Միգանուշ Մելքոնեան Աճէմեան
ՀՀ վարչապետը կառավարութեան հերթական ժողովին, իր մշտական քմծիծաղը դէմքին, յայտարարել է թէ գարնանը յանձնարարական է տուած եղել ԿԳՄՍ նախարարութեանը, որպէսզի մշակի և համապատասխան ձևաւորում տայ մի ուղերձի, որը 2025-ի Սեպտեմբերի 1-ից սկսեալ պէտք է փակցուի ՀՀ բոլոր դպրոցների, կամ առնուազն նորակառոյց դպրոցների պատերին։
Վարչապետն յայտարարում է որ այս ուղերձն ու ձևաւորումը նաև անցել է հանրային քննարկման փուլից և որ այն շրջադարձային է և արտայայտում է իրենց՝ իմա իշխանութեան, ասելիքը կրթութեան մասին։ Նա ասում է որ հինգ տարի շարունակ կրթութեան ոլորտի մասին իրենց ընդունած որոշումների, դրանց չեղարկումների ու լաւարկումներից յետոյ (լաւարկումը «նորաձև կրթութեան» արդիւնքում ծնուած թխածոյ բառերից մէկն է, բառարաններում իզուր մի փնտռէ՝ք) վերջապէս «Լաւ սովորիր, որ լաւ ապրես» ուղերձը ա՛յն ուղերձն է, որ իրենք ուզում են յղել մեր աշակերտներին։ Նա նշում է թէ այդ ուղերձը դիպուկ է, ճիշտ է և յստակ է և որ ա՛յս ուղերձի ճշմարտացիութեան մէջ կասկածելու որևէ առիթ, որևէ մէկը, երբևէ չի կարող ունենալ։
Ահա թէ ինչ նկատի ունի «Գող՝ սիրտը դող» առածը։
Եթէ դա իրօք ճշմարտացի և դիպուկ ուղերձ ու անվնաս կարգախօս է ապա ինչո՞ւ է վարչապետն հենց սկզբից հաւանական դժգոհողներին զգուշացնում չհամարձակուել անգամ հակաճառել։
Թէև անհաւատալի է, սակայն ողջամտութիւնը ենթադրել է տալիս որ «Կրթութիւնը նորաձև է» խայտառակ թէզին համոզուող մասսան կուլ կը տայ նաև այս հերթական նուաստացումը, այս անգամ ուղղուած մեր մանուկներին։ Սեպտեմբերի 1-ից, աշակերտներն ամէն օր պիտի տեսնեն ու լսեն և հաւանբար շուտով համոզուեն, որ հայրիկն ու մայրիկը, տատիկն ու պապիկը, դասատուներն ու բանաստեղծները սխալ և հնաոճ էին երբ ասում էին «Սովորի՛ր որ մարդ դառնաս»։
Եկէ՛ք համեմատենք այս նոր ու խայտառակ կարգախօսը՝ այլ և մանաւանդ մեր հարևան երկրների կրթական նպատակների հետ։
Կրթութեան նպատակների կարգախօսներ տարբեր երկրներում
- Հնդկաստան — «Ուսման պտուղը նկարագիրն ու արդար վարքն է»։
- Չինաստան — «Նուիրում հանրային շահերին, բազմակողմանի կարողութիւնների ձեռքբերում, ձգտում ամենօրեայ առաջընթացի»։
- Ճապոնիա — «Խթանել կարգապահութիւն, յարգանք աւագների և աւանդոյթների նկատմամբ, և ուժե, կոլեկտիւ պատասխանատուութեան զգացում՝ ակադեմիական գերազանցութեան հետ մէկտեղ»։
- Թուրքիա — «Սովորիր լինել հպարտ և ժամանակակից թուրք քաղաքացի, նպաստիր մեր ազգի առաջընթացին և մտածիր գիտականօրէն»։
- Ադրբեջան — «Սովորիր մեր ազգի մասին, ձեռք բեր ժամանակակից հմտութիւններ և նպաստիր ուժեղ, անկախ Ադրբեջանին»։
- Ֆինլանտա — «Միասին սովորէք, արդար եղէք և մեր հասարակութիւնն աւելի լաւը դարձրէք բոլորի համար»։
- Ուրուգուա — «Հասկացէք մեր պատմութիւնը, պաշտպանէք ճիշտը և միասին աշխատէք մեր ժողովրդի համար»։
- Իրան — «Սովորիր իսլամի մասին, դարձիր լաւ քաղաքացի և օգտագործիր քո գիտելիքները մեր ազգի բարգաւաճման համար»։
Ու այսպէս շարունակ…
Միայն քոչուոր ու որսորդ ցեղերի հնագոյն մի կարգախօս ունի որոշակի նմանութիւն ՀՀ կառավարութեան նորաձև ուղերձի հետ, որն ասում է՝
«Ճանաչիր երկիրը, լաւ որս արա և կիսուիր մեր պատմութիւններով»։
Սակայն անգամ այդ ցեղերն էին գիտակցում իրենց նախնիների պատմութիւններին տիրապետելու կարևորութիւնը։
21-րդ դարում մեր աշակերտներին ասելու են՝ «Պէտք չէ ճանաչել երկիրը, կամ կիսուել մեր պատմութիւններով, պարզապէս լաւ որս արա»։
Ձեզ չթուայ թէ հեռաւոր սփիւռքում մենք ու մեր երեխաները ապահով ենք լինելու միջակութիւնից էլ վար, նսեմից էլ ցածր այս կարգախօսից։ Դրա ալիքը մեզ էլ է հասնելու, քանզի մեզ մօտ էլ չեն պակասում իրենց տգիտութեամբ աչքի ընկնող «լաւ ապրողները»։
Մեզ մնում է լողալ ազգային նկարագրի աղճատման ծրագրի յորձանուտի դէմ։ Ու ամբողջ ուժերով։ Բոլորս միասին։ Յանուն մեր արդէն հաւանական ապագայի։
Ուրեմն՝
Իմ նախկին ու ապագայ բոլոր աշակերտներին ասել եմ ու ասելու եմ՝
Լաւ սովորի՛ր, որ ընտանիքիդ, ազգիդ ու համայն մարդկութեանը պիտանի և օգտակար մարդ դառնաս, քո ստացած մէկը տասով փոխարինես՝ քո դպրոցին, համայնքին, ազգին ու աշխարհին։
Լաւ ապրելը սովորողի բնական և ամենաչնչին ձեռքբերումը պէտք է լինի ոչ թէ նրա գերագոյն նպատակը…
Մեղք են մեր երեխաները ովքեր ըստ սրանց միայն լաւ ապրելու համար պէտք է սովորեն։
Իմիջայելոց գողերն ու յանցագործերը «լաւ էլ ապրում են» և սովորելու պահանջ, նպատակ կամ կարիք ոչ էլ ունեն։