Մենք խօսում ենք մեր ներկայի մասին, որ խեղում է հարիւրաւոր կեանքեր

Մենք խօսում ենք մեր ներկայի մասին, որ խեղում է հարիւրաւոր կեանքեր

Էլինար Վարդանեան
ՀՀ ԱԺ պատգամաւոր

Այսօր ունեցել եմ բարդ աշխատանքային օր, եւ ուզում եմ կիսուել հակասական զգացողութիւններով։

Մի կողմից, հնարաւորութիւն եմ ունեցել՝ բարձրաձայնելու Հայաստանում քաղբանտարկեալների՝ օր օրի վատթարացող վիճակի մասին, միւս կողմից առչնուել եմ իշխող քաղաքական ուժի անհաղորդ, քարացած դիրքորոշմանը։

Հայաստանի Հանրապետութիւնում ահագնացել են քաղաքական ճնշումները: Անհերքելի է, որ Հայաստանում այսօր կան քաղբանտարկեալներ, եւ դա ոչ միայն քաղաքական յայտարարութիւն է, այլ փաստարկուած իրաւական իրողութիւն։ 60-ից աւելի ՀՀ քաղաքացի քաղաքական դրդապատճառներով ենթարկւում է քրէական հետապնդման, նրանից գրեթէ 40-ը անազատութեան մէջ են։ Այս խնդիրներն եմ այսօր ներկայացրել ՀՀ ԱԺ պետաիրաւական յանձնաժողովի նիստի ժամանակ՝ «Հայաստանի Հանրապետութիւնում առկայ քաղբանտարկեալների եւ նրանց խախտուած իրաւունքների վերականգնման մասին» «Հայաստան» խմբակցութեան յայտարարութեան նախագծով։

Հայաստանում այսօր կան մարդիկ, որոնք կալանաւորուած են կամ հետապնդւում են ոչ թէ յանցանքի, այլ՝ իրենց գաղափարների, խօսքի ու դիրքորոշման համար, որոնց նկատմամբ առկայ է խտրական եւ տարբերակուած մօտեցում. նրանք դասական քաղբանտարկեալներ են։

Քաղբանտարկեալի կարգավիճակը հաւաստւում է ԵԽԽՎ 2012 թուականին ընդունած թիւ 1900 բանաձեւով, որով փաստւում է, որ անձը քաղբանտարկեալ է, եթէ՝

  • Կալանաւորումն իրականացուել է ՄԻԵԿ եւ նրա արձանագրութիւնների մէջ արտացոլուած հիմնարար երաշխիքներից որեւէ մէկի խախտմամբ, բացառապէս քաղաքական պատճառով՝ առանց որեւէ յանցանքի հետ կապելու:
  • Քաղաքական շարժառիթներով կալանաւորման ժամկէտը կամ պայմանները ակնյայտօրէն անհամաչափ են արարքին, որի համար անձը ճանաչուել է կասկածեալ կամ մեղադրեալ:
  • Քաղաքական շարժառիթներով անձը կալանաւորուել է խտրականօրէն՝ համեմատած այլ անձանց հետ եւ կալանաւորումն ակնյայտօրէն անարդար ընթացակարգերի արդիւնք է, ինչը կապուած է իշխանութիւնների քաղաքական շարժառիթների հետ։

Այս ամէնին գումարէնք Մարդու իրաւունքների եւ հիմնարար ազատութիւնների պաշտպանութեան մասին կոնուենցիայի 18-րդ յօդուածը եւ դրանից բխող՝ Մարդու իրաւունքների Եւրոպական դատարանի նախադէպային որոշումների կիրառելիութիւնն ու վերաբերելիութիւնը:

Քաղբանտարկեալներից շատերը մարդկանց յայտնի են, սակայն կան անուններ, որոնք քչերն են լսել։ Ցանկը ցաւալիօրէն երկար է, եւ կայ այդ ցանկի ընդլայնման անհանգստացնող միտում։

Քաղբանտարկեալների վերաբերեալ հիմնաւորումներին իշխանականների կողմից բերւում է երկու հակափաստարկ.

  1. Քաղբանտարկեալներ եղել են նախորդ իշխանութիւնների օրօք։
    Իհարկէ, նախորդ իշխանութիւնների օրօք եւս եղել են վիճելի դէպքեր եւ կասկած յարուցող օբյեկտիւութեամբ դատական պրոցեսներ։ Սակայն այսպիսի անտրամաբանական կառուցուածքի, հետապնդման այս ծաւալների գործեր, այն էլ՝ հայ բարձրաստիճան հոգեւորականների հանդէպ հետապնդումներով, երբեւէ չէն եղել։ Ընդամէնը արտաբերած խօսքի համար ամիսներ տեւող կալանաւորումներ երբեք չէն եղել։ Ի վերջոյ, նախորդ իշխանութիւնները եղել են քսանեօթ տարի, տասնեօթ տարի, եօթ տարի առաջ։ Բայց չէ՞ որ մենք խօսում ենք այսօրուայ´ բանտարկեալների մասին, մեր ներկայի´ մասին, որը խեղում է հարիւրաւոր մարդկային կեանքեր։ Մենք խօսում ենք ապագայի մասին։
  2. Միջազգային կառոյցների կողմից չկայ որեւէ զեկոյց, որտեղ կարձանագրուի Հայաստանում քաղբանտարկեալների առկայութիւնը։
    Աեօ, սա լուրջ խնդիր է։ Բայց սա առաջին հերթին միջազգային կառոյցների խնդիրն է։ Ցաւօք, այսօր միջազգային կառոյցները խոր ճգնաժամի փուլում են։ Մենք այդ կառոյցների անգործութեանն ականատես ենք եղել 44-օրեայ պատերազմի, Արցախի շրջափակման եւ էթնիկ զտման ժամանակ։ Մենք պէտք է ֆիքսենք այդ իրողութիւնը եւ հաշուի նստենք այդ հանգամանքի հետ։ Այդպիսին է այսօր աշխարհաքաղաքական պատկերը։ Վաղը կփոխուի իրավիճակը, կփոխուէն նաեւ միջազգային կառոյցների մօտեցումները։

Աղբիւր՝ Այլընտրանքային նախագծեր խումբ

Share