Անհերքելի է, որ սիրիացի վարձկանների յանձնումն ու հայ չորս գերիների վերադարձը տեղի ունեցաւ համաժամանակեայ, իհարկէ կարող են լինել տարբեր մեկնաբանութիւններ, սակայն ցանկացած պարագայում գերիների վերադարձը խիստ կարեւոր է եւ ողջունելի։ Այսօր հրաւիրուած ասուլիսի ժամանակ նման կարծիք է յայտնել ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակեանը։
«Յատկապէս կարեւոր էր այս փուլում, քանի որ վերջին վերադարձն ունեցել էինք 2023 թուականի դեկտեմբերին։ Այս ազատ արձակումը յոյս է առաջացնում, որ գործընթացը կարող է շարունակական լինել»,- նշեց նա։
Սահակեանի խօսքով՝ գերիների իւրաքանչիւր վերադարձի հետեւում կան քաղաքական պայմանաւորուածութիւններ. «Իմ գնահատմամբ, վերադարձը հնարաւոր է բացառապէս հանրային իշխանութեան ներկայացուցիչների ներգրաւմամբ։ Առանց նրանց ներգրաւման, առանց բանակցային գործընթացի՝ հարցը կը տանենք փակուղի, դրա համար լաւագոյն մոդելը փոխհամագործակցուած կերպով գործելն է»։
