Հայաստանեայց առաքելական եկեղեցին եւ անոր եպիսկոպոսական դասը թիրախ դարձնելով` Հայաստանի իշխող վարչախումբը կը շարունակէ ներազգային պառակտումը, հայ ժողովուրդի ինքնութեան հիմքերու վտանգը եւ երկրին մէջ հոգեւոր-բարոյական ճգնաժամը խորացնել ձգտող վարքագիծը: Այս հաստատումը կը կատարուի Հայաստանի Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան տարածած յայտարարութեան մէջ:
«Հայ ժողովրդի կեանքում Հայաստանեայց առաքելական սուրբ եկեղեցին ունեցել է եւ ունի բացառիկ առաքելութիւն, ինչն ամրագրուած է Սահմանադրութեամբ: Մենք դատապարտում ենք գործող վարչախմբի եւ նրա պարագլխի` Հայաստանեայց առաքելական սուրբ եկեղեցուն, նրա հայրապետին եւ եպիսկոպոսաց դասին թիրախաւորող արգահատելի հռետորաբանութիւնն ու վարքը, այն գնահատում ենք ողջ հայ ժողովրդի արժանապատուութիւնը նսեմացնող, նրա միասնականութիւնն ու արժէքային համակարգը քայքայող գործողութիւն: Հայ ժողովրդի համար ճակատագրական այս օրերին ազգային ուժերի միասնականութիւնն ու վճռականութիւնն առաւել քան անհրաժեշտութիւն են: Հաւատաւոր հայ ժողովրդի նուիրական միակամութեամբ շարունակենք լինել հայ եկեղեցու կողքին` յանուն Հայոց պետականութեան ամրապնդման, յանուն մեր հաւաքական իրաւունքների եւ շահերի պաշտպանութեան», կը նշուի «Հայաստան» խմբակցութեան յայտարարութեան մէջ: