
Վահէ Հովհաննիսեան
Այլընտրանքային նախագծեր խումբ
«Մեծարգոն» երէկ պաշտօնապէս յայտարարեց, որ Արցախից (թոկից) հրաժարուելը իր եւ իր թիմի առաքելութիւնն էր։
Սրանով նա, ըստ էութեան, ստանձնեց այդ «պատմական ձեռքբերման» պատասխանատուութիւնը։ Այնուհանդերձ, թիմի ներկայացուցիչներն իներցիայով շարունակում են արտասանել նախկին, հնացած հրահանգը, թէ՝ «Արցախը յանձնեցին դաշնակցութիւնը, նախկինները, ռուսները»։
Վստահաբար, սա խօսում է ինֆորմացիայի ուշ տեղ հասնելու փաստի մասին միայն։ Օրեր անց, երբ «առաքելութեան մասին» հրահանգը տեղ հասնի, հերթով հպարտանալու են իրենց՝ այդ «առաքելութեան մաս» լինելու փաստով։
Սա յատկապէս հետաքրքիր է վերջին օրերի ամենակարեւոր սպառնալիքի ֆոնին՝ այսքանից յետոյ հրապարակել բանակցային ամբողջ փաթեթը, յաւելեալ ինչ-որ նամակներ կամ գրագրութիւն։
Ինչքան էլ «սպառնալիքը» ուռճացուի, փիառուի, այն ի սկզբանէ ունի կանխատեսելի արդիւնք։ Ինչ էլ գրուած լինի 26-ամեայ բանակցային աշխատանքային թղթերում, քննարկուած-ընդունուած-լրամշակուած թղթերում, հաճելի-անդուր-վիճելի կէտէրում, վերջնարդիւնքում դրանք բոլորը ենթադրում էին, որ հայկական Արցախ ԼԻՆԵԼՈՒ էր, եւ 5000 զոհ ՉԷՐ ԼԻՆԵԼՈՒ։
Ինչ թուղթ էլ հրապարակուի, իրականութիւնը սա է։ 2018-ից մերժել են բոլոր բանակցային թղթերը եւ ստացել այսօրուայ պատկերը։ Սա է նրանց «առաքելութեան» ամբողջ բովանդակութիւնը։
