Մենք փորձում ենք կանխել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտութեան ռիսկը, Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի փոխանցմամբ՝ յայտարարել է ԱՄՆ պէտքարտուղար Մարկոյ Ռուբիոն:
Պետքարտուղարը յայտարարել է, որ հայ գերիների ազատ արձակումը ԱՄՆ-ի շարունակական դիւանագիտական ջանքերի «կարեւոր» բաղադրիչ է, որը «ուղղուած է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղութիւն հաստատելուն»։
«Մեր հիմնական ուշադրութիւնը կենտրոնացած է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղութիւն հաստատելու ուղղութեամբ աշխատելուն», – ասել է Ռուբիոն։
Մարկոյ Ռուբիոն ընդգծել է նաեւ՝ «մենք ստիպուած ենք գործ ունենալ երկրների հետ, որոնք շատ դէպքերում չունեն իդէալական մոդել»։ Այնուամենանիւ, ըստ նրա, ԱՄՆ-ը նրանց հետ շփւում է ազգային շահերից ելնելով՝ միաժամանակ ձգտելով հաւասարակշռել դրանք դիւանագիտութեան հետ։
Ամերիկայի Հայ դատի յանձնախումբը ողջունել է պէտքարտուղար Ռուբիոյի յայտարարութիւնը՝ «մասնաւորապէս նրա հաւաստիացումը, որ Թրամփի վարչակազմը յանձնառու է կանխելու Ադրբեջանի ներխուժումը Հայաստան եւ ապահովելու հայ գերիների ազատ արձակումը»:
Պաշտօնական Բաքուն եւ Երեւանը մարտի 13- ին յայտարարեցին խաղաղութեան համաձայնագրի վրայ աշխատանքներն աւարտելու մասին։ Երեւանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամութիւն է յայտնում, Բաքուն՝ պայմաններ առաջ քաշում՝ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող» Հայաստանի Սահմանադրութեան փոփոխութիւն, Ղարաբաղեան հարցով տարիներ շարունակ զբաղուած ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը յայտնել է, որ պատրաստ է Մինսկի խմբի լուծարման գործընթաց սկսել: Փաշինեանն Ադրբեջանին առաջարկում է ԼՂ հակամարտութեան կարգաւորման կառոյցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն ու Խաղաղութեան համաձայնագիրը ստորագրել միաժամանակ:
azatutyun.am