Արցախի ժողովուրդը երբեք ու երբեք ինքնակամ չէր լքի իր հազարամեակների հայրենիքը. ԱԱԺ նախագահ Աշոտ Դանիէլեան

Արցախի ժողովուրդը երբեք ու երբեք ինքնակամ չէր լքի իր հազարամեակների հայրենիքը. ԱԱԺ նախագահ Աշոտ Դանիէլեան

Հաջիևի յայտարարութիւնը իրականութիւնը խեղաթիւրելու ցինիկ փորձ է, այս մասին յայտարարել է Արցախի ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիէլեանը։

«Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը «Berliner Zeitung» գերմանական պարբերականին տուած հարցազրոյցում կրկին խեղաթիւրել է իրականութիւնը՝ յայտարարելով, թէ իբր «Ղարաբաղի հայերն իրենց կամքով են հեռացել» և «Ադրբեջանը պատրաստ էր նրանց վերաինտեգրել»։ Այս յայտարարութիւնը ոչ միայն իրականութեան կոպիտ աղաւաղում է, այլև ցինիկ փորձ՝ արդարացնելու պետական մակարդակով իրականացուած յանցագործութիւնը և համոզելու միջազգային հանրութեանը դրա օրինականութիւնը։

Անհերքելի իրականութիւնն այն է, որ Արցախի ժողովուրդը երբեք ու երբեք ինքնակամ չէր լքի իր հազարամեակների հայրենիքը։ Տասն ամիս տևած դաժան շրջափակումն ու դրա աղետալի հետևանքները, ինչպէս նաև 2023 թուականի սեպտեմբերի 19-ի ռազմական յարձակումը մարդկանց կանգնեցրել են յստակ ընտրութեան առջև՝ հարկադրաբար լքել սեփական բնօրրանը կամ ենթարկուել ֆիզիկական ոչնչացման։ Եւ սա էր Արդբեջանի առաջարկած «վերաինտեգրումը»՝ հպատակուել առանց իրաւունքների, առանց անվտանգութեան, առանց գոյատևման երաշխիքի։

Այս յանցաւոր վարքագիծը շարունակուում է նաև այսօր․ 23 հայեր՝ ներառեալ Արցախի Հանրապետութեան ռազմաքաղաքական ղեկավարութիւնը, որպէս պատանդ է պահուում ադրբեջանական բանտերում՝ ենթարկուելով կեղծ և շինծու դատավարութիւնների։ Սա վրէժխնդրութեան քաղաքականութեամբ առաջնորդուող բռնապետութեան դրսևորում է, որի նկատմամբ միջազգային հանրութիւնը դրսևորում է լռութիւն ու անգործութիւն։ Սա յանցաւոր լռութիւն է, որը միայն նպաստում է ապօրինութիւնների շարունակութեանը։ Երբ պատերազմական յանցագործութիւնները մնում են անպատիժ, դրանք վերածուում են քաղաքական գործիքի։

Այսօր հազարաւոր արցախցիներ ապրում են փախստականի կարգավիճակում՝ զրկուած ամէն ինչից, բայց ոչ յիշողութիւնից և արժանապատւութիւնից։ Պատմութիւնը մաքրուում է ճշմարտութեամբ, ոչ թէ քարոզչութեամբ։ Արցախահայութեան ձայնը չի լռելու՝ ոչ Հաջիևի և ոչ էլ նրա նման պաշտօնեաների մանիպուլյացիաներով ու կեղծիքներով»,- ասուում է յայտարարութիւնում։

Share