենամեծ իղձն էր որ իրականացաւ։ Անուշը ապրեց իր կեանքը շրջապատուած իր սիրելիներով, թոռներով և երկու սիրասուն ծոռներով, որոնց նա սիրում էր իրեն բնորոշ անհուն սիրով:
Նա իր համայնքին ծառայած վերջին տարիները նուիրեց հայ առաքելական եկեղեցուն, դառնալով նրա անշահախնդիր սպասաւորը որի համար չափազանց գոհ ու շնորհակալ էր նա։
Անուշը իր մահկանացուն կնքեց Մայիս 24-2025 -ին խորը վշտի մէջ թողնելով իր զաւակներին ու թոռներին ինչպէս նաև հայ համայնքին։
Նրա յիշատակը միշտ վառ կը մնայ իրեն ճանաչողների սրտերում։