Հայոց Ցեղասպանութտան Թանգարանի նախկին տնօրէն, պատմաբան Հայկ Դեմոյեանի ֆեյսբուքեան գրառումը.
«Ես Հայ առաքելական եկեղեցին, Ամենայն Հայոց կաթողիկոսին, կամ որեւէ այլ եկեղեցական սպասաւորի պաշտպանելու խնդիր չունեմ: Այո, ես գտնում եմ, որ եկեղեցու ներսում կան բազում խնդիրներ, բայց դրանց լուծումները պէտք է գտնի հէնց եկեղեցին` հանրային բաց ու թափանցիկ աջակցութեան պայմաններում: Չկայ որեւէ մարդ կամ հաստատութիւն, որը 100 տոկոսով ճիշտ ու անսխալական է:
Ես մի խնդիր ունեմ միայն. պահել ու պահպանել հայկական ժառանգութիւնը, յիշողութիւնն ու դրանց վրայ խարսխուած ազգային արժանապատուութիւնը: Ինձ համար տարբերութիւն չկայ Ծիծեռնակաբերդն են պղծում, թէ Հովհաննաւանքը: Երկուսն էլ ինձ համար սուրբ վայրեր են: Մեկ ամիս առաջ պղծեցին Ծիծեռնակաբերդը, երէկ այդ բախտին արժանացաւ Հովհաննաւանքը: Վաղը դա կարող է լինել Սարդարապատը: Դա էլ շատ տրամաբանական ու կանխատեսելի է:

Ես ուժի մէջ եմ համարում երկու կաթողիկոսներին` Ծիծեռնակաբերդը պղծած ու Հայոց ցեղասպանութեան պատմական փաստը ժխտող Նիկոլ Փաշինեանի որոշմամբ ստեղծուած ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի կազմից Մայր Աթոռի ու Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան ներկայացուցիներին Ի ՆՇԱՆ ԲՈՂՈՔԻ հետ կանչելու կոչը: Այդ կոչն առաւել քան հիմնաւոր ու տրամաբանական է: Այս կապակցութեամբ տակաւին որեւէ զարգացում տեղի չի ունեցել: Ես դա համարում եմ առնուազն կասկածելի:
Այն, ինչ տեղի ունեցաւ երէկ Հովհաննաւանքում, հերթական մանիպուլատիւ գործողութիւն էր, կամ աւելի շուտ օրացոյցային հերթական յատուկ գործողութիւնըորտեղ Նիկոլ Փաշինեանը, Ստեփան Ասատրեանն ու մեծ բեմադրութեան մասնակիցները (յատկապէս սեւ ակնոցներ կրողները), ընդամէնը խաղարկում ու սպասարկում էին օրակարգային մէկ գլխաւոր հարց. ինչպէս սղացնել Նիկոլ Փաշինեանի ստորագրած նոյեմբերի 9-ի տխրահռչակ յայտարարութեան հնգամեակն ու դրա հետ կապուած լրջագոյն հարցադրումները որտե՞ղ է Արցախն ու արցախահայութիւնը, որտե՞ղ են ռուս խաղապահները, որտե՞ղ է Լաչինի միջանցքն ու հայ բնակչութեան անվտանգութիւնը:
Սրանք չափազանց լուրջ հարցեր են, որոնք շատ լուրջ պատասխաններ են պահանջում: Մինսկի խմբի կազմալուծումից ու տեղի ունեցած ցեղասպանութեան մէջ յանցակցութեան ինքնախոստովանանքից յետոյ, ենթադրում եմ, որ Փաշինեանն իրեն սպասարկող արբանեակներով կլծուէն հիմնաւորելու այն թեզը, որ նոյեմբերի 9-ի յայտարարութիւնն այլեւս կտրուել է խաղաղութեան պայմանագրով ու հազարաւոր ՀՀ քաղաքացիներ կուտէն այդ լափշան ու ուտելու ընթացքում էլ դրա մի մասը կը կախէն իրենց ու հաւատացողների ականջներից:
Նոյեմբերի 9-ի չկատարուած պարտաւորութիւնները պէտք է արագօրէն ու աննկատ յաղթահարուէն ու մոռացութեան տրուէն բոլոր հնարաւոր միջոցներով: Դէ իսկ հանրային զգօնութիւնն ու ուշադրութիւնը շեղելու գործում գրոսմայստէրներ շատ ունենք: Մեր չկայացած պետականութիւնը տակաւին կենդանութեան նշաններ է ցոյց տալիս ցածրակարգ ու միջակ ուղեղի արգասիք հանդիսացող այդպիսի յատուկ գործողութիւններով:
Սա է խաղարկւում ընդամէնը, որից յետոյ կսկուի գալայ-բեմադրութիւնը` «ազատ ու թափանցիկ ընտրութիւններ» խորագրով:
Հ.Գ Այդպէս էլ չհասկացայ, թէ ինչու՞ կարգալոյծ եղած քահանայի եղբայրն հէնց երէկ Մայր Աթոռում յայտնուեց տեսադաշտում ու բացասական բնութագիր տուեց իր եղբօր վարքագծին:
Հ.Հ. Գ. Երեկ Փաշինեանը յայտարարեց, որ յաջորդ կիրակի եւս մասնակցելու է պատարագի` կարգալոյծ եղած քահանայի մասնակցութեամբ: Ես կուերագրէի դա պարտութեան ու ֆիասկոյի գիտակցմանը, երէկ Հովհաննաւանքում սակաւաթիւ մարդկանց մասնակցութիւնը հաշուի առնելով: Սակայն հակուած եմ կարծելու, որ նոյեմբերի 9-ից յետոյ «Ստեփան Ասատրեան» օպերացիան կկորցնի իր օրացոյցային արդիականութիւնն ու նշանակութիւնը»:
