Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը յայտարարութիւն է տարածել Հայաստանեաց Առաքելական Եկեղեցու հետ կապուած վերջին զարգացումների վերաբերեալ։ Մտահոգութիւն է յայտնել Հայաստանում Հայ Առաքելական Եկեղեցու հետ կապուած վերջին զարգացումների կապակցութեամբ։
«Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) խոր մտահոգութիւն է յայտնում Հայաստանում Հայ Առաքելական Եկեղեցու հետ կապուած վերջին զարգացումների կապակցութեամբ, ներառեալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իրաւապահ մարմինների գործողութիւնները եւ բարձրաստիճան հոգեւորականների կալանաւորումը։Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին առանձնայատուկ եւ պաշտելի նշանակութիւն ունի հայ ժողովրդի հոգեւոր, մշակութային եւ պատմական կեանքում։ Այն նաեւ համաշխարհային Քրիստօնեական ընտանիքի էական ու անփոխարինելի անդամ է եւ մեծապէս նպաստում է էկումենիկ շարժմանը եւ Եկեղեցու համատեղ վկայութեանն ամբողջ աշխարհում։Սուրբ վայրերի նկատմամբ ուժի կիրառման եւ հոգեւորականների կալանաւորման մասին հաղորդումները լուրջ մտահոգութիւններ են առաջացնում կրօնական ազատութեան պաշտպանութեան, պաշտամունքի սրբութեան եւ կրօնական հաստատութիւնների ինքնաւարութեան առնչութեամբ։
Մենք նաեւ գիտակցում ենք այն ազդեցութիւնը, որ հանրային հռետորաբանութիւնը կարող է ունենալ տարածաշրջանային լարուածութեան պահերին։ Խոսքը, որն ընկալւում է որպէս թշնամական կամ նսեմացնող կրօնական համայնքների նկատմամբ, վտանգում է խորացնել հասարակական պառակտումները այն ժամանակ, երբ առաւել քան երբեւէ անհրաժեշտ են միասնութիւնն ու փոխըմբռնումը։
Այս համատեքստում՝ ԵՀԽ-ն յարգանքով կոչ է անում Հայաստանի կառավարութեանը՝
- Ապահովել բոլոր կրօնական առաջնորդների եւ հաստատութիւնների պաշտպանութիւնը, արժանապատուութիւնն ու օրինական իրաւունքները։
- Զերծ մնալ այնպիսի գործողութիւններից կամ յայտարարութիւններից, որոնք կարող են մեկնաբանուել որպէս կրօնական կառոյցների դէմ ուղղուած թիրախաւորում կամ հանրային թշնամանքի հրահրում։
- Յարգել կրօնական ազատութեան, օրինական ընթացակարգերի եւ հաւատքի խաղաղ արտայայտման սկզբունքները։
- Խրախուսել պետական կառոյցների եւ կրօնական համայնքների միջեւ բաց եւ կառուցողական երկխօսութիւնը։
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը զօրակցում է Հայաստանեայց Առաքելական Եկեղեցուն, որի պատմական վկայութիւնն ու մնայուն դերը երկար ժամանակ մեծապէս նպաստել են ինչպէս հայ ժողովրդի, այնպէս էլ համաշխարհային Քրիստօնեական համայնքի հոգեւոր կեանքին եւ զօրացմանը։ Մենք շարունակում ենք աղոթել Հայաստանի առաջնորդների իմաստութեան եւ խորաթափանցութեան համար, հոգեւորականութեան եւ հաւատացեալ ժողովրդի բարեկեցութեան, ինչպէս նաեւ առկայ խնդիրների՝ արդարութեան, խաղաղութեան եւ բոլորի հանդէպ յարգանքի վրայ հիմնուած կարգաւորման համար։
Այս կարեւոր պահին մենք կոչ ենք անում շահագրգիռ բոլոր կողմերին գործելու պատասխանատուութեամբ, նրբանկատութեամբ եւ հաւատարմութեամբ այն արժէքներին, որոնք նպաստում են արժանապատուութեանը, երկխօսութեանը եւ խաղաղ համակեցութեանը»։