Հինգ տարի առաջ, 2020 թուականի մայիսի 9-ին, Ստեփանակերտում տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Արցախի Հանրապետութեան նախագահ Բակոյ Սահակեանի առանձնազրոյցը:
ՀՀ կառավարութեան մամուլի ծառայութիւնը հանդիպման մասին տարածել էր հետեւեալ հաղորդագրութիւնը.
«Ողջունելով Վարչապետ Փաշինեանին` Բակոյ Սահակեանը նշել է.
«2018 թուականին Հայաստանի Հանրապետութեան վարչապետի պաշտօնը ստանձնելուց յետոյ Դուք այցելել էիք Արցախի Հանրապետութիւն եւ Հայաստանի Հանրապետութեան վարչապետի ներկայութիւնն այս օրը իւրովի է արժեւորում եռատօնը: Մենք հերթական անգամ Ձեզ հետ միասին խոնարհուեցինք մեր մարտիրոսուած հայրենակիցների շիրիմների առաջ: Այս օրը մենք օգտագործում ենք նաեւ մեծարելու բոլոր նրանց, ովքեր իրենց կեանքն են նուիրել, իրենց կարողութիւնները ներդրել մեր հայրենիքն ազատագրելու համար:
Այսօր էլ մարդկանց մի մեծ բանակ շարունակում են մասնակցութիւն ունենալ մեր հայրենիքի շէնացման եւ զարգացման գործում: Աւանդոյթի համաձայն մենք նաեւ օգտագործում ենք մեր հանդիպումները` իմի բերելու նախորդ շրջանի կատարած աշխատանքների արդիւնքները, պարտադիր կերպով այցելութիւն ենք իրականացնում նաեւ Զինուած ուժեր: Այսօր էլ մենք Ձեզ հետ միասին կը լինենք Արցախի Հանրապետութեան Զինուած ուժերում եւ աւելի քան համոզուած եմ, որ այս վերջին շրջանում մեր կատարած աշխատանքները, տուած առաջադրանքները լրացուցիչ ապացոյցը կը լինէն, որ մեր հայրենիքը պաշտպանուած է, մեր հայրենիքի պաշտպանները բարեխղճօրէն կատարում են իրենց հայրենական պարտականութիւնները` դրանով իսկ լրացուցիչ հնարաւորութիւններ ստեղծելով մեր ապագային ուղղուած աշխատանքներն առաւել արդիւնաւետ դարձնելու համար:
Մենք Ձեզ հետ կը լինենք նաեւ տնտեսութեան մի քանի հատուածներում, որտեղ մեր համատեղ աշխատանքների շրջանակներում նոյնպէս արձանագրել ենք համեստ արդիւնքներ: Համոզուած եմ, որ այսօրուայ մեր աշխատանքները լրացուցիչ հիմք կը հանդիսանան յետագայում մեր հաւաքական ներուժի գործադրման եւ մեր ընդհանուր աշխատանքներին աւելի մեծ արդիւնաւետութիւն հաղորդելու համար: Ուրախ եմ ողջունել Ձեզ եւ շնորհաւորում եմ եռատօնի կապակցութեամբ»:
Իր խօսքում վարչապետ Փաշինեանը նշել է.
«Մեծարգոյ պարոն նախագահ, շնորհաւորում եմ բոլորիս եռատօնի կապակցութեամբ եւ առանձնայատուկ Շուշիի ազատագրման օրուայ առիթով: Արդէն երրորդ տարին մենք միասին այս փառահեղ տօնը նշում ենք Ստեփանակերտում եւ կարծում եմ` սա շատ լաւ աւանդոյթ է եւ իր մէջ ունի նաեւ բովանդակութիւն:
Արցախում տեղի են ունեցել նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւններ եւ ուզում եմ նաեւ այդ առիթով շնորհաւորել Ձեզ: Առաջիկայում նորընտիր նախագահի պաշտօնամուտն է լինելու, բայց ես ուզում եմ իմ գնահատանքի խօսքերն ասել Ձեզ այս ընթացքում մեր համատեղ աշխատանքի համար: Համոզուած եմ, որ մենք դեռ շատ երկար քննարկելու, աշխատելու, այս ընթացքում նախանշած ծրագրերն իրականացնելու հնարաւորութիւններ եւ առիթներ կ’ունենանք:
Ուզում եմ արձանագրել, որ չնայած կորոնաւիրուսի այս համաճարակին` Արցախը եւ Ստեփանակերտը գտայ բարձր տրամադրութեամբ: Մեր միասնական ու ազգային խնդիրն այն է, որ ամէն մայիսի 9-ը Արցախում, Հայաստանում եւ ընդհանրապէս հայութեան շրջանում լինի առաւել տօնական, ապագային մեր հայեացքը լինի առաւել լաւատեսական, այսօրուայ մէջ լինենք առաւել վստահ: Ես համոզուած եմ, որ այդպէս էլ կը լինի, որովհետեւ մեր ժողովուրդն ունի հսկայական ներուժ, այդ ներուժի մի չնչին մասն է իրականում իրացուած եւ օգտագործուած, եւ մայիսի 9-ը, Շուշին մէզ առաւել մեծ վստահութիւն են տալիս մեր ուժերի, մեր ապագայի, մեր այսօրուայ նկատմամբ: Մենք բոլորս հաւաքական եւ միասնական պարտք ունենք մեր նահատակների առաջ: Պետք է պատուով կատարենք այդ պարտքը եւ այդ պարտքը տասնապատկուած վերադարձնենք նրանց սերունդներին: Եւս մէկ անգամ շնորհաւորում եմ»:
5 ամիս անց, 2020 թուականի սեպտեմբերի 27-ին, սկսուեց Արցախեան երկրորդ պատերազմը:
«Մէդիամաքս»