Վարդան Օսկանեան. «Դա կոմերցիոն գործարք չէ. դա ինքնիշխանութեան զիջում է, այն իրականում կը դառնայ ադրբեջանական էքսպանսիայի գործիք»

Վարդան Օսկանեան. «Դա կոմերցիոն գործարք չէ. դա ինքնիշխանութեան զիջում է, այն իրականում կը դառնայ ադրբեջանական էքսպանսիայի գործիք»

«Դա կոմերցիոն գործարք չէ. դա ինքնիշխանութեան զիջում է, այն իրականում կը դառնայ ադրբեջանական էքսպանսիայի գործիք»։ Ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանեանը՝ անդրադառնալով Փաշինեանի ասուլիսի որոշ մտքերի։

«Այսօրւայ (յուլիսի 16-ԽՄԲ.) մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինեանը համեմատեց Հայաստանի ինքնիշխան տարածքով միջանցք տրամադրելու գաղափարը՝ երրորդ կողմին, ազգային ենթակառուցւածքների՝ օրինակ՝ օդանաւակայանի, երկաթուղու կամ փոստային ծառայութիւնների արտապատւիրակման հետ։ Այս համեմատութիւնը անհեթեթ է, մոլորեցնող եւ վտանգաւոր։

Նախ՝ օդանաւակայանի կամ փոստային ծառայութեան կառավարումը արտապատւիրակելը կոմերցիոն պայմանաւորւածութիւն է, որի դէպքում ազգային իրաւազօրութիւնը լիովին պահպանւում է։ Հայաստանի Հանրապետութիւնը շարունակում է իր ինքնիշխանութիւնն իրականացնել իր հողերի, օդային տարածքի եւ իրաւական համակարգի նկատմամբ։ Դրանք հանրային-մասնաւոր գործընկերութեան ստանդարտ մոդելներ են, որոնք կիրառւում են ամբողջ աշխարհում՝ զարգացման, արդիականացման եւ արդիւնաւէտութեան խթանման նպատակով՝ լիարժէք ազգային վերահսկողութեան պահպանմամբ։

Ի տարբերութիւն դրա՝ «միջանցքի» հայեցակարգը, որը պահանջում է Ադրբեջանը եւ յաճախ կրկնւում է արտաքին ուժերի կողմից, ենթադրում է բոլորովին այլ բան՝ հայկական հողերի արտատարածքայնացում։ Այն ենթադրում է ինքնիշխան տարածքի մի շերտ, որը դուրս է բերւած Հայաստանի իրաւական, վարչական եւ անվտանգութեան վերահսկողութիւնից՝ զիջւած փաստացի կամ իրաւաբանօրէն այլ ուժի։ Դա կոմերցիոն գործարք չէ. դա ինքնիշխանութեան զիջում է։

Տարբերութիւնը պարզ է, բայց հիմնարար. ծառայութիւնների արտապատւիրակումը կառավարման գործիք է, իսկ «միջանցքի» արտապատւիրակումը՝ տարածքային զիջում։

Փաշինեանի հռետորական խաբէութիւնը աղաւաղում է այդ գիծը՝ շփոթեցնելով հանրային ընկալումը եւ վտանգաւոր կերպով իջեցնելով ապագայ զիջումների շեմը։ Ներկայացնել, թէ տարանցիկ ուղու իրաւազօրութեան փոխանցումը համարժէք է «Զւարթնոց» օդանաւակայանի շահագործման արտօնագրի տրամադրմանը, նշանակում է շփոթել ծառայութեան վարձակալութիւնը սահմանից հրաժարւելու հետ։

Եթէ այս համեմատութիւնը վաւեր լինէր, ապա գաղութային ժամանակաշրջանի ցանկացած արտօնութիւն կարելի էր վերանւանել որպէս արդիականացում։ Բայց պատմութիւնը ցոյց է տալիս հակառակը։ Տարածքային ինքնիշխանութիւնը կառավարման պայմանագիր չէ. դա պետականութեան հիմքն է։

Առաջարկելով Սիւնիքի տարածքով միջանցքի վերահսկողութիւնը փոխանցել երրորդ կողմի՝ իբր Ադրբեջանի անխափան հաղորդակցութիւնը Նախիջեւանի հետ ապահովելու նպատակով՝ Նիկոլ Փաշինեանը վտանգում է Հայաստանի ինքնիշխանութիւնն ու տարածքային ամբողջականութիւնը։

Երրորդ կողմի վերահսկողութեան ներքոյ գտնւող միջանցքը՝ անկախ նրանից, թէ ով է այն կառավարում, վտանգաւոր նախադէպ կը ստեղծի։ Այն փաստացի կը կտրի Հայաստանի տարածքով մի ուղի՝ ազգային ինքնիշխանութիւնը ենթարկելով մի պետութեան տարանցիկ իրաւունքներին, որը ոչ միայն չի հրաժարւում բռնութիւնից, այլ շարունակաբար սպառնում է Հայաստանի անվտանգութեանը եւ կենսունակութեանը։ Նման միջանցքը, նոյնիսկ եթէ անւանապէս կառավարւում է «չէզոք» ուժերի կողմից, իրականում կը դառնայ ադրբեջանական էքսպանսիայի գործիք»,- գրել է նա:

Share