Քաղաքական մեծամասնութիւնն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ պէտք է, որ այդ գիծն աւելի բացայայտ դառնայ հայ ժողովրդի համար. այսօր՝ Մայիսի 15-ին, ԱԺ արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նիստի ընթացքում ասաց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանը՝ դիմելով յանձնաժողովի ՔՊ խմբակցութեան պատգամաւորներին։
Նշենք, որ յանձնաժողովի նիստում քննարկուեց ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութիւնը Հայրենական Մեծ պատերազմի յաղթանակի 80-ամեակի առիթով ԱԺ յայտարարութեան նախագիծ։ ՔՊ-ականները բացասական եզրակացութիւն տուեցին նախագծին։
Ռուստամեանը մանրամասնեց, թէ որն է այդ գծի էութիւնը. «Դուք անընդհատ ասում էք՝ այս յայտարարութիւնն անկախ Հայաստանի շահերից չի բխում, իրականում անկախ Հայաստան ասածը դուք պատկերացնում էք ձեր նոր թեզը՝ «իրական Հայաստանը», իսկ «իրական Հայաստանի» համար սպառնալիք էք համարում հայկական եւ յաղթանակ բառերը։ Այս երկու բառերը չէք կարողանում իրար հետ կապել։ Դուք բոլոր յաղթանակները, որոնք հայութիւնն ունեցել է, ստորադասելու տրամաբանութեան մէջ էք աշխատում։
Դուք պարտութիւններով պէտք է կերտէք «իրական Հայաստանը», ինչն էլ անում էք։ Պարտութիւնը պարտութեան յետեւից բերում էք՝ ժողովրդին մատուցում որպէս մեծ յաջողութիւն։
Զորահանդէս էինք անում Ստեփանակերտում։ Հիմա դուք «Ստեփանակերտ» անունը կը տա՞ք։ Չէ, «Խանքենդի» կ’ասէք։ Այս ձեւով ո՞ւր էք տանում այս ժողովրդին, ինչո՞ւ էք խաբում, որ իրենց բերում էք ապագայ։ Ի՞նչ ապագայ, թուրք-ատրպէյճանական տանդեմի առաջ նուաստացած եւ անվտանգութիւնն ամբողջութեամբ յանձնած ապագայ կա՞յ»։