Ինչն է Թրամփը սխալ հասկանում Իրանի մշակութային տրամաբանութեան մէջ

Ինչն է Թրամփը սխալ հասկանում Իրանի մշակութային տրամաբանութեան մէջ

Ձեր ուշադրութեանն ենք ներկայացնում Սթենֆորդի համալսարանի կազմակերպչական վարքագծի եւ հոգեբանութեան պրոֆէսոր Միշել Գելֆանդի յօդուածը՝ գրուած Project Syndicate-ի համար:

Միշել Գելֆանդ

Իրանական պատերազմի չորրորդ շաբաթուայ ընթացքում ԱՄՆ-ում քննարկումների մեծ մասը կենտրոնացած է հակամարտութեան աւարտի յստակ ծրագրի բացակայութեան, երկարամեայ դաշինքների քայքայման, ինչպէս նաեւ Դոնալդ Թրամփի անհետեւողական դիւանագիտութեան վրայ: Դիտարկելով հակամարտութիւնը որպէս պայքար ռեսուրսների եւ տարածաշրջանային ազդեցութեան համար՝ Թրամփը յոյսը դնում է պատժամիջոցների, մեկուսացման եւ հրթիռային հարուածների վրայ՝ փորձելով ստիպել Իրանին զիջումների գնալ: Սակայն Իրանի համար խաղադրոյքները նիւթական շահերի սահմաններից դուրս են:

Ամերիկեան արտաքին քաղաքականութիւնը երկար ժամանակ հիմնուել է մի պարզ նախադրեալի վրայ. բաւարար տնտեսական վնաս հասցրեք եւ հակառակորդներն ի վերջոյ կը յանձնուեն: Այս մօտեցումը յաճախ արդիւնաւետ է լինում, երբ առաջնորդները գալիս են եզրահանգման, որ իրենց գոյատեւումը կախուած է փոխզիջումից: Սակայն այն չի գործում այն հասարակութիւններում, որտեղ, վերաձեւակերպելով արաբական հին ասացուածքը, պատիւը հացից կարեւոր է: Սովին կարող ես դիմանալ, անպատուութեանը՝ ոչ:

Պատուի գաղափարի վրայ կողմնորոշուած մշակոյթներում հակամարտութիւնները չէն մղւում միայն տարածքի կամ հարստութեան համար: Նման պետութիւնները պատրաստ են կրել արտակարգ զրկանքներ՝ սեփական հեղինակութիւնը պաշտպանելու համար, նոյնիսկ սեփական գոյատեւման ռիսկի ենթարկելու գնով: Այն, ինչ կարող է իռացիոնալ թուալ արտաքին դիտորդներին, յաճախ ծառայում է ռազմավարական նպատակին:

Այս տրամաբանութիւնը խոր պատմական արմատներ ունի։ Պատուի վրայ հիմնուած մշակոյթները, որպէս կանոն, ձեւաւորւում են այնպիսի պայմաններում, որտեղ ինստիտուտները թոյլ են, իսկ սպառնալիքները՝ մշտական։ Մերձաւոր Արեւելքի մեծ մասում, ներառեալ Իրանի շրջանները, անասնապահական տնտեսութիւնը եւ ցեղային համակարգերը հարստութիւնը (յաճախ՝ անասունների ձեւով) դարձնում էին միաժամանակ եւ՛ արժէքաւոր, եւ՛ հեշտօրէն յափշտակուող։ Ագրեսորներին զսպելու համար ցեղերը մշակել էին պատուի խիստ օրէնսգրքեր եւ արագ հակահարուած տալու պատրաստակամութիւն։

Երբ մարդիկ չէն կարող ապաւինել պետութեանը պաշտպանութեան հարցում, հեղինակութիւնը դառնում է նրանց գլխաւոր պաշտպանական միջոցը։ Զսպումը պահանջում է վստահութիւն. եթէ մրցակիցները հաւատում են, որ դուք պատասխան հարուած կը հասցնեք, նրանց յարձակման հաւանականութիւնը նուազում է։ Սակայն վստահութիւնը փխրուն է, եւ նոյնիսկ մէկ զիջումը կարող է խաթարել այն։
Ժամանակի ընթացքում նման ռազմավարական վարքագիծը վերածւում է բարոյական հրամայականի։ Տոկունութիւնը ոչ միայն խոհեմութիւն է, այլեւ ակնկալուող նորմ, իսկ ճնշման տակ զիջման գնալը դիտարկւում է ոչ միայն որպէս ծախսատար քայլ, այլեւ որպէս ամօթալի երեւոյթ։ Այս նորմերը պահպանւում են նոյնիսկ պայմանների փոփոխութեան դէպքում։ Իրանում պատիւը մնում է ներկառուցուած սոցիալական ակնկալիքների, ընտանեկան նորմերի, կրօնական ինստիտուտների եւ ազգային ինքնութեան մէջ։

Արեւմտեան դիտորդները յաճախ սխալ են մեկնաբանում վարքագիծը պատուի վրայ կողմնորոշուած հասարակութիւններում։ Բանակցութիւններ վարելու վերաբերեալ մեր հետազօտութիւնները ցոյց են տուել, որ փաստէրի վրայ հիմնուած գործիքային լեզուն, որը սովորաբար աշխատում է ԱՄՆ-ում, կարող է հակառակ ազդեցութիւնն ունենալ Եգիպտոսում՝ մի հասարակութիւնում, որը նոյնպէս կողմնորոշուած է դէպի պատիւը։ Այնտեղ յաջողուած համաձայնութիւնները կախուած են բարոյական ամբողջականութեան դրսեւորումից։

