2 տարի 6 ամիս ազատազրկում են պահանջել  Միքայել Արքեպիսկոպոս Աջապահեանի համար

2 տարի 6 ամիս ազատազրկում են պահանջել Միքայել Արքեպիսկոպոս Աջապահեանի համար

Դատախազ Արման Բաղդասարեանը 2 տարի 6 ամիս ազատազրկում պահանջեց իշխանութեան զաւթման կոչի համար մեղադրուող Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահեանի համար:

Սրբազանին մեղաւոր ճանաչելուց յետոյ դատարանն այսօր սկսել է լրացուցիչ լսումներ՝ պատժաչափը որոշելու համար։
Սրբազանին սպառնում է տուգանքից մինչեւ 5 տարուայ ազատազրկում։
Ինքը՝ Շիրակի թեմի առաջնորդը մեղադրանքը չի ընդունում եւ այս ամէնը որակում է քաղաքական հետապնդում։ Պաշտպանական թիմն ինչպէս այսօր, այնպէս էլ ամբողջ դատաւարութեան ընթացքում պնդում էր, որ գործընթացն ամբողջութեամբ ապօրինի, եւ որ արդար դատաւճիռի ակնկալիք չունեն դատաւորից:

«Քաղաքական կուրսն այդպիսին է, որովհետեւ որ ասում եք՝ քաղաքական չէ, չմոռանանք՝ յօդուածն ինչ է, ումով սկսուեց այդ գործը, եւ այդ իշխանութիւնն ասում է, որ այսօր եկեղեցին արժէք չունի: Հիմա եկեղեցու վառ ներկայացուցիչներից մէկին ապօրինի ճանաչեցիք, մեղադրողն էլ եկել է, այդ մասին ոչինչ չի ասել», — ասաց փաստաբան Երեմ Սարգսեանը:

Ի դէպ, նախքան նիստն այսօր փաստաբաններն արդէն երրորդ անգամ բացարկ յայտնեցին դատաւոր Արմինէ Մելիքսեթեանին, որը կրկին մերժուեց։

Այս քրէական գործը յարուցուել է սրբազանի աւելի քան մէկ տարի առաջ տուած մի հարցազրոյցի հետքերով, որտեղ նա խօսել էր յեղափոխութեան անհրաժեշտութեան մասին։ Այն ժամանակ իրաւապահները յանցակազմ չէին տեսել եւ քրէական գործ յարուցեցին միայն վերջերս, երբ վարչապետ Նիկոլ Փաշինեանը քննադատական արշաւ սկսեց եկեղեցու վերնախաւի ու կաթողիկոսի դէմ։
Իրաւապահները պատճառաբանում են, թէ Միքայել Աջապահեանը մեղաւոր է, քանի որ նոյն միտքը կրկնել է մի քանի անգամ։
Սրբազանն էլ դատարանում բազմիցս ասել է, որ յեղաշրջման անհրաժեշտութեան մասին արդէն 5 տարի խօսում է, բայց իրեն «հիմա են յիշել»։

Փաստաբաններն այսօր յայտնեցին, որ Մարդու իրաւունքների եւրոպական դատարան են դիմելու արդարադատութեան համար:

Դատական նիստէրն անցնում են լեփ-լեցուն դահլիճում։ Մեծ մասը հոգեւորականներ են։ Նիստի աւարտին Նաթան արքեպիսկոպոսը լրագրողների հետ ճեպազրոյցում ասաց՝ այս ամէնից տպաւորութիւն ունի, որ «իրական Հայաստանում» փորձում են միայն մի հեղինակութիւն թողնել։ Օրհնեց, որ անարդարադատութեան ճարտարապետների զաւակները երբեք նման բախտի չարժանան։

«Մեզ յայտնի է, որ Միքայել սրբազանի այս ամբողջ դատական գործը եւ հիմնական մեղքը նրանում է, որ նա Հայ եկեղեցու հոգեւորական է, եւ պէտք է Հայ եկեղեցու հոգեւորականին որեւէ կերպ պատժել: Ցաւում եմ, որ մենք այսօր նման իրականութեան առջեւ ենք կանգնում «իրական Հայաստանում»: Այսօր ծրագիրը Հայ առաքելական եկեղեցին հեղինակազրկել, որովհետեւ «իրական Հայաստանում» միայն մէկ հեղինակութիւն կարող է լինել, միւսները որեւէ կերպ պիտի ոչնչացուէն, բայց թող մի բան իմանան՝ Աստծոյ տուած հեղինակութիւնը մարդը չի կարող խափանել», — ասաց նա:
Թէ ինչ պատժաչափ կ’որոշի դատարանը, յայտնի կը դառնայ շաբաթուայ վերջում՝ ուրբաթ օրը՝ 17:30-ին:

Share