Ներկայացնում ենք Արտաքին յարաբերութիւնների եւրոպական խորհրդի «Ընդլայնուած Եւրոպայ» ծրագրի տնօրէն Մարի Դիւմուլենի The perpetual horizon: Armenia, Azerbaijan and prospects for peace յօդուածի հայերէն թարգմանութիւնը: Աղբիւր՝ «Մեդիամաքս»
Մարի Դիւմուլէն
Մայիսի 9-ի իր ելոյթում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը ակնարկեց իր երկրի եւ Ադրբեջանի միջեւ բանակցութիւնների նուրբ կարգավիճակի մասին. «Ի հեճուկս բոլոր ներքին եւ արտաքին սադրանքներին […] խաղաղութիւն լինելու է»։ 1980-ականների վերջից ի վեր այդ խաղաղութիւնը այսքան մօտ չի թուացել։ Սակայն նոր պատերազմի ուրուականը նոյնպէս աւելի մօտ է, քան երբեւէ։
Դոնալդ Թրամփի վերադարձը ԱՄՆ նախագահի պաշտօնին ստիպեց Երեւանին նոր եռանդ հաղորդել Բաքուի հետ երկկողմ քննարկումներին։ Արդիւնքում մարտին կառավարութիւնները համաձայնութեան եկան խաղաղութեան պայմանագրի տեքստի շուրջ։ Թեեւ տեքստը ներառում է Հայաստանի կողմից մի քանի կարեւոր զիջումներ, այն նոյնիսկ չի անդրադառնում երկու երկրների միջեւ ամենաբարդ հարցերին։ Բաքուն նաեւ նոր պայմաններ է ներկայացրել, որոնք նշանակում են, որ համաձայնագիրը, հաւանաբար, շուտով չի ստորագրուի։
Ոչ պակաս բարդ աշխարհաքաղաքական պահը աւելի մեծ վտանգներ է ստեղծում՝ ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի, այլեւ ԵՄ-ի համար։ Երկու երկրները, կարծես, աւելի ու աւելի են ներգրաււում Մերձաւոր Արեւելքի թնջուկում, եւ սա կարող է աւելի հաւանական դարձնել լարուածութեան սրումը, քանի դեռ համաձայնագիրը չի ստորագրուել: Եթէ ԵՄ-ն չկարողանայ կանխել նման լարուածութիւնը, ԵՄ հարեւանութիւնը (եւ տարածաշրջանը, որը կենսական նշանակութիւն ունի Եւրոպայի էներգէտիկ անվտանգութեան եւ կապի նախագծերի համար) կարող է դուրս չգալ բռնութեան ցիկլից կամ նոյնիսկ դառնալ արտաքին ուժերի միջեւ միջնորդաւորուած բախման նոր խաղահրապարակ:
Այսքան մօտ, բայց այսքան հեռու
Թրամփի օրօք ամերիկեան աջակցութիւնը Հայաստանին երեւի կնուազի: Սա պայմանաւորուած է ԱՄՆ արտաքին օգնութեան կրճատումով, բայց նաեւ այն պատճառով, որ ԱՄՆ-ի հայկական սփիւռքը սերտ կապեր չունի «Ամերիկան կրկին մեծ դարձնենք»/MAGA շարժման հետ: Թրամփը նախկինում գործարար կապեր է ունեցել Ադրբեջանի հետ, եւ Բաքւում, կարծես, ակնկալում են, որ Թրամփի երկրորդ պաշտօնավարման ընթացքում Վաշինգտօնի հետ յարաբերութիւնները կծաղկէն: Այդ պատճառով Հայաստանի կառավարութիւնը փորձեց արագ համաձայնութեան գալ Ադրբեջանի հետ՝ ընդունելով վերջինիս երկու հիմնական պայմանները:
Նախ, համաձայնագրի ստորագրումից յետոյ ԵՄ սահմանային մոնիտորինգի առաքելութիւնը պէտք է հեռանայ: 2020 թուականի պատերազմից յետոյ ԵՄ-ն փորձեց ակտիւ դեր խաղալ կարգաւորման միջնորդութեան գործում՝ սահմանի հայկական կողմում տեղակայելով իր առաքելութիւնը 2023-ի փետրուարին (ընդամէնը մի քանի ամիս յետոյ Ադրբեջանը յարձակուեց Լեռնային Ղարաբաղը վերահսկողութեան տակ վերցնելու համար): Ադրբեջանի ղեկավարութիւնը վաղուց քննադատում էր առաքելութիւնը: Սակայն հայերը համարում են, որ առաքելութիւնը չեղարկելով՝ իրենք կկորցնեն սադրանքներից կամ լայնածաւալ յարձակումից ապահովագրութիւնը, ինչպէս նաեւ Ադրբեջանի կողմից խաղաղութեան համաձայնագիրը չխախտելու միակ մեխանիզմը: Հետեւաբար, սա նշանակալի զիջում է, որը հիմնուած է Բաքուի կողմից համաձայնագիրը պահպանելու բարի կամքի վրայ։
Լուսանկարը` REUTERS
