Ինչու՞ է հայագիտութիւնը յանձնւում օտարի տնօրինմանը

Ինչու՞ է հայագիտութիւնը յանձնւում օտարի տնօրինմանը

Վահէ Սարգսեան
ՀՀ ակադեմիական բուհական շրջանակները ներկայացնող հայագէտ-հասարակագէտներին եւս պարտադրում են Scopus եւ Web of Science Միջազգային գիտաչափական շտեմարաններում տպագրել գիտական աշխատանքներ։ Այսինքն, ոչ թէ պարտադրում են, այլ դա արւում է անուղղակի ձեւով՝ չտպագրեցիք՝ ատեստացիա կանենք, կմաղենք, կզրկուէք աշխատանքից։
Որպէսզի անտեղեակ մարդիկ աւելի լաւ հասկանան՝ բանն ինչն է, փորձենք աւելի պարզ բացատրեl։

ՀՀ-ն ունի այդ շտեմարաններում ընդգրկուած հայագիտութեան ոլորտի ընդամէնը մի քանի հանդէս՝ այն էլ խիստ նեղ մասնագիտական ուղղուածութեամբ՝ ցեղասպանագիտութիւն, թարգմանչական գործ եւ այլն: Ուստի, հայ գիտնականն ստիպուած է իր աշխատանքը տպագրելու համար դիմել օտար (ռուսական, արեւմտեան) խմբագրութիւններին։
Այստեղ տանք պարզ հարց․ ինչպե՞ս է ռուսը, իտալացին, գերմանացի, թուրքը, անգլիացին եւ այլն որոշելու՝ Վանի հերոսամարտի մասին գրուած հայ գիտնականի յօդուածը լա՞վն է, թե՞ չէ։ Բացի այդ, շատ հետաքրքիր է, ինչպե՞ս է բարբառագիտութեան, հեքիաթներ ուսումնասիրող կամ ֆիդայեական շարժմամբ զբաղուող մասնագէտը յօդուած տպագրելու նման շտեմարններում ընդգրկուած պարբերականներում: Իհարկէ, դա հնարաւոր է, բայց շատ դժուար: (Թեեւ, օրինակ, շատ կ’ուզէի տեսնել, թէ ինչպե՞ս են Քեավառի կամ Արցախի բարբառը թարգմանելու ռուսերէն կամ անգլերեն, եւ ինչպէս է օտար խմբագիրը քննելու նրա որակը)։
Իհարկէ, գիտաչափութիւնը շատ կարեւոր է, եթէ այն արդիւնաւետ է եւ օբյեկտիւ: Բայց, միթե՞ հասկանալի չէ, որ հայագիտութիւնը դա ֆիզիկայ, մաթեմատիկայ կամ քիմիայ չէ, այլ ուղն ու ծուծով քաղաքական աստառ ունեցող, երկրի ու ազգի համար ռազմավարական նշանակութեան ուղղութիւն, եւ արդեօ՞ք օտար խմբագրութիւնները, որոնց երկրներից շատերը կարող են ունենալ ջերմ յարաբերութիւններ Հայաստանի հանդէպ թշնամաբար եւ ոչ բարեկամաբար տրամադրուած երկրների հետ, կարող են լինել անաչառ։
Թարմ օրինակ․ մի յայտնի պետական համալսարանի հանդէսի գրախօսող (գրախօսութիւնից դատելով՝ մոլեգին թրքամէտ), որի երկիրը լաւ յարաբերութիւններ ունի Ադրբեջանի հետ, վերջերս մեր աշխատանքի վերաբերեալ հրամայական տօնով դիտողութիւն էր արել, որ «Ադրբեջանական ագրեսիայ», «Արցախ» տէրմինները հարիր չէն այլեւս գիտական աշխատանքին։ Հիմա՝ կայ՛մ պէտք է մենք ասենք՝ այո՛, էլ ի՞նչ Արցախ կամ Ադրբեջանական ագրեսիայ․ Արցախը այլեւս Ադրբեջանի արեւմտեան շրջաններն են, իսկ Ադրբեջանական ագրեսիան դա սովետի հայրենասիրութեան յիմար քայլերի արդիւնքում ծնուած բան էր, որի համար փոշմանել ենք ու ներողութիւն ենք հայցում․․․ Կայ՛մ թքէնք իրենց վրայ էլ, ամսագրի վրայ էլ, ու զրկուենք․․․ Հայաստանում աշխատանքից։
Յաջորդ խնդիրը։ Օրերս փնտրում էինք մի գիտական աշխատանք, որը գրել էր ՀՀ ակադեմիայի մի յայտնի գիտնական։ Պարզուեց՝ մարդն այն տպագրել է ՄԳՇ խմբի արեւմտեան մի ամսագրում, իսկ ամսագիրն էլ վաճառում է այն։ Այսինքն, ես՝ ՀՀ հարկատուս, իմ հարկերով իմ երկրի գիտնականին վճարեմ, մարդը կատարի լուրջ աշխատանք, բայց ՀՀ պետբիւջեից վճարուած գումարով պատուիրուած իր աշխատանքը՝ այդ կարեւոր արդիւնքը, ստիպուած լինի յանձնել օտար ամսագրի տնօրինութեանն ու սեփականութեանը, իսկ վերջինս էլ այն նորից ծախի մէզ։ Թէ ինչու՞՝ անյայտ է։
