Յուլիս 15-ին՝ ժամը 14:00-ին, Երեւանում, Նեմեսիսի յուշարձանի հարևանութեամբ տեղի կունենայ ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական 12-րդ Համահայկական բանակումի պաշտօնական բացման արարողութիւնը:
Բացման արարողութիւնից անմիջապէս յետոյ մասնակիցները երթով շարժուելու են դէպի Հայաստանի առաջին Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի արձան, որտեղ դեղի կունենայ ծաղկեդրման արարողութիւն։
Բացման արարողութեանը ներկայ կլինեն ՀՅԴ Բիւրոյի, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամներ և ՀՀ ԱԺ պատգամաւորներ։
Ելոյթներով հանդէս կգան ՀՅԴ Բիւրոյի անդամ Յովսէփ Տէր Գևորգեանը, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը, Համահայկական բանակման պատասխանատու Մհեր Գարագաշեանը (Կանադա), ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութեան ներկայացուցիչ Ժոր Ավդալեանը։
ՀՅԴ Երիտասարդական համահայկական բանակումներն ունեն աւելի քան 40 տարուայ պատմութիւն: Առաջին համահայկական բանակումը տեղի է ունեցել 1983 թ. Յունաստանում: Նրան յաջորդել են 3 բանակումներ արտերկրի մէջ՝ 1984 թ., 1986 թ. եւ 1992 թ.: Ապա 7 բանակումներ վերանկախ հայրենիքում` Հայաստանի Հանրապետութիւնում եւ Արցախում, 1997 թուականից մինչեւ 2011 թ.:
12-րդ Համահայկական բանակումը գումարուում է մեր ազգի պատմութեան նշանակալից շրջափուլի ընթացքում: Հայրենի մեր ժողովուրդը բռնի տեղահանուած է իր հազարամեակների բնօրրանից՝ Արցախից, հայոց պետականութիւնը պատանդաւորուած է մնում՝ անձնատուր եւ թշնամակատար իշխանութիւնների կողմից, նրա տարածած պառակտման եւ ուրացումի քաղաքականութեան հետքերը թափանցել են սփիւռքի գաղութներ եւ վիհ առաջացրել հայրենիքի հետ:
Հայ ազգի արժէքային հիմնասիւները հարուածի տակ են գտնուում, իսկ հայ մարդը դէմ յանդիման է ճակատագրական երկընտրանքի առջեւ՝ պայքարե՞լ եւ արարե՞լ, թէ՞ ընկրկել եւ գոյատևելու նման գոյութիւնը քարշ տալ: Այս պայմաններում, ՀՅԴ Երիտասարդութիւնը պիտի հաւաքուի հայրենի հողում աշխարհի աւելի քան 16 երկրներում գործող 22 երիտասարդական եւ ուսանողական միութիւններից՝ 350 մասնակիցներով:
ՀՅԴ Երիտասարդները յստակ ուղերձ պիտի յղեն համայն հայութեանը եւ, մասնաւորապէս, հայ երիտասարդութեանն առ այն, որ ոչինչ աւարտած չէ, քանի դեռ մեր յաղթերգի ղողանջները չեն արձագանգել Արցախում, քանի դեռ մեր հայրենակիցները չեն վերադարձել տուն, քանի դեռ պայքարի ոգին ողջ եւ առոյգ է մեր մէջ, քանի տակաւին Միացեալ Հայաստանի տեսլականը շողում է մեր սրտերում ու արիւն հոսում մեր երակներում:
Երբ ժողովուրդներն իդեալ չունենան, կմնա ստրկութեան եւ ոչնչացման հեռանկարը:
Ուստի, այո՛, մենք ունենք իդեալ: Մենք հաւատում ենք մեր անկախութեանը, գիտակցում ենք մեր իրաւունքների անժամանցելիութիւնը եւ տէր ենք անկոտրում կամքի:
Մերժում ենք մեր վրայ պարտադրուած յարմարողականութեան շղթաները: Ընտրում ենք ներկան տեսնել որպէս նոր յաղթանակներ եւ նուաճումներ կերտելու հնարաւորութիւն: Հրաւիրում ենք հայրենի եւ սփիւռքահայ մեր բոլոր հայրենակիցներին միանալու մեր հաւաքին, որպէսզի գօտեպնդուենք իրարով եւ վերանորոգենք մեր ուխտը հայութեան արդար դատի համար:
Մեր համախմբուած ներկայութիւնը հայրենիքում արժանի պատասխան է մեր թշնամիներին եւ մեզ հալածողներին: Հայրենիքը ամէն բանից վեր պահող երիտասարդութեանը Հայրենիքից հնարաւոր չէ տարանջատել:
ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակ
14.07.2025թ.
Երևան
