Թեհրանի Ալիք օրաթերթի խմբագիր՝ Արամ Շահնազարեանիի վկայութեամբ պատժամիջոցների սահմանումն ուղղակի ազդեցութիւն է թողել Իրանի տնտեսութեան վրայ:
ՄԱԿ-ը վերականգնել է Իրանի դէմ պատժամիջոցները։ Թեմայի շուրջ Alpha News-ը զրուցել է «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանի հետ։
«Այս պատժամիջոցները նոր չէն, դրանք սահմանուել էին Անվտանգութեան խորհրդի կողմից 2006-2010 թթ․ ընդունուած բանաձեւերով։ Դրանք 10 տարով սառեցուել էին 2015 թ․ ստորագրուած Համատեղ գործողութիւնների համապարփակ ծրագրի պայմանագրով, որը նախատեսում է դրանց ամբողջական չեղարկումը այս տարուայ հոկտեմբերի 18-ին։ Հիմա եւրոպական եռեակի նախաձեռնած գործընթացի արդիւնքում եւ ԱՄՆ անմիջական մասնակցութեամբ Անվտանգութեան խորհուրդը վերականգնել է այդ պատժամիջոցները։ Դրանք ընդգրկում են մի շարք միջոցառումներ, որոնք նպատակ ունեն սահմանափակել Իրանի միջուկային ծրագրի զարգացումը եւ խթանել միջազգային ճնշումները»,- ասել է Շահնազարեանը։
Նա նշել է, որ պատժամիջոցներն ընդգրկում են 3 հիմնական ոլորտներ։ «Դրանք են՝ Իրանի նաւթի եւ ֆինանսական միջոցների, ինչպէս նաեւ միջուկային ծրագրերի սահմանափակումները, մարդու իրաւունքների դէմ միջոցառումները»,- ասել է նա։
Շահնազարեանը յաւելել է, որ այս պատժամիջոցներն ուղղակի ազդեցութիւն են թողել Իրանի տնտեսութեան վրայ։ Ըստ նրա՝ այժմ Իրանի տնտեսութիւնը բաւականին լարուած վիճակում է գտնւում, եւ հեռանկարի հետ կապուած անորոշութիւններ կան։
