Իսկ ինչո՞ւ չկազմակերպել բանավէճը

Իսկ ինչո՞ւ չկազմակերպել բանավէճը

Վահէ Հովհաննիսեան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Ակնյայտ է, որ Նիկոլը մինչեւ վերջ պնդելու է իր եւ նախկին նախագահների բանավէճի վրայ՝ վստահ լինելով, որ այն չի կայանալու։ Ընտրութիւններին մօտ՝ աւելի ու աւելի բարձր ու ինտենսիւ է պնդելու։ Նախագահների բնական տեսակէտը յայտնի է։ Բայց դա Նիկոլին չի կանգնեցնելու, որովհետեւ նրա խնդիրը բանավէճը չէ. նա շարունակելու է հայհոյախառը հրաւէրը՝ վստահ լինելով, որ այն չի կայանալու։ Սա ստանդարտ ճանապարհն է։
Բայց կայ հարցի ոչ ստանդարտ լուծում. իսկ ո՞վ է ասել, որ դա չորսի թեման է, բա հասարակութեօ՞ւնը, բա ընտրո՞ղը։ Որեւէ լրատուամիջոց, ՀԿ կամ քաղաքացիական նախաձեռնութիւն կարող է կազմակերպել Նիկոլի, Լ. Տեր-Պետրոսեանի, Ռ. Քոչարեանի, Ս. Սարգսեանի հեռակայ բանավէճը՝ առանց նրանց մասնակցութեան։ Առանց վիրաւորանքի, առանց ճվճուոցի, զուտ փաստէրի վրայ։

Աւելի կոնկրէտ՝ սա պէտք է լինի ոչ թէ մարդկանց, այլ՝ նրանց պաշտօնավարման օրօք գրանցուած արդիւնքների, փաստէրի բանավէճը։

Կարելի է շատ հետաքրքիր ու շատ կարեւոր նախագիծ անել. կը լինի լաւ «նախանախընտրական» պրոցես։ Ցոյց տալ բոլոր հիմնական ոլորտներում արձանագրած արդիւնքները։ Դա կարող է շատ հետաքրքիր լինել, եւ «նախկինների» դէմ այս իշխանութիւնների սանձազերծած «պայքարը» կարող է լրիւ այլ, անսպասելի շրջադարձի բերել։
Կարելի է լուրջ հանրային նախագիծ անել։ Ինչքա՞ն կարելի է ստի վրայ իրականութիւն կառուցել։ Անվտանգութիւն, բանակցային գործընթաց,

տնտեսական արդիւնքներ, դատաիրաւական համակարգ, քաղաքաշինութիւն, դէմոգրաֆիայ, եւ այլն եւ այլն։ Հայաստանում կայ 1.5 սերունդ, որը մինչեւ 2018-ի կեանքի մասին գիտի միայն լսելով, յաճախ՝ Նիկոլից լսելով։ Սա չի կարելի թոյլ տալ։
Աւելին, այդ «բանավէճը» կարելի է յաջորդ փուլում շարունակել առանց Նիկոլ, եւ դա կը լինի բնական ընթացք։ Ի վերջոյ, ջարդել է պէտք «նախկին» հասկացութիւնը։ Լ. Տեր-Պետրոսեանը, Ռ. Քոչարեանը, Ս. Սարգսեանը լրիւ տարբեր մարդիկ են ու տարբեր գործիչներ, տարբեր հարցերում տարբեր արդիւնքներ գրանցած։ Նրանցից իւրաքանչիւրի փուլերում եղել են եւ´ լուրջ յաջողութիւններ, եւ´ բացթողումներ ու սխալներ։ Եւ չպէտք է խուսափել դրանց մասին բաց խօսելուց։
Սա մեր ընդհանուր պատմութիւնն է, որից փախչել հնարաւոր չէ։ Եւ այս պրոցեսը հաստատ կօգնի հասարակութեանը՝ 2026-ին փակել այս մղձաւանջի փուլն ու գնալ առաջ, դէպի նոր էջ, դէպի վերականգնում։
Ի վերջոյ, իշխանութեան անկարմիրգիծ հրապարակային գործողութիւններին պէտք է պատրաստ լինենք արձագանքելու ոչ ստանդարտ եղանակով։

Share