Մեկ այլ խնդիր։ Այսօր համացանցում կարելի է գտնել նոյն այդ շտեմարաններում ընդգրկուած բազմաթիւ, այսպէս կոչուած, գիտական հանդէսներ, որտեղ ընդամէնը վճարի դիմաց կարելի է հրատարակել գրեթէ ցանկացած յօդուած: Նման շտեմարաններում ընդգրկուած բազմաթիւ հեղինակաւոր հանդէսներում տպագրուելը պարտադիր վճարովի է: Ի՞նչ է ստացւում․ մէկ կամ մի քանի հոգի կարող են ունենալ գումար, վճարել այդ պարբերականներին, տպագրել, օրինակ, մի քանի յօդուած, իսկ տարբեր գիտնականներ կարող են քրտնաջան աշխատել, բայց չունենան գումար կամ դէմ լինէն նման սկզբունքներին եւ յայտնուէն սկոպուսային իրականութիւնից այն կողմ՝ չստանալով համապատասխան ատեստաւորում եւ կորցնելով աշխատանքը:
Մեկ ուրիշ խնդիր։ Մի վաստակաշատ գիտնական կարող է իր կեանքի տարիները նուիրաբերել մի կարեւոր հայագիտական թեմայի, պատրաստել մենագրութիւն, իսկ մի ոչ այդքան պարտաճանաչ, բայց ճարպիկ գիտնական էլ կարող է վճարել մի քիչ յայտնի արտասահմանեան հանդէսի, տպագրել յօդուած ու․․․ ի՞նչ հրաշք․ այդ հանդէսում տպուած յօդուածն աւելի արժէքաւոր է, քան Հայաստանում կամ արտասհմանեան հեղինակաւոր հաստատութիւնում հրատարակուած մենագրութիւնը, որը ընդգրկուած չէ միջազգային գիտաչափական շտեմարաններում:
Եւ որպէսզի որոշ շրջանակներ չփորձեն մեր ասածն այլ կերպ մատուցել՝ ասենք, ոչ միայն կողմ ենք միջազգային ամսագրերում տպագրելուն, այլեւ պահանջում ենք կոնկրէտ քայլեր։ Այսինքն՝ պետութիւնը ոչ թէ պիտի ՊԱՐՏԱԴՐԻ հայագէտին՝ ծնկի գալ օտար ամսագրերի խմբագրութիւնների առջեւ ու կատարի նրանց պարտադրանքը (այլապէս սեփական երկրում (!!!) կզրկուի աշխատանքից), այլ ճիշտ հակառակը, պետութիւնը պէտք է ԽՐԱԽՈՒՍԻ հայագէտին՝ սեփական արժէքաւոր աշխատանքը տպագրել նաեւ օտար ու հեղինակաւոր ամսագրերում։ Օրինակ, կարելի է գիտնականին դրա համար լուրջ յաւելավճար սահմանել, դիւանագիտական եւ խողովակներով ազդել այդ խմբագրութիւնների վրայ, Սփիւռքի հեղինակաւոր կառոյցներին ու դէմքերին ներքաշել այդ գործում եւ ստանալ նրանց օժանդակութիւնը, եւ այլն, եւ այլն։
Կարեւոր մի բան եւս։ Ադրբեջանը, Թուրքիան վերջին տարիներին ահռելի գումարներ ու ռեսուրսներ են ծախսել գրաւելու համար ՄԳՇ խմբի ամսագրերի խմբագրութիւնները։ Որտեղ նայում ես՝ թիւրքական ականջներ են։ Ու վերջիններս անում են իրենց սեւ գործը՝ թէ՛ սեփական կեղծարարութիւնները առաջ տանելու, թէ՛ ճնշելու հայ գիտնականներին ու մերժելու նրանց աշխատանքները։ Պետութեան խնդիրն է՝ ամէն ինչ անել, որ հայ գիտնականները մտնէն այդ կարեւոր օղակներ ու առաջ տանեն հայկական շահը։ Այդ դէպքում հնարաւոր կը լինի բազմապատկել հայագիտական լուրջ աշխատանքների թիւը ՄԳՇ-ներում, քանի որ նման շտեմարաններում առնուազն մի քանի տարի առաջ պէտք է արդէն իսկ ընդգրկուած լինէին հայաստանեան մի քանի պարբերական: Միւս կողմից, հայ գիտնականները պէտք է աշխատեն յղումներով ու ցիտումներով առաջ քաշել ՀՀ գիտական ամսագրերը, միջազգային հետաքրքրութեան աստիճանի բարձրացնել դրանք, ինչը լրջօրէն կօժանդակի, որպէսզի այդ ամսագրերն ընդգրկուեն միջազգային գիտաչափական շտեմարաններում։ ՌԴ-ն, օրինակ, նաեւ ա՛յդ ճանապարհով ունեցաւ ՄԳՇ խմբի մի շարք ամսագրեր։
Այսինքն՝ ռազմավարութիւնը պէտք է լինի ոչ թէ ակադեմիայի փաստացի լուծարումն ու հայագիտութեան օտարումը (մեղմ ասած), այլ հայ գիտնականների ու ՀՀ գիտական ամսագրերի մուտքը միջազգային հեղինակաւոր հարթակներ։
Հայագիտութիւնը մաթեմատիկայ չէ, քիմիայ կամ ֆիզիկայ չէ, պարոնայ՛յք։ Հայագիտութիւնը օտարի տնօրինութեանը յանձնելը խօսում է պետութեան վախճանի կամ աւարտի մասին։

Share