Փաշինենաի՝ «կոնկրետ ձեւ ու չափ ունեցող Հայաստանի Հանրապետութիւնը» «ինքնիշխանութեան» նոր եզերքներ է նւաճում:
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը յայտարարել է, որ Միացեալ Նահանգները պատրաստ է ստանձնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախատեսւած տրանսպորտային միջանցքի կառավարումը՝ «երկու կովկասեան երկրների միջեւ դադարեցւած դիւանագիտական բանակցութիւնները առաջ մղելու փորձով»։ Հաղորդում է Middle East Eye-ը։
«Չնայած Հայաստանը եւ Ադրբեջանը մարտին համաձայնութեան եկան խաղաղութեան համաձայնագրի նախագծի շուրջ, Բաքուն շարունակում է պնդել մի շարք լրացուցիչ պայմաններ՝ նախքան համաձայնագրի պաշտօնական ստորագրումը։
Ադրբեջանը պահանջում է, որ Երեւանը փոփոխութիւններ մտցնի Սահմանադրութեան մէջ։ Հիմնական խոչընդոտներից մէկը մնում է այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ը, որը Հայաստանի տարածքով կապելու է Ադրբեջանը նրա էքսկլաւ Նախիջեւանի հետ։
Հայաստանը հրաժարւում է օգտագործել «Զանգեզուրի միջանցք» եզրոյթը՝ պնդելով, որ այն անընդունելի հետեւանքներ ունի Սիւնիք անունով յայտնի ինքնիշխան հայկական տարածքի համար։
Ադրբեջանը պնդում է, որ միջանցքը չպէտք է յանձնւի Հայաստանի լիակատար վերահսկողութեանը։ Հայաստանը նոյնպէս կտրականապէս դէմ է երթուղու վերահսկողութիւնը որեւէ երրորդ կողմի փոխանցելուն։
32 կմ երկարութեամբ միջանցքը լուրջ խոչընդոտ է դարձել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկարատեւ խաղաղութեան հասնելու համար։
«Նրանք վիճում են 32 կիլոմետր ճանապարհի շուրջ, բայց դա մանրուք չէ»,- նշել է Բարաքը։ Ըստ նրա՝ դա վաղուց է տեղի ունենում։
«Եւ ահա Ամերիկան միջամտում է եւ ասում. «Լաւ, մենք այն մեզ համար կը վերցնենք։ Տւէք մեզ ճանապարհ 32 կիլոմետրը որպէս վարձակալութիւն՝ հարիւր տարով, եւ բոլորդ կը կարողանաք օգտագործել այն»,- ասել է դեսպանը»,- գրել է Middle East Eye-ը։
Ու թէեւ ՀՀ վարչապետի մամուլի խօսնակ Նազելի Բաղդասարեանը «Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան յայտարարել է. «Հայաստանը տարածաշրջանային ենթակառուցւածքների ապաշրջափակման հարցը քննարկում է բացառապէս ՀՀ ինքնիշխանութեան, տարածքային ամբողջականութեան եւ իրաւազօրութեան համատեքստում. Հայաստանը չի քննարկել եւ չի քննարկում որեւէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողութիւնն արտապատւիրակելը», այդուհանդերձ, ակնյայտ է, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպանի մեկնաբանութիւններն առաջին պաշտօնական հաստատումն են, որ Թրամփի վարչակազմն առաջարկել է միջանցքը կառավարել մասնաւոր ամերիկեան առեւտրային օպերատորի միջոցով, որը հանդէս կը գայ իբրեւ չէզոք երաշխաւոր, եւ այդ թեման քննարկւել է Աբու Դաբիում կայացած Փաշինեան-Ալիեւ վերջին հանդիպման ժամանակ:
Եւ միթէ՞ պատահական է, որ դեսպան Բարաքի սկանդալային յայտարարութեանը հետեւել է «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտութեան մօտալուտ աւարտի մասին» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի յայտարարութիւնը, որը նա արել է ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Մարկ Ռուտէի հետ հանդիպման ժամանակ:
«Մենք եւս մէկ հարց լուծեցինք, նկատի ունեմ Հայաստանի եւ Ադրբեջանի հարցը։ Ըստ երեւոյթին, դա (հարցը-ԽՄԲ.) մօտ է աւարտին։ Յաջող աւարտին»,- ընդգծել է նա։
Հաշւի առնելով այն հանգամանքը, որ նման մակարդակներում յայտարարութիւններն հէնց այնպէս չեն արւում, կարելի է աներկբայ եզրակացնել, որ խնդրի վերաբերեալ կողմերի միջեւ կայ որոշակի կոնսեսուս, եւ մնում է այն ներկայացնել այնպիսի «փաթեթաւորմամբ», որ չվնասի ՀՀ «ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ» մակարդակի մասին ՀՀ վարչապետի պաշտօնը զբաղեցնող անձի մերկապարանոց յայտարարութիւններին:
Յ.Գ. յիշեցման կարգով. Աբու Դաբիի հանդիպման նախօրէին «միջանցքի» վերահսկողութեան արտապատւիրակելու մասին լրագրողների հարցին ի պատասխան, ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարեանն ասել էր. «Այդ գործընթացը պէտք է իրականացւի Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութեան, տարածքային ամբողջականութեան եւ իրաւազօրութեան ներքոյ, ԵԹԷ ԴԱ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԻ ԱՅԴ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՆ՝ ԱՅՈ, ԿԱՐՈՂ Է ԻՐԱԿԱՆԱՑՒԵԼ»:
«ԱԼԻՔ»