Երկրորդը, Հայաստանը պէտք է հրաժարուի միջազգային դատարաններում Ադրբեջանի դէմ ներկայացուած բոլոր հայցերից։ Այս քայլն էլ Հայաստանում ժողովրդականութիւն չի վայելում։ Երեւանի իրաւական պահանջները վերաբերում են այնպիսի հարցերին, ինչպիսիք են ռազմագերիների իրաւունքների պաշտպանութիւնը եւ տարածաշրջանում հայկական մշակութային ժառանգութիւնը, ինչպէս նաեւ պատերազմական յանցագործութիւնները, որոնք, ըստ Հայաստանի, Ադրբեջանը գործել է 2020-ի պատերազմի ժամանակ։ Հայերից շատերը համարում են, որ այս հայցերից հրաժարուելով՝ Երեւանը վաւերացնում է ադրբեջանական պատումը եւ զիջում Բաքուի դէմ իրենց միակ խաղաքարտը։ Սա իրօք նշանակալի զիջում է եւ վտանգաւոր խաղադրոյք։
Սակայն Բաքուն համաձայնագրի ստորագրման երկու նոր նախապայման է առաջ քաշել։ Առաջինը ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտօնական լուծարումն է, որը 1992 թուականից ի վեր ղեկավարում էր Լեռնային Ղարաբաղի բանակցութիւնները՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի գլխաւորութեամբ։ Հայաստանի կառավարութիւնը տեքստի շուրջ բանակցութիւնների ժամանակ ազդակ է տուել, որ պատրաստ է այս քայլին, քանի որ Մինսկի խումբը կորցրել է արդիականութիւնը 2020-ի պատերազմից յետոյ (իսկ յետոյ փաստացի դադարեցրել գործունէութիւնը Ռուսաստանի կողմից Ուկրաինայ ներխուժումից յետոյ): Երկրորդ պայմանը ՀՀ սահմանադրութեան վերանայումն է, որպէսզի այն բացառի Լեռնային Ղարաբաղին վերաբերող ցանկացած յղում։ Փաշինեանը չի բացառել, որ նման վերանայումը կարող է քննարկուել։ Սակայն, եթէ ընտրողները այս քայլը համարէն դրսից պարտադրուած, այն կարող է երկրի ներսում աւելի մեծ դժուարութիւններ ստեղծել վարչապետի համար։
Եւ իրօք, երկու պահանջներն էլ խփում են Փաշինեանի ներքին քաղաքականութեան թոյլ տեղին. Լեռնային Ղարաբաղի փոխարէն նա գիտակցաբար ընտրում է Հայաստանը։ Հայաստանի խորհրդարանական ընտրութիւններին մնացել է մէկ տարուց էլ պակաս։ Այս նոր պայմաններով Բաքուն կարող է երկընտրանք ստեղծել Փաշինեանի համար. ընդունել Ադրբեջանի պահանջները՝ չնայած ներքին ռիսկերին (եւ առանց որեւէ երաշխիքի, որ համաձայնագիրը կստորագրուի) կամ մերժել դրանք եւ ընդհանրապէս կորցնել խաղաղութեան համաձայնագրի հեռանկարը։
Չմոռանանք այն դժուար հարցերը, որոնք տեքստը լիովին անտեսում է։ Օրինակ՝ Լեռնային Ղարաբաղը, որն այլեւս բանակցութիւնների առարկայ չէ։ Աւելին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման շուրջ բանակցութիւնները ընթանում են զուգահեռ գործընթացով։ Փաշինեանն արդէն ընդունել է ծանր փոխզիջումները այդ գործընթացի շրջանակներում։ Բայց վերջնական որոշում կայացնելու համար կարող են տարիներ պահանջուել։ Եւ վերջապէս՝ ցամաքային հաղորդակցութեան (մասնաւորապէս՝ աւտօմոբիլային եւ երկաթուղային կապերի) բացման ամենախրթին հարցը թողնուել է ապագայ քննարկումների համար։
Խոսքը Ադրբեջանի եւ նրա Նախիջեւան էքսկլաւի միջեւ կապի մասին է, որը գտնւում է Հայաստանի եւ Իրանի հետ սահմանի միջեւ։ Հայաստանը շարունակում է առաջ մղել «Խաղաղութեան խաչմերուկ» նախաձեռնութիւնը, որը նախատեսում է տարածաշրջանում բոլոր հաղորդակցութեան ուղիների փոխադարձ բացումը՝ պահպանելով երկրների ինքնիշխանութիւնը իր սահմանների եւ ենթակառուցուածքների նկատմամբ։ Մինչդեռ Ադրբեջանը պնդում է միջանցքը Հայաստան-Իրան սահմանի երկայնքով։ Այդ միջանցքը Բաքուին անարգել հաղորդակցութիւն կպարգեւի Նախիջեւանի հետ եւ թոյլ կը տայ խուսափել հայկական վերահսկողութիւնից։ Եթէ Ադրբեջանը չկարողանայ հասնել այս նպատակին դիւանագիտական ճնշման միջոցով, կարող է ուժ կիրառել։
Իր խոցելիութիւնը յաղթահարելու համար Հայաստանը վերջին տարիներին նոր պաշտպանական գործընկերներ է ձեռք բերել։ Դրանց թւում են Իրանը, ինչպէս նաեւ Հնդկաստանը եւ Ֆրանսիան։ Այս համագործակցութիւնը կարող է փոխել Բաքուի հաշուարկը ապագայ ռազմական գործողութիւնների արժէքի վերաբերեալ եւ ստիպել աւելի վաղ յարձակում սկսել, եթէ քաղաքական միջոցները անբաւարար թուան։
