Վարդան Օսկանեան. ««Հայաստանը անցել է այն գիծը, որն առանձնացնում է ժողովրդավարութիւնը մենատիրութիւնից»

Վարդան Օսկանեան. ««Հայաստանը անցել է այն գիծը, որն առանձնացնում է ժողովրդավարութիւնը մենատիրութիւնից»

ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանեանի կարծիքով՝ Հայաստանն այլեւս չի կարելի համարել կենսունակ ժողովրդավարական երկիր: Այս մասին նա գրել է իր ֆէյսբուքեան էջում:

«Հայաստանը այլեւս չի կարելի համարել կենսունակ ժողովրդավարութիւն։ Թէեւ Երեւանի կենտրոնում կեանքը շարունակւում է իր ուրախ հնչերով, սրճարաններն ու գիշերային ակումբները լի են, իրական պատկերը շատ աւելի մռայլ է։ Հայաստանը անցել է այն գիծը, որն առանձնացնում է ժողովրդավարութիւնը աւտորիտարիզմից(մենատիրութիւն)։

Այս պահին Հայաստանում կայ մի քանի տասնեակ քաղաքական բանտարկեալ։ Նրանց թւում են երկու արքեպիսկոպոսներ, ռուսահայ բարերար եւ ներդրող Սամուէլ Կարապետեանը, գործող պատգամաւորներ, ընդդիմադիր գործիչներ եւ ակտիւիստներ։ Նրանց «յանցանքը» մէկն է՝ համարձակւել են դէմ արտայայտւել Նիկոլ Փաշինեանի քաղաքականութեանը։

Այս հալածանքները պատահական չեն։ Դրանք համակարգւած են, նպատակաուղղւած եւ օր-օրի աւելանում են՝ յատկապէս երբ Փաշինեանը շարունակում է իր զիջողական քաղաքականութիւնը, եւ մօտենում են Հայաստանի հերթական ընտրութիւնները։ Քննչական մարմինները եւ դատարանները դարձել են քաղաքական գործիք՝ ընդդիմախօսներին վախեցնելու, հետապնդելու եւ մեկուսացնելու համար։ Նախաքննական կալանքը կիրառւում է որպէս պատիժ՝ ոչ թէ արդարադատութեանը խոչընդոտելու ռիսկի կանխման միջոց։

Խօսքը սովորական քաղաքական մրցակցութեան մասին չէ։ Մենք ականատես ենք լինում այն գործընթացին, երբ մէկ առ մէկ քայքայւում են ժողովրդավարական կառոյցները։ Անկախ դատական համակարգը՝ իւրացւած, մամուլը՝ աղաւաղւած, քաղաքացիական հասարակութիւնը՝ թուլացած ու վախեցած։ «Ժողովրդավարական Հայաստանի» մասին միֆերը(առասպել) այլեւս չեն դիմանում իրողութիւններին ու փաստերին։

Վերջերս լսեցի քաղաքական բանտարկեալ Արմէն Աշոտեանի դատարանում արտայայտած միտքը, որ մենք ձախողեցինք՝ չստեղծելով ինստիտուցիոնալ յենակէտ քաղաքական բանտարկեալների խնդրի բարձրացման, ներկայացման ու պաշտպանութեան համար։ Ճշմարիտ է։ Մենք բաւարար չափով չենք բարձրաձայնել, չենք գործել՝ ոչ իրաւական, ոչ քաղաքական, ոչ էլ բարոյական իմաստով։

Ժամանակն է իրօք ստեղծել մի մարմին՝ կազմւած իրաւապաշտպաններից, միջազգային փաստաբաններից, նախկին դիւանագէտներից, ճանաչւած քաղաքական եւ հասարակական գործիչներից։ Այս մարմինը պէտք է համակարգւած աշխատի՝ միջազգային հանրութեան ուշադրութիւնը սեւեռելու այս վտանգաւոր շրջադարձի վրայ։ Այն պէտք է համագործակցի Amnesty International-ի, Human Rights Watch-ի, ՄԱԿ-ի համապատասխան կառոյցների եւ դեսպանատների հետ՝ ներկայացնելով փաստաթղթեր, պատրաստելով զեկոյցներ, կազմակերպելով լսումներ, դիմելով միջազգային դատարաններ։

Այս մարմինը պէտք է դառնայ այն ձայնը, որը կը հնչի այն բանտարկեալների փոխարէն, ովքեր լռեցւել են։ Պէտք է աջակցել նաեւ նրանց ընտանիքներին, ցոյց տալ ամբողջ աշխարհին՝ թէ ինչպէս է դատաիրաւական համակարգը օգտագործւում ոչ թէ արդարադատութեան, այլ ռեժիմի պահպանման համար։ Այն պէտք է նաեւ ճնշում գործադրի դեսպանութիւնների եւ միջազգային գործընկերների վրայ՝ որպէսզի նրանք չխաբւեն Երեւանի կենտրոնում տիրող ժողովրդավարական նորմալութեան կեղծ պատրանքով, այլ ազնւօրէն գնահատեն դրա յետեւում թաքնւած աւտորիտարիզմը։

Եթէ նման մարմին ստեղծւի, պատրաստ եմ իմ համեստ ներդրումը բերել՝ ժամանակով, կապերով եւ քարոզչութեամբ։ Քաղաքական բանտարկեալներն արժանի են ոչ միայն մտահոգութիւն արտայայտող յայտարարութիւնների, այլ նաեւ ռազմավարական եւ գործուն պայքարի։

Լռութիւնն այսօր նշանակում է հաշտութիւն անարդարութեան հետ։ Եթէ լռենք, մենք ոչ միայն թողնում ենք տասնեակ անմեղ մարդկանց անազատութեան մէջ, այլ նաեւ դաւաճանում ենք մեր ժողովրդի ժողովրդավարական երազանքին»,- գրել է նա:

Share