Այս համատեքստում Թրամփի դիրքորոշումն Իրանի նկատմամբ առաւել քան հակաարդիւնաւետ է։ Բացի տնտեսական եւ ռազմական ճնշումներից, նա բազմիցս եւ առանց անհրաժեշտութեան կասկածի տակ է առել իրանցիների արժանապատուութիւնը՝ «անուէրապահ կապիտուլեացիայի» իր պահանջներով եւ երկրի գազային հանքավայրերը «պայթեցնելու» ու էլեկտրակայանները «ոչնչացնելու» սպառնալիքներով։ Պատուի վրայ հիմնուած հասարակութիւններում գերիշխումն ու նուաստացումը չէն յանգեցնում հնազանդութեան. դրանք հրահրում են էսկալացիայ։

Թրամփի ռազմավարութիւնը հիմնուած է այն կանխաւարկածի վրայ, թէ աճող տնտեսական դժուարութիւններն ի վերջոյ կթուլացնեն Իրանի վճռականութիւնը: Սակայն պատուի վրայ հիմնուած մշակոյթներում հարկադրանքը բարձրացնում է հեղինակութեան հետ կապուած խաղադրոյքները: Որքան մեծ է ճնշումը, այնքան կարեւոր է դառնում անսասան մնալը: Անհնազանդութիւնն այստեղ ազդակ է. մենք թոյլ չենք տա մէզ նուաստացնել, անկախ նրանից, թէ ինչ գին կվճարէնք:

Այսպիսով, Իրանի անհնազանդութիւնը չի վկայում խթաններին արձագանքելու անկարողութեան մասին: Ընդհակառակը, այն արտացոլում է խթանների բոլորովին այլ համակարգ: Իրանի վարչակարգը կարեկցանքի արժանի չէ, սակայն եթէ ԱՄՆ-ը ցանկանում է յաղթել, ապա պէտք է հասկանայ այն մշակութային տրամաբանութիւնը, որն ուղղորդում է այդ երկրի առաջնորդների վարքագիծը:

Դրա համար ԱՄՆ-ը պէտք է ընդունի, որ պատուի վրայ կողմնորոշուած մշակոյթների առաջնորդներին անհրաժեշտ է տարածութիւն քաղաքական կուրսը փոխելու համար՝ առանց կապիտուլեացիայի տպաւորութիւն թողնելու: Գործնականում դա նշանակում է հրաժարուել հրապարակային վերջնագրերից հօգուտ մանրակրկիտ հաշուարկուած դիւանագիտական մօտեցման, ներգրաւել միջնորդների, ովքեր հասկանում են «պատուի դինամիկան», եւ ստեղծել նահանջի այնպիսի ուղիներ, որոնք կնուազեցնեն հեղինակութեան կորստի ռիսկը երկու կողմերի համար:

Ամերիկայի սեփական փորձը ցոյց է տալիս, որ արդիւնաւետ դիւանագիտութիւնը յաճախ կախուած է հրապարակային նուաստացումից խուսափելուց: 1962 թուականի Կարիբեան ճգնաժամի ժամանակ նախագահ Ջոն Քենեդին խորհրդային առաջնորդ Նիկիտայ Խրուշչովին «դէմքը փրկելու» եւ նահանջելու հնարաւորութիւն ընձեռեց՝ գաղտնի համաձայնելով դուրս բերել ամերիկեան հրթիռները Թուրքիայից: Ճգնաժամը հանգուցալուծուեց ոչ թէ այն պատճառով, որ կողմերից մէկը ջախջախուել էր, այլ քանի որ երկուսն էլ գտան նահանջելու այնպիսի ձեւ, որը կապիտուլեացիայի տպաւորութիւն չէր թողնում:

1978 թուականին Քեմփ Դեյուիդում ԱՄՆ նախագահ Ջիմի Քարտէրը կանխեց Եգիպտոսի նախագահ Անուար Սադաթի եւ Իսրայելի վարչապետ Մենախեմ Բեգինի միջեւ բանակցութիւնների տապալումը՝ մաքօքային դիւանագիտութեան դիմելով։ Նա առաջարկները տնակից տնակ էր փոխանցում այնպէս, որ առաջնորդներից ոչ մէկը ստիպուած չլինէր զիջումների գնալ հրապարակայնօրէն։ Դրան յաջորդեց պատմական խաղաղութիւնը։

Իրանական պատերազմը պահանջում է դեէսկալացիայի նմանատիպ ուղի, որը թոյլ կը տայ երկու կողմերին էլ պահպանել դէմքը։ Նման հակամարտութիւններում հարցն այն չէ, թէ որքան կարող է դիմանալ երկիրը, այլ այն, թէ ինչ նա չի կարող իրեն թոյլ տալ կորցնել։ Իրանի համար դա պատիւն է։

Թարգմանութիւնը՝ Մարթա Սեմյոնովայի


Այս յօդուածը թարգմանուել եւ հրապարակուել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցութեամբ: Յոդուածում արտայայտուած մտքերը պարտադիր չէ, որ արտացոլէն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի կամ Օրակարգի տեսակէտները:

Copyright: Project Syndicate, 2026.
www.project-syndicate.org

Share