Լուսանկարը` ՀՀ կառավարութիւն
Հնդկաստանը դարձել է պաշտպանական ոլորտում Երեւանի ամենախոշոր մատակարարը։ Հնդկաստանի տեսանկիւնից այս յարաբերութիւնների զարգացումը անմիջական արձագանք է Ադրբեջանի եւ Պակիստանի միջեւ աճող կապերին, այդ թւում՝ ռազմական ոլորտում։ Քաշմիրի հարցում Ադրբեջանի աջակցութիւնը Պակիստանին եւ Հայաստանի աջակցութիւնը Հնդկաստանին արտացոլուել է Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ Իսլամաբադի եւ Նյու Դելիի համապատասխան դիրքորոշումներում։
Երկու երկրները աւելի ու աւելի են ներգրաււում նաեւ Մերձաւոր Արեւելքի խնդիրներում։ Ադրբեջանը խորացնում է կապերը Իսրայելի հետ եւ քննարկում է Աբրահամի համաձայնագրերին միանալը։ Բաքուն ակտիւացրել է Իսրայելի հետ համագործակցութիւնը ոչ միայն էներգետիկայի, այլեւ պաշտպանութեան եւ հետախուզութեան ոլորտներում. 2016-2020 թուականներին Ադրբեջանի զէնքի գնումների 69%-ի աղբիւրը Իսրայելն էր, եւ հէնց Իսրայելի աջակցութիւնը, հաւանաբար, մեծ դեր է խաղացել 2020 եւ 2023 թուականների պատերազմներում։ Ադրբեջանը ակտիւ միջնորդական դեր է խաղում Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ, ինչը մտահոգութիւն է առաջացրել Երեւանում եւ Թեհրանում: Հայաստանն իր հերթին 2024 թուականի յուլիսին Իրանի հետ կնքել է 500 մլն դոլարի պայմանագիր՝ ռազմական տեխնիկայի, այդ թւում՝ «Շահեդ» անօդաչու թռչող սարքերի մատակարարման համար: 2025 թուականի ապրիլին Հայաստանը համատեղ զօրավարժութիւններ անցկացրեց Իրանի հետ:
Արեւելքում լարուածութեան աճը կարող է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր սրացման յանգեցնել: Օրինակ, հայաստանեան փորձագէտները մտահոգուած են, որ Իսրայելին եւ ԱՄՆ-ին Իրանի վրայ ճնշում գործադրելու հարցում օգնելու դիմաց Բաքուն կարող է աջակցութիւն ստանալ Հայաստանից տարածքային զիջումներ կորզելու հարցում կամ կարող է ուժ կիրառել Հայաստանի նկատմամբ՝ Իրանի դէմ ռազմական սրման դէպքում:
Լուսանկարը` REUTERS
Այնուամենանիւ, Հայաստանն ու Ադրբեջանը պատմական հնարաւորութիւն ունեն՝ վերջ դնելու երեք տասնամեակից աւելի տեւած պատերազմին. հակամարտութիւն, որը մեծացրել է նրանց կախուածութիւնը արտաքին դերակատարներից, այդ թւում՝ Ռուսաստանից: Հայերը կասկածում են Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիեւի՝ խաղաղութեան համաձայնագիր ստորագրելու մտադրութիւնների անկեղծութեանը։ Դրա պատճառը նոր պայմաններն են, ինչպէս նաեւ Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները եւ շարունակական ագրեսիւ հռետորաբանութիւնը։ Սակայն Հայաստանի հետ խաղաղութեան պայմանագիր կնքելը Ալիեւին հնարաւորութիւն կը տայ վերափոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքական հեռանկարը եւ հաստատել իր երկրի դերը՝ որպէս տարածաշրջանային տէրութիւն։ Եւրոպացիները պէտք է պնդէն այս պատմական հնարաւորութիւնը՝ օգտագործելով իրենց լծակները։ Դրանց թւում են ԵՄ-ի ներկայութիւնը սահմանին, ինչպէս նաեւ կապի նախագծերը եւ երկու երկրների հետ համագործակցութիւնը։ Այս ամէնը կարող է օգնել եւրոպացիներին խթանել խաղաղութեան պայմանագրի համաձայնեցուած տեքստի ստորագրումը եւ տարածաշրջանում հաղորդակցութեան կարգաւորումը։
Թարգմանութիւնը՝ Մարիա Սադոյեանի
Այս յօդուածը թարգմանուել եւ հրապարակուել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցութեամբ: Յոդուածում արտայայտուած մտքերը պարտադիր չէ, որ արտացոլէն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի կամ Օրակարգի տեսակէտները: