Ռուբէն Վարդանեանի ընտանիքը ցաւակցական ուղերձ է յղել համայն աշխարհի կաթոլիկներին եւ Վատիկանին կոչ է արել հետամուտ լինել Ֆրանցիսկոս Պապի ժառանգութեանը` ջանքեր ներդնելով հայ գերիների ազատ արձակման ուղղութեամբ:
«Վարդանեանների ընտանիքը խորին ցաւակցութիւն է յայտնում համայն աշխարհի կաթոլիկ հաւատացեալներին։
Մեր մտքերը Սուրբ Պետրոսի հրապարակում հաւաքւածների եւ աշխարհի բոլոր կաթոլիկների հետ են։
Սուրբ Աթոռին կոչ ենք անում Ֆրանցիսկոս Պապի ժառանգութիւնը յարգելով՝ քայլեր ձեռնարկել անարդար կերպով կալանաւորւած 23 հայ գերիների, այդ թւում՝ մեր հօր՝ Ռուբէն Վարդանեանի ազատ արձակման ուղղութեամբ։ Սուրբ Աթոռը կարող է կարեւոր դեր ունենալ գերիների ազատ արձակմանն ուղղւած դիւանագիտական ջանքերում՝ արդարութեան եւ մարդկային արժանապատւութեան հանդէպ Ֆրանցիսկոս Պապի նւիրւածութեանը հաւատարիմ մնալու համար: Նրանց շարունակական կալանքը հակասում է խաղաղութեան եւ հաշտութեան այն սկզբունքներին, որոնց Ֆրանցիսկոս Պապը մշտապէս հետամուտ էր իր գահակալութեան ընթացքում»։
Ինչպէս ինքն է յայտարարել. «Կրօնները չեն կարող օգտագործւել պատերազմի համար։ Սուրբ է միայն խաղաղութիւնը»։
Մենք կոչ ենք անում Եկեղեցուն գործնականում կիրառել այս խօսքերը՝ սատարելով հայ գերիների անյապաղ ազատ արձակման մեր պահանջին: Այս քրիստոնեաներն արժանի են հալածանքներից պաշտպանութիւն ստանալուն. նրանք այսօր բախւել են դժւարութիւնների՝ իրենց հաւատքի պատճառով։
Գործելու ժամանակը հիմա է։
Մենք կոչ ենք անում խիղճ ունեցող բոլոր մարդկանց միանալ արդարութեան եւ ազատութեան մեր այս կոչին՝ ի պաշտպանութիւն 23 հայ գերիների, այդ թւում՝ Ռուբէն Վարդանեանի, որոնք մնում են գերութեան մէջ միայն իրենց համոզմունքների եւ ժառանգութեան պատճառով»,- ասւած է հրապարակւած ուղերձում: