Արցախի Մարտունի քաղաքում nչնչացւել է Գարեգին Նժդեհի յուշարձանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի մշակութային ժառանգութեան մշտադիտարկում իրականացնող Monumentwatch.org-ը:
«Ադրբեջանում Կովկասի պատմութեան կենտրոնի տնօրէն Ռիզւան Հուսէյնովը 2025 թւականի մայիսի 17-ին իր տելեգրամեան ալիքում իր իսկ մեկնաբանութեամբ ու մասնակցութեամբ տեսանիւթ է հրապարակել, որտեղ յայտնում է Գարեգի Նժդեհի յուշարձանի ոչնչացման մասին՝ ներկայացնելով հերոսին որպէս Ֆաշիստ, իսկ յուշարձանի ոչնչացումը որպէս հերոսութիւն։ Հուսէյնովը նշում է նաեւ ՀՀ եւ Արցախի ազգային հերոս Մոնթէ Մելքոնեանի յուշարձանի ոչնչացման մասին։
Հարկ է նշել, որ ազգային հերոս Գարեգին Նժդեհի յուշարձանը գտնւում էր Արցախի Մարտունի քաղաքում։ Այն քանդակւել էր քանդակագործ Արմէն Պետրոսեանի կողմից եւ տեղադրւել 2020 թւականի սեպտեմբերի 26-ին։
Արցախի Մարտունու շրջանում տեղակայւած Գարեգին Նժդեհի արձանի ոչնչացումը «Զինւած հակամարտութիւնների ժամանակ մշակութային արժէքների պաշտպանութեան մասին» Հաագայի 1954 թ. կոնւենցիայի 4-րդ յօդւածի եւ լրացուցիչ՝ 1999 թ. ընդունւած Երկրորդ արձանագրութեան խախտում է։
Այն խախտում է նաեւ Հաագայի Արդարադատութեան միջազգային դատարանի պարտադիր ուժ ունեցող 2021 թւականի դեկտեմբերի 7-ի որոշումները, որով դատարանը պարտաւորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու եւ պատժելու վանդալիզմի եւ պղծման գործողութիւնները, որոնք վերաբերում են հայկական մշակութային ժառանգութեանը, ներառելով, բայց չսահմանափակւելով միայն եկեղեցիներով եւ պաշտամունքի այլ վայրերով, յուշարձաններով, տեսարժան վայրերով, գերեզմանատներով եւ արտեֆակտներով:
Յուշարձանի ոչնչացումը նաեւ խախտում է Միջազգային մարդասիրական իրաւունքի 38-րդ, 39-րդ, 40-րդ եւ 41-րդ կանոնները։ Յոյժ կարեւոր է ընդգծել այն հանգամանքը, որ Արդարադատութեան միջազգային դատարանը հաստատել է, որ օկուպացւած տարածքներում գործող օրէնքները՝ ներառեալ մշակութային արժէքների պաշտպանութեան դրոյթները, ձեռք են բերել միջազգային սովորութային իրաւունքի (infra Jurisprudence) կարգավիճակ, այսինքն գործում են որպէս համընդհանուր եւ անշրջանցելի կանոն եւ պարտադիր են բոլոր պետութիւնների համար»,- գրւած է կազմակերպութեան հրապարակած հաղորդագրութեան մէջ: