Հաւաքուել են, որ արդարացնեն Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու դաւաճան քաղաքականութիւնը. Նարինէ Մկրտչեան

Հաւաքուել են, որ արդարացնեն Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու դաւաճան քաղաքականութիւնը. Նարինէ Մկրտչեան

Նարինէ Մկրտչեան, Մամուլի ազգային ակումբի նախագահ

Նիկոլ Փաշինեանի «աշխարհահռչակ» «խաղաղութեան խաչմերուկի» աջակիցները՝ «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոն եւ «Խաղաղութեան կամուրջ» նախաձեռնութիւն անուանումներով, օրերս Դիլիջանում քննարկել են «Հայաստան-Ադրբեջան խաղաղութեան գործընթացը»։ Ես չեմ ցանկանում քննարկել մասնակցիներին անհատապէս, թէպէտ ոմանց ներկայութիւնն այդ ֆորումին, որոնց նաեւ ճանաչում եմ, առնուազն տարակուսանք է առաջացնում։

Ի՞նչն է միաւորում նրանց՝ խաղաղությու՞նը, պատերազմի վա՞խը։ Այդ հաւաք-քննարկումը վկայում է, որ նրանց միաւորում է պարտուողականութիւնը եւ անարժանապատուութիւնը պաշտօնական գաղափարախոութիւն հռչակած ՀՀ գործող իշխանութիւնների քաղաքականութիւնը պաշտպանելու՝ աւելի ճիշտ, հաջակցութիւն այդ քաղաքականութեան հանրային աջակցութեան պատրանք ստեղծելու ձգտումը (հրահանգը)։

Դեմքերին լուրջ արտայայտութիւն տուած այս մարդկանց միաւորում են նաեւ տարբեր շահեր՝ մէկը դրամաշնորհներ է պարբերաբար ստանում, միւսը գործուղումների է մեկնում, երրորդը յոյս է տածում, թէ առաջիկայ ընտրութիւններում կը յայտնուի աղէտաբեր այս իշխանութեան կամ իշխանամերձ կուսակցութիւնների ցուցակներում, չորրորդին՝ Դիլիջանում անվճար հանգստանալու պարզ մղումը։

Մենք յիշում ենք, թէ ինչով աւարտուեց հայ-թուրքական հաշտեցման տխրահռչակ յանձնաժողովի գործունէութիւնը․ հասարակական մերժմամբ եւ պատմաբանների յանձնաժողով ստեղծելու երազանքի փառահեղ տապալմամբ։

Ժամանակին այդպէս հաւաքւում էին նաեւ մէկ այլ տխրահռչակ կառոյցի մասնակիցներ՝ Լազարեւեան ակումբի անդամները՝ ռուսական ուղեծրում պտտուող գործիչներով, վերլուծաբաններով՝ որոնելու հայ-ռուսական յարաբերութիւնների խորացման, իրականում՝ Հայաստանի վասալացումն անշրջելի դարձնելու կրեմլեան քաղաքականութիւնը։

Դիլիջանեան ֆորումի մասնակցների ամենայայտնի դէմքերի վերլուծութիւնների հիմքում Արցախի յանձնման հաշուին՝ Փաշինեանի մուրացեալ խաղաղութեան ծրագրի պաշտպանութիւնն է։

Արդեօ՞ք նրանք չգիտէն, թէ ի՜նչ գին է վճարել ժողովուրդը եւ դեռ շարունակում վճարել այդ խաղաղութեան համար։ Եթէ գիտէն եւ համաձայն են, ապա իրականում պարզ կոլաբորացիոնիստներ են, եթէ գիտէն, համաձայն չէն, բայց յայտարարում են, թէ համաձայն են, ապա անձնական շահ են հետապնդում, իսկ եթէ չգիտէն եւ չէն հասկանում, բայց լուրջ դէմք են ընդունում, թէ հասկանում են, ապա հրահանգը շատ ուղիղ են հասկացել։

Ես չգիտեմ, թէ այս կազմում եղե՞լ է գէթ մէկը, որը տարակարծիք է եղել հռչակուած պաշտօնական պարտուողականութեանը եւ հայ-ադրբեջանական ճարահատեալ երկխօսութեանը։ Կասեք՝ ընդամէնը վերլուծութիւն են ներկայացրել, սակայն վերլուծութիւնը միշտ էլ եզրահագնում է ունենում։ Ո՞րն է եղել այս հաւաքի մասնակիցների եզրահանգումը։

Նայէ՛ք Հայաստանի, Ադրբեջանի եւ Արցախի այսօրուայ քարտէզներին եւ եզրահանգումը յստակ կերեւայ։ Նրանք հաւաքուել են, որ հիմնաւօրէն եւ արդարացնեն Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու եւ այն հայաթափողների հետ երկխօսութեան գնալու դաւաճան քաղաքականութիւնը։

Նայէ՛ք Արցախի այսօրուայ բացակայ քարտէզին, եւ հաւաքի մասնակիցների համընդհանուր եզրահանգումը պարզ կը դառնայ։

Share