Ինչո՞ւ են խաղաղ պայմաններում մահանում զինծառայողները

Ինչո՞ւ են խաղաղ պայմաններում մահանում զինծառայողները


Զինուած ուժերում խաղաղ պայմաններում արձանագրուող կորուստները շարունակում են մնալ հայկական բանակի ամենամեծ ներքին մարտահրաւէրը։

Եթէ սահմանային էսկալացիաներն ու հակառակորդի գործողութիւնները կանխատեսելի արտաքին վտանգ են, ապա ոչ մարտական պայմաններում զոհուած զինծառայողների թիւը յաճախ վեր է հանում համակարգային խորքային խնդիրներ՝ կենցաղային անվտանգութիւնից մինչեւ զինուորական կարգապահութիւն եւ հոգեբանական մթնոլորտ։

Վերջին տարիներին ոչ մարտական պայմաններում գրանցուած մահուան դէպքերն աւելացել են։

Ըստ պաշտպանութեան նախարար Սուրէն Պապիկեանի հնչեցրած տեղեկատուութեան՝ 2025 թուականի ընթացքում ՀՀ ԶՈՒ-ում 30 զոհից 24-ը պաշտօնապէս համարուել է ծառայութեան հետ կապ չունեցող։

«Դեպքերից մէկը՝ կայծակնահարութիւն, 1՝ հոսանքահարում, 2՝ ինքնասպանութիւն կամ ինքնասպանութեան հասցնել, 2՝ առողջական խնդիրների պատճառով: Բոլորը ժամկէտային զինծառայողներ չէն, տարիքային տարբեր խմբերի զինծառայողներ են»,- ասել էր Պապիկեանը՝ նշելով, որ ծառայութեան հետ չկապուած հանգամանքներում մահուան պատճառների թւում են նաեւ աւտօվթար, կենցաղային տարբեր պատճառներ, հիւանդութիւն եւ այլն:

Հելսինկեան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենեակի իրաւապաշտպան Նազելի Մովսեսեանը Panorama.am-ի հետ զրոյցում նշեց, որ վերջին երկու տարիներին հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով զոհերի թիւը նուազել է շուրջ 90%-ով, սակայն ընդհանուր մահերի թիւը մնում է մտահոգիչ։ 2024 թուականին գրանցուած 40 մահուան դէպքերից միայն 4-ն են եղել հակառակորդի գործողութիւնների հետեւանքով։

«Մահուան դէպքերը շարունակւում են արձանագրուել, ու դրանց թւում շատ մեծ թիւ են կազմում սպանութեան եւ ինքնասպանութեան հետեւանքով դէպքերը։ Սա վկայում է այն մասին, որ զինուած ուժերում դեռեւս կան այդ ոչ կանոնադրային յարաբերութիւնները, միջանձնային յարաբերութիւնների խնդիրները, որոնց մասին տարիներ շարունակ բարձրաձայնում ու ահազանգում ենք»,- նշեց իրաւապաշտպանը։

Նազելի Մովսեսեանը կասկածի տակ է դնում նաեւ պաշտօնական այն որակումները, որոնք մահուան դէպքերը դասակարգում են որպէս «ծառայութեան հետ չկապուած»։

Նրա խօսքով՝ ցանկացած դէպք, նոյնիսկ եթէ այն տեղի է ունեցել սեփական մեքենայով վթարի հետեւանքով, պէտք է մանրակրկիտ քննուի՝ պարզելու համար, թէ արդյօք զինծառայողը տուեալ պահին ծառայողական պարտականութիւն չէ՞ր կատարում։

«Պետք է յստակ հասկանալ՝ արդյօք եթէ նոյնիսկ զինծառայողը դէպքի պահին սեփական մեքենայով է եղել, ինքը աշխատանքային որոշակի պարտականութիւնների շրջանակներում է տեղաշարժուել։ Հանգամանքները պէտք է առանձին-առանձին քննութեան առարկայ դարձուէն եւ ոչ թէ ինչ-որ փուլում կարճուէն մեղաւոր անձի բացակայութեան հիմքով»,-մանրամասնեց նա։

Զինուած ուժերում ինքնասպանութիւնների կանխարգելման հիմնական գործիքը պէտք է լինէր սպայ-հոգեբանների աշխատանքը, սակայն, ըստ իրաւապաշտպանի, այս ինստիտուտը դեռեւս կայացած չէ, իսկ շատ զօրամասերում նման մասնագէտներ պարզապէս չկան։

«Մենք յայտնել ենք պաշտպանական գերատեսչութեանը, որ զինուած ուժերում սպայ-հոգեբանների ինստիտուտի կայացման շատ մեծ անհրաժեշտութիւն կայ։ Այդ կառոյցը շատ կարեւոր է այն իմաստով, որ լինի ոչ թէ ֆորմալ, այլ գործուն։ Պետք են մասնագէտներ, ովքեր կ’աշխատեն ռիսկային խմբում գտնուող զինծառայողների հետ, կը փորձեն նախնական փուլում միջանձնային հարցերը կարգաւորել եւ կանխել ինքնասպանութիւնները, որովհետեւ ցանկացած նոյնիսկ մէկ դէպքի առկայութիւնը նշանակում է, որ համակարգում կան թերացումներ»,- ասաց Մովսեսեանը։

Նրա խօսքով՝ պաշտպանութեան նախարարութիւնը հոգեբանների բացակայութիւնը հիմնաւորում է կադրերի պակասով։ Մասնագէտները յաճախ հրաժարւում են աշխատել սահմանային զօրամասերում՝ ոչ բաւարար պայմանների պատճառով։

«Պետք է հնարաւորինս աւելի գրաւիչ դարձնել այդ հաստիքը՝ ապահովելով արժանապատիւ աշխատանքային պայմաններ թէ՛ զինծառայողների, թէ՛ սպայ-հոգեբանների համար»,- ընդգծեց իրաւապաշտպանը։

Share