Ով ինչ է անում

Ով ինչ է անում

Վահէ Հովհաննիսեան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Ինչ է անում իշխանութիւնը

Իշխանութիւնը հասկանում է, որ այս պայմաններում վերարտադրուելու շանս չունի, ու գնում է «այլ պայմաններ» ձեւաւորելու ճանապարհով։ Նրա բոլոր արած ու անելիք քայլերը, հնարաւոր ու անհաւանական շարունակութիւնները՝ ձերբակալութիւններ, հաշուեյարդարներ, սոցիալական կաշառք, սուտ խոստումներ, արտաքին քաղաքական աւանտիւրաներ, անսահման պոպուլիզմ եւ այլն, այս տրամաբանութեան մէջ են։

Ինչ պէտք է անի հակընդդէմ ճամբարը

  1. Հասկանալ, որ սա նախընտրական պրոցես չէ, քարոզարշաւ չէ, հետեւաբար՝ լրիւ այլ տրամաբանութիւն է պէտք գործի դնել,
  2. Ձեւաւորել պայքարի համակարգեր. հանրահաւաքը, երթը, յայտարարութիւններն իհարկէ կարեւոր են, բայց դրանք համակարգեր չէն։
  3. Ունենալ պատրաստի սթրեսս-տեստէր, թէ ո´ր զարգացման դէպքում ինչպէ´ս վերադասաւորուել, ինչպէս արձագանքել։
  4. Կազմել գործունէութեան ծրագիր, որը կնուազեցնի իշխանութեան՝ «նոր պայմաններ» ստեղծելու հնարաւորութիւնները։
  5. Անել սեփական բարէնպաստ «նոր պայմանների» հաշուարկն ու գնալ դրա ուղղութեամբ
  6. Փոխել երկրում մթնոլորտը, ստեղծել փոփոխութեան հանրային համատարած պահանջ, ստանալ մօտիւացուած ընտրազանգուածներ ու փոփոխութիւնների համար պայքարի պատրաստ շերտեր։

Մթնոլորտն է որոշելու ամէն ինչ

Իշխանութիւնն անելու է բոլոր հաւանական ու անհաւանական բաները։ Այն ամենազօր չէ, չունի անօրինականութիւնների ու այլանդակութիւնների անսահմանափակ զինանոց։ Ունի ուժային ու քարոզչական գործիքներ, որոնք հմտօրէն կիրառում է՝ առանց որեւէ կարմիր գծերի։ Դա այդպէս է, որովհետեւ երկրում մթնոլորտն է այդպիսին՝ յանձնուած, առանց դիմադրութեան։ Փոխենք մթնոլորտը, ու իշխանութեան անօրինականութիւնների անխափան մեքենան կը սկսի խափանուել։ Սա պէտք էր անել վաղուց, սրա մասին զգուշացուել է, բայց քաղաքական եւ այլ ռեսուրսներ ունեցողները Հայաստանում չունեն, ցաւօք, ստրատէգիական մտածողութիւն եւ ակտիւանում են դրուագայնօրէն։ Հիմա նոր ձեւաւորուող շարժումները պէտք է չկրկնէն նախկինների սխալները։
Անյատական մակարդակում, մասնագիտական եւ արհեստակցական համայնքներում չկայ դիմադրութեան մթնոլորտ։ Եթէ մի որոշմամբ պետական բոլոր բուհերի ռեկտորներ նշանակուեն ադրբեջանցի մասնագէտներ, հաւատացնում եմ ձեզ, այսօրուայ մթնոլորտում սա կմարսուի. ո´չ ուսանողութիւնը կընդվզի, ոչ՝ պրոֆէսորադասախօսական կազմը։ Միայն արտագաղթը կակտիւանայ։ Սա չի խօսում այն մասին, որ մեր ուսանողներն ու դասախօսները վատն են, սա նշանակում է, որ երկրում անողնաշար ու պարտուած մթնոլորտ է։ Իշխանութեան ասպատակութիւնների համար դա ամենապարարտ մթնոլորտն է։
Եկեք ընդունենք, որ բազմահազարանոց հանրահաւաքից ուղիղ մէկ փողոց այն կողմ լրիւ ուրիշ կեանք է։ Դա չի նշանակում, որ այդ փողոցում վատ մարդիկ են, այլ յուշում է, որ այդ մարդկանց հետ այլ ոճի աշխատանք է անհրաժեշտ։

Իշխանութիւնը սխալւում է եւ սխալուելու է

Ցանկացած բիրտ իշխանութիւն սխալներ է թոյլ տալիս։ Այս իշխանութիւնը նոյնպէս սխալւում է եւ առաջիկայում այդ սխալներն աւելի խոշոր են լինելու։ Հակընդդէմ ճամբարների կազմակերպուած համակարգերի խնդիրն է՝ դրանք արագ ֆիքսել եւ օգտագործել, բայց դրա համար նոյնպէս համակարգեր են պէտք։

Պայքար՝ մթնոլորտի համար

Հիմա պայքարը ոչ թէ ձայների, սոցհարցման թուերի մասին է, այլ՝ մթնոլորտի։ Ընտրութիւններին մօտ մթնոլորտը լրիւ այլ է լինելու, այսօրուանի հետ քիչ ընդհանրութիւններով։ Իշխանութիւնը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով եւ արտաքին աջակցմամբ։ Մենք պէտք է այսօրուանից պայքարէնք, որ այդ պայմանները եւ մթնոլորտը լինէն ի շահ մէզ։ Կարգախօսներ, համակարգեր, ակցիաներ, պրոցեսներ, դաշինքներ, քաղաքական բանաձեւեր՝ ներքին եւ արտաքին լսարանի համար. այս ամէնը պէտք է միտուած լինի երկրում մթնոլորտը փոխելուն։ Փոխեցինք պարտուած ու յանձնուած մթնոլորտը՝ նոր իշխանութեան ձեւաւորումը կը լինի անխուսափելի